Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՌԱՐԿԱ ՉԷ

Մարտ 30,2007 00:00

Օրերս ասել էր ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը

Ըստ «Ռեգնում»-ի՝ այս պնդմանն Արմեն Աշոտյանը հավելել էր, թե Անդրանիկ Մարգարյանի միակ քաղաքական ժառանգորդը ՀՀԿ-ն է. «Այս ամբողջ իրարանցումը, իբր գոյություն ունեցող քաղաքական ու ներկուսակցական գործընթացների շուրջ պայքարը ընդամենը դրանցով զբաղվող մարդկանց անբարոյական եւ ցինիկ երեւակայության պտուղն է»: Փորձեցինք պարզել, թե ո՞վ է այս ակնարկների հասցեատերը, այդ ո՞ր ուժն է հայտ ներկայացրել վարչապետի քաղաքական ժառանգության նկատմամբ: Արմեն Աշոտյանը պարզաբանեց, թե իր հայտարարությունն «արված չէ ի պատասխան քաղաքական գործիչների հայտնած որեւէ կարծիքի, քանի որ նրանք՝ ի պատիվ իրենց անձնական հատկանիշների, շատ մարդկայնորեն ընկալեցին մեր ընդհանուր վիշտը, եւ գրեթե չասվեց քաղաքական սակարկության հավակնող որեւէ նախադասություն: Ես ավելի շատ արձագանքում էի որոշ լրագրողների մեկնաբանություններին, որոնք վերաբերում էին քաղաքական հետեւանքներին, ձայների տեղաբաշխմանը եւ այլ հարցերի, որոնք որեւէ աղերս չունեն որպես մարդու՝ Անդրանիկ Մարգարյանի կորստի հետ: ՀՀԿ-ն առայսօր սգում է նրա բացակայությունը եւ դեռ շատ երկար չի ամոքվելու մեր վիշտը: Ակնհայտ է, որ կլինե՛ն քաղաքական հետեւանքներ: Այս պարագայում հետեւանքը կլինի ուժերի կենտրոնացումը, ներկուսակցական վերադասավորումը եւ ուժեղներին բնորոշ գործելաոճը, այն է՝ համախմբվել ընդհանուր վշտի պայմաններում եւ փորձել անել այնպես, որ վարչապետը գոհ լիներ կուսակցությունից եւ իր կուսակիցների կատարած աշխատանքից»:

Էլեկտրոնային տարբեր կայքէջեր այս օրերին հարցումներ են անցկացնում, թե ի՞նչ ազդեցություն կունենա Անդրանիկ Մարգարյանի մահը ներքաղաքական իրավիճակի վրա: Պատասխանների մի շարք տարբերակներ կան՝ ՀՀԿ դիրքերը կուժեղանան կամ կթուլանան, կառավարությունը կհայտնվի ճգնաժամի մեջ, կլարվի տնտեսական կամ քաղաքական մթնոլորտը, ընտրություններից առաջ կլինեն քաղաքական վերադասավորումներ, եւ վերջապես՝ ոչինչ չի փոխվի: Մեր հարցին, թե սրանցից ո՞ր մեկի օգտին կքվեարկեր ինքը՝ ՀՀԿ խորհրդի անդամը պատասխանեց. «Պատասխանների տարբերակները կաղապարում են ինձ: Միգուցե՝ համակարգչային սովորական user-ը կարող է ընտրություն անել դրանց միջեւ: Իսկ ես, որ մեծ երջանկություն եմ ունեցել ոչ միայն աշխատել, այլ նաեւ շփվել ու կյանքի որոշակի ժամանակահատված վերապրել վարչապետի հետ՝ որեւէ բնութագիր չեմ կարող համապատասխանեցնել այն զարգացումներին, որոնք կանխատեսում եմ: Չի՛ կարող ոչինչ չփոխվել, քանի որ կյանքից հեռացել է մի կարեւոր գործոն ոչ միայն կուսակցության, այլեւ ողջ պետության համար: Իսկ նրա բացակայության ազդեցությունը մեղմացնելու նպատակով ՀՀԿ-ն համախմբելու է իր ողջ ներուժը՝ կազմակերպական ու բարոյական»:

Կանխատեսումներ կան, թե կատարվածից հետո ՀՀԿ-ում էականորեն կթուլանա հին հանրապետականների ազդեցությունը եւ առավել ազդեցիկ կդառնան քաղաքական պատեհապաշտությունից ելնելով՝ Սերժ Սարգսյանից հետո ՀՀԿ շարքերը համալրածները: «Սա շարունակությունն է այն սերիալի, որը սկսվել է մեր վերջին համագումարից հետո,- նկատեց Արմեն Աշոտյանը:- Իրականում կուսակցության ներսում չկա նման բաժանում՝ հին ու նոր հանրապետականներ, վարչապետականներ ու սարգսյանականներ: Եվ մանավանդ համատեղ աշխատանքի ամիսների ընթացքում նշմարվում է վերջնական քաղաքական համաձուլվածք ստանալու պատկերը: Հետեւաբար՝ եթե չկա նման բաժանում, չի կարող լինել նաեւ որեւէ մի թեւի ուժեղացում կամ թուլացում: Իհարկե, շատ շնորհակալ եմ ՀՀԿ-ի ճակատագրով բոլոր անկեղծ մտահոգությունների համար, բայց նաեւ կան տեսակետներ, որոնք այնքան էլ ազնիվ մղումներով չեն նետվում հրապարակ»:

«Նոր ժամանակների» առաջնորդ Արամ Կարապետյանն ասել էր, թե Անդրանիկ Մարգարյանի մահից հետո քաղաքական դաշտն ամբողջությամբ դարձել է սեւ ու սպիտակ. «Իշխանությունների համար վարչապետի ամենահարմար թեկնածուն հենց Սերժ Սարգսյանն է: Ես կարծում եմ, որ դրանով մեզ համար իդեալական իրավիճակ է ստեղծվում. առաջին անգամ մենք ունենալու ենք թիրախ… Հիմա կառավարման համակարգում երկուսը հստակ պատասխանատու են, եւ ստեղծվել է շատ ագրեսիվ, ակտիվ ու շատ ուժեղ քաղաքական կուրս վարելու մի վիճակ»: ՀՀԿ խորհրդի անդամն այս կապակցությամբ ասաց. «Հայաստանում քաղաքական համակարգը՝ իշխանական բուրգի տեսանկյունից, գրեթե չէր փոխվել 2000-ից մինչ այսօր: 7 տարի շարունակ եղել է իշխանական գրեթե նույն բանաձեւը, եւ այն ընդդիմությանը չի խանգարել 2003-ին, 2004-ին եւ 2005-ին բավական դաժան քննադատության եւ ագրեսիվ քարոզչության թիրախ դարձնել այդ քաղաքական համակարգը: Իհարկե, վարչապետի հեղինակությունն այնքան մեծ էր, որ նաեւ ընդդիմության առաջնորդներն էին ընդունում նրան: Եվ հավասարակշռման բացակայություն ենք զգալու մեր քաղաքական համակարգում: Բայց դժվար է կանխատեսել՝ արդյոք ընդդիմության քարոզարշավի համար այսպիսով ստեղծվում են ավելի նպաստավո՞ր պայմաններ, քանի որ վարչապետը ոչ միայն ընդդիմությունից դեպի իշխանություն եկող բացասական իմպուլսների չեզոքացնողն էր, այլ նաեւ հակառակ ուղղությամբ եկող իմպուլսների չեզոքացնողը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել