Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացիները «դասեր» են տալիս

Մարտ 29,2007 00:00

Իսկ հայկական իրականությունը կարծես չի փոխվում

Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր դիրեկտորատը եւ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ-ն կազմակերպել էին Եվրոպական կոնվենցիայի մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին վերաբերող հոդվածների քննարկում: Քննարկմանը մասնակցում էին ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր դիրեկտորատի ծրագրերի խորհրդական Կլեմենտինա Բարբարոն, տեղական եւ ԵԽ փորձագետներ, հայաստանյան հ/կ-ներ:

Քննարկմանը ներկա ԵԽ փորձագետ Գայ Վասել-Ադամսը խոսեց Եվրոպայում անցկացված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների առանձին դեպքերի ուսումնասիրությունների մասին: Նա շեշտեց, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատ արտահայտվելու ցանկացած խնդրի վերաբերյալ, եւ սա՝ ինքնարտահայտման իրավունքը, մարդու հիմնարար իրավունքներից է, ինչպես խոսքի ազատությունը: Նա նշեց, որ երբեմն մարդիկ կարող են ունենալ «ցնդած» գաղափարներ, նրանք հնարավոր է ցանկանան վրդովմունք արտահայտել որեւէ քաղաքական գործչի հանդեպ, ինչը գուցեեւ ցնցի հասարակությունը: Ամեն դեպքում, յուրաքանչյուր ոք, անկախ ամեն ինչից, իրավունք ունի արտահայտվելու: «Ցնդած գաղափարները չեն ընդունվում, եթե սահմանափակվում են որեւէ օրենքով կամ ժողովրդավարական հասարակությանը վնաս են հասցնում»,- հայտնեց պրն Գայ Վասել-Ադամսը: Նա խոսեց նաեւ դատական գործընթացների, մասնավորապես՝ ԶԼՄ-ներում հրապարակումների առիթով եղած դատական գործերի մասին. «Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների կառուցվածքը գրեթե նույնն է. մարդիկ ունեն ազատություններ՝ խղճի, մտքի, կրոնի եւ այլն: Կարեւոր է, որ այդ գործերը քննության առնելիս՝ դատավորները հավատարիմ մնան Եվրոպական կոնվենցիայի համապատասխան հոդվածներին եւ, օրինակ, չխոչընդոտեն խոսքի ազատությանը»: Ըստ նրա, մեծ տարբերություն կա քաղաքական գործչի եւ հասարակ քաղաքացու միջեւ. «Եթե մարդ որոշել է դառնալ քաղաքական գործիչ, պիտի պատրաստ լինի նրան, որ իր կյանքի մանրամասները քննարկվելու են: Լրագրողները քննադատելով, գովերգելով կամ մեղադրելով քաղաքական գործիչներին, արտահայտում են իրենց կարծիքը: Սակայն մամուլի ներկայացուցիչները պարտավոր են լսել նաեւ քաղաքական գործիչներին»:

ԵԽ փորձագետ Ջոնաթան Միտչելն էլ խոսեց մտքի, խղճի, կրոնի եւ արտահայտվելու ազատության ու խոշտանգումների արգելման մասին: Նա նշեց, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, նվաստացման կամ անարդարացի պատժի՝ մտքի, խղճի եւ այլ ազատությունների համար: Նշենք, որ այս ամենը ՀՀ սահմանադրության մի շարք հոդվածներում եւս ամրագրված է, այլ հարց է, որ դրանք չեն գործում:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ-ի նախագահ Ստեփան Դանիելյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ նման քննարկում-սեմինարներ ԵԽ փորձագետները տարբեր երկրներում հաճախ են կազմակերպում՝ հատկապես հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, քանի որ կարեւորում են նրանց դերը մարդկանց իրավունքների պաշտպանության հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել