Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատասխանը դոկտորներին
Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորատի նիստում քննարկվեց «Առավոտ» օրաթերթում (22.03. 2007) տպագրված «Մանկավարժականում վնասվում են պետական շահերը» վերնագրով Բաց նամակը՝ ուղղված ՀՀ եւ ԱԺ նախագահներին, ՀՀ գլխավոր դատախազին: Նամակագիրներից մեկը՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աղասի Խաչատրյանը, այն ժամանակվա ինստիտուտի մարքս-լենինյան փիլիսոփայության ջատագովն ու ամբիոնի վարիչը, 1985թ. ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ կոլեկտիվում անառողջ մթնոլորտ ստեղծելու, ինստիտուտի ղեկավարության գործունեության դեմ խմբակային պայքար կազմակերպելու, ինչպես նաեւ նախկինում աշխատանքային ու կատարողական խախտումների դեմ կիրառված կարգապահական ներգործության միջոցներից անհրաժեշտ հետեւություն չանելու համար: Ամբիոնի վարիչի մրցույթով անցնելու նրա հույսերը ի դերեւ են ելել, որովհետեւ քվեարկողների մեծամասնությունը մերժել է նրա թեկնածությունը: Մյուս հոդվածագիրը՝ պատմական գիտությունների դոկտոր Պողոս Սիմոնյանը, որ բոլորել է կյանքի 70 տարին, շուրջ 30 տարի աշխատում է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, որից 20-ը՝ որպես պատմության եւ աշխարհագրության ֆակուլտետի դեկան, երկար տարիներ ղեկավարել է «պատմություն» առարկայի ընդունելության քննական հանձնաժողովը: Ահա ինչու իրեն տանջող քննական «կարոտախտը» ջանասիրաբար հերյուրանքների է վերածում «Առավոտ» օրաթերթում: Բաց նամակում համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը մեղադրվում է մի շարք «կոնկրետ» փաստերի կապակցությամբ:
Այսպես, «իրավագիտություն» մասնագիտությամբ 30-ի փոխարեն ընդունվել է 100-ը, իսկ «պատմություն» մասնագիտությամբ՝ 30-ի փոխարեն՝ 120-ը, որպես փաստ ներկայացնում են հոդվածագիրները: Պատմագիտության դոկտոր, երկարամյա ստաժով դեկան եւ հեռակա ուսուցման ընդունելության քննությունների «կարոտախտով» տառապող Պ. Սիմոնյանը չգիտի՞, որ բոլոր մասնագիտությունների գծով պետական բուհերի առկա եւ հեռակա ուսուցման նախապես որոշված, ինչպես նաեւ լրացուցիչ տեղերը հաստատվում են ոչ թե ռեկտորների, այլ ՀՀ ԿԳ նախարարության կողմից եւ որ Մանկավարժական համալսարանը դեռեւս չի հասել ԿԳ նախարարության կողմից հեռակայի համար հատկացված ընդունելության քանակի սահմանագծին:
Հեռակա համակարգում սովորողների մի ստվար մասը «օպտիմալացված» ուսուցիչներն են, որոնց բուհը ձեռք մեկնեց մանկավարժական կրթություն ստանալու: Ուսանողական տեղափոխությունները կատարվում են կանոնակարգի համաձայն, ինչո՞ւ է դա շարժում նրանց զայրույթը, երբ, հատկապես մեր օրերում, Բոլոնիայի ծրագրով խրախուսվում է ուսանողների ազատ տեղափոխությունն ապահովող գործընթացը: Սույն տրամաբանությամբ ուսանողն իրավունք ունի փոխելու նաեւ իր մասնագիտությունը: Կանոնակարգը ներքին եւ բուհից բուհ ուսանողի տեղափոխության դեպքում ընդունելության քննությունների տարբերությունը հաշվի չի առնում: Սահմանված է տեղափոխվելու համար առարկայական տարբերությունների որոշակի քանակ: Ինչ վերաբերում է «ընդհանուր պատմության» պետական քննության ժամանակ գնահատականների «կեղծիքին», իրականում հանձնաժողովը քննարկել է այդ հարցը ԿԳ նախարարության ներկայացուցիչ Ս. Մելիքյանի ներկայությամբ եւ նույն օրը եւեթ որոշել ընդառաջել ուսանողներին: Տարօրինակ է, երբ մարդիկ զարմանում են Աղավնաձորի ուսումնամարզական բազայի մարզական գույքի ձեռքբերման համար, «փորփրում» գնացուցակը, համարում «շռայլություն», երբ հազարավոր դասախոսներ եւ ուսանողներ հանգստանում են այնտեղ եւ արժանի են այդպիսի շռայլության: Դառնանք «վաստակաշատ գիտության դոկտորների հալածանքին»: Մի՞թե ռեկտոր Արտուշ Ղուկասյանը մեղք ունի, որ կանոնակարգը 65-ը լրացած դասախոսին չի թույլատրում մասնակցել դեկանի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին, բայց 70-ի շեմը «հաղթահարած» մարդկանց համար, այնուամենայնիվ, փորձում է աշխատելու ելքեր գտնել: