Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՈՐՈՇՎԵԼՈՒ Է ՓՈՂՈՑՈՒՄ»

Մարտ 30,2007 00:00

\"\"Վստահ է Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը

– Ձեր կուսակցությունը առաջին անգամ որպես քաղաքական ուժ պետք է մասնակցեր խորհրդարանական ընտրություններին, սակայն, փաստորեն, վերջին պահին դուք դուրս եկաք խաղից, պատճառը ո՞րն է:

– Մենք լրջորեն որոշել էինք մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որովհետեւ հավատացած ենք, որ մեր հասարակությանը ասելիք ունենք, հստակ ծրագիր ունենք, ունենք տեսլական երկրի զարգացման վերաբերյալ եւ ունենք կարող ուժեր՝ այդ տեսլականը իրականություն դարձնելու: Մենք մի քաղաքական ուժ ենք, որը էապես տարբերվում է այլ ուժերից: Սակայն քննարկումների արդյունքում մենք եկանք այն եզրակացության, որ այսօր ոչ ներքին իրավիճակը եւ ոչ էլ մեր հասարակությունը պատրաստ չեն քաղաքական ընտրությունների: Արմավիրում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները կարծես վերջին կաթիլն էին, որ հանգեցրին այն եզրակացության, թե երկրում գոյություն չունի քաղաքական դաշտ՝ որպես այդպիսին, եւ ընտրությունները որպես քաղաքական գործընթաց չեն անցնելու, այլ դարձյալ պիտի անցնեն այն բովանդակությամբ, որը, կարծում եմ, լուրջ գաղափարական պայքարի կամ գաղափարական ներկայության անհրաժեշտություն չի լինելու հերթական անգամ:

– Ի՞նչ նկատի ունեք, երբ ակնարկում եք Արմավիրի քաղաքապետի ընտրությունները:

– Նկատի ունեմ այն, որ թեպետ բոլորը, առաջին հերթին՝ իշխանական ուժերը, խոսում են արդար, ազատ եւ նորմալ ընտրությունների մասին, սակայն իրենք էլ դրան պատրաստ չեն եւ չունեն համապատասխան քաղաքական կամք. նորից ընտրությունների մասնակից են դառնում փողը, ընտրակաշառքը եւ մյուս բաները, որոնք ոչ մի լավ հեռանկար չեն խոստանում:

– Սակայն, երբ ձեր կուսակցությունը ԿԸՀ ներկայացրեց իր համամասնական ցուցակը, իրավիճակը դարձյալ նույնն էր, մի՞թե հավատում էիք, որ մի քանի օր հետո այն կտրուկ փոխվելու է:

– Ոչ, ի սեր Աստծո, մենք նման պատրանքներ չունեինք, մենք հստակ գիտեինք, որ այդ ամենը կա, որ չի վերանա, սակայն մտածում էինք, որ ընդդիմության չմիավորվելուց հետո կարող էր այլ իրավիճակ լինել, սակայն այդ ամենը կարծես տեղափոխվեց հետընտրական պրոցես, այսինքն՝ մայիսի 12-ից հետո: Ես կարծում եմ՝ մայիսի 12-ի ընտրությունների ճակատագիրը որոշվելու է փողոցում: Ընտրությունները որպես քաղաքական ինստիտուտ չեն կայացել Հայաստանում, սա էր պատճառը, որ որոշեցինք առայժմ մեր կուսակցության ամբողջ ռեսուրսը կենտրոնացնել կոնկրետ ընտրատարածքում, որտեղ ես եմ առաջադրվել:

– Դուք պնդում եք, որ ընտրությունների ճակատագիրը որոշվելու է փողոցում, սակայն արդեն նույնիսկ ամերիկացիներն են ասում, որ Հայաստանում չկան գունավոր հեղափոխության նախադրյալներ, այսինքն՝ նույնիսկ Արեւմուտքը չի հավատում, որ մեզանում հնարավոր է հեղափոխական իրավիճակ: Դուք, որպես արեւմտյան հայացքների կրող, ինչպե՞ս եք վերաբերվում այս կարծիքին:

– Կան շատ բաներ, որ նրանց տեսանելի չեն, մեզանում կան շատ ներքին խնդիրներ, որոնք յուրահատուկ են մեզ, ձեզ, այն մարդկանց, ովքեր ապրում են այս երկրում: Ամերիկյան տեսաբանները, քաղաքագետները շատ դասական են մտածում, հարցն այն է, թե մեր ժողովուրդը ցանկություն ունի՞ փոխել իր կյանքը, թե՞ հարմարվելու է այս ամենին, այն իրավիճակին, որը կլինի մայիսի 12-ից հետո: Սա կարող է ասել միայն ժողովուրդը:

– Դուք մեծամասնականով առաջադրվել եք թիվ 5 ընտրատարածքում, որտեղ հիմնական թեկնածուն Լեւոն Սարգսյանն է, նույն ինքը՝ Ալրաղացի Լյովիկը, ով արդեն վաղուց սկսել է ընտրակաշառքների եւ նվերների բաժանման գործընթացը, համայնքի դպրոցների եւ մանկապարտեզների ուսուցիչներին եւ դաստիարակչուհիներին արդուկներ եւ թեյնիկներ է բաժանում մարտի 8-ի առթիվ, հրավիրում է ռեստորան եւ այլն, այս ամենի դեմ դուք ի՞նչ եք ներկայացնելու ի հակակշիռ:

– Դուք, փաստորեն, հաստատեցիք այն, ինչ ես ասում էի, ինքս չեմ էլ պատրաստվում իմ ընտրողներին թեյնիկ կամ արդուկ բաժանել, դա իմ ոճը չէ, ես քաղաքական գործիչ եմ եւ հասարակությանը պետք է ներկայացնեմ իմ ծրագրերը, իմ գաղափարները, իմ հայացքները, եւ հասարակությունը պետք է որոշի, թե ում է ընտրում: Եթե ընտրողը պետք է ընտրի ռեստորանը կամ թեյնիկը, դա իր որոշումը կլինի, եւ հետո թող ոչ մեկին չմեղադրի, երբ այդ թեյնիկը կփչանա կամ՝ մի քանի հազար դրամը կվերջանա, այ, այն ժամանակ թող ընտրողը չասի՝ էս ովքեր են եկել իշխանության:

– Ընդդիմության մի շարք անդամներ արդեն հայտարարել են, որ այդ ընտրատարածքում պաշտպանելու են ձեր թեկնածությունը, դա ձեր հնարավորություններին կոնկրետ ինչ-որ բան ավելացնելո՞ւ է, թե՞ լինելու է զուտ բարոյական աջակցություն:

– Այո, կան այդպիսի հայտարարություններ, եւ կարծես թիվ 5 ընտրատարածքում ես դառնում եմ ընդդիմության միացյալ թեկնածու եւ կարծում եմ՝ թիվ 5-ը կլինի այն լակմուսի թուղթը, որը կներկայացնի ընտրությունների որակը: Ինքս հասարակության համար անհայտ մարդ չեմ, ինձ աջակցելու է ընդդիմության մեծամասնությունը, եւ, փաստորեն, պարզ կերեւա, թե 41-ից մեկում միացյալ թեկնածուի եւ փող բաժանողների հասարակական գնահատականը ինչպիսին կլինի:

– Վարչապետի փոփոխությամբ մեր երկրում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, թե՞ ամեն ինչ կմնա նույնը:

– Վարչապետից հետո շատ լուրջ բաներ կփոխվեն: Անդրանիկ Մարգարյանը միայն տեխնոկրատ վարչապետ չէր եւ միայն վարչապետի ֆունկցիա չէ, որ կատարում էր, նա, ի վերջո, իշխող կուսակցության ղեկավար էր եւ իր տեսակով կարողանում էր շատ երեւացող եւ չերեւացող հարցերի լուծումներ տալ: Վարչապետը շատ քաղաքական հարցերի սուր անկյունները հարթեցնողի արդարացված իմիջ ուներ: Անդրանիկ Մարգարյանի տեղը շուտ չի լցվի, այդ տեղը բավականին երկար դատարկ կմնա, որը քաղաքական դաշտում շատ լուրջ փոփոխությունների կհանգեցնի: Անդրանիկ Մարգարյանի բացակայությամբ քաղաքական դաշտը կոշտացավ եւ լուրջ ցնցումների հավանականությունն ավելի մեծացավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել