Լրահոս
Օրվա լրահոսը

Չբեր հարսներին հորական տուն մի ուղարկեք

Մարտ 29,2007 00:00

\"\"Նրանք հանգիստ կարող են երեխա ունենալ, ընդ որում՝ ավելի խելացի ու առողջ

Վերջին տարիներին Հայաստանում կանանց չբերության եւ տղամարդկանց ամլության ցուցանիշները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Եթե նախկինում չբերության համար հարսին հետ էին ուղարկում հոր տուն կամ զույգերը փոխադարձ համաձայնությամբ բաժանվում էին, այժմ արդեն արհեստական կամ դոնորով բեղմնավորումը լուծում է կնոջ եւ տղամարդու չբերության խնդիրը: Մեր երկրում արհեստական բեղմնավորմամբ արդեն 100 երեխա է ծնվել: Նման ճանապարհով առաջին ծնունդը եղել է 4 տարի առաջ, ընդ որում՝ ծնվել է եռյակ: Ընդհանրապես, արհեստական բեղմնավորման դեպքում շատ է պատահում, երբ երկվորյակ կամ եռյակ է ծնվում: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում պատմեց Երեւանի մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի լաբորատոր ախտորոշման բաժնի ղեկավար, կլինիկական սաղմնաբան Կարեն Ջինանյանը: Ըստ նրա, հայկական ընտանիքները աստիճանաբար հաշտվում են այն մտքի հետ, որ չբերության դեպքում կարող են արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ: «Անգամ եղել է դեպք, երբ չբեր ամուսինները գյուղից են եկել եւ ցանկացել են այդ մեթոդով երեխա ունենալ: Ճիշտ է, նրանք խնդրել են, որ հանկարծ այդ մասին, իրենցից բացի, որեւէ մեկը չիմանա, քանի որ շատերի կողմից այն ճիշտ չի ընկալվում, բայց արդեն ուրախալի է, որ մարզերում էլ են ընդունում այդ տարբերակը»:

Կարեն Ջինանյանի խոսքերով, շատ երկրներից են գալիս Հայաստան՝ արհեստական ճանապարհով բեղմնավորվելու, քանի որ այստեղ գները, արտերկրի համեմատությամբ, մոտ 20 անգամ էժան են. մեր երկրում 700-1000 դոլարով կարող ես երեխա «ստեղծել»:

Կ. Ջինանյանի տվյալներով՝ Հայաստանում տարեկան իրականացվում է մոտ 300 արհեստական բեղմնավորում, բայց միայն 30%-ին է հաջողվում երեխա ունենալ. «Եթե առաջին անգամ չի ստացվում, ապա պետք է երկրորդ, երրորդ անգամ փորձել: Օրինակ, արտասահմանում 7-8, նույնիսկ 10 անգամ են դիմում, որովհետեւ հավատում են, որ անպայման կստացվի, իսկ մեզ մոտ երկրորդ անգամ չեն դիմում, որովհետեւ կամ հիասթափվում են, կամ էլ գումար չունեն, դրա համար էլ մեզ մոտ բեղմնավորման արդյունավետությունը ցածր է: Երբ արհեստական հղիությունը հաջողվում է, զույգերը նորից են դիմում ու ուզում են նորից նույն ճանապարհով երկրորդ, երրորդ երեխան ունենալ»:

Հայաստանում հիմնականում արհեստական բեղմնավորման են դիմում այն զույգերը, ովքեր 10-15 տարի երեխա չեն ունեցել: Ընդհանուր առմամբ արհեստականորեն երեխա «ստեղծելու» գործընթացը, ըստ բժշկի, տեւում է 1 ամիս: Կնոջից վերցնում են ձվաբջիջը եւ 2-3 օր լաբորատոր պայմաններում բեղմնավորում տղամարդու սերմի հետ, որն էլ վերածվում է սաղմի: Այս ամենից հետո պատրաստի սաղմը տեղադրվում է կնոջ արգանդի մեջ եւ 9 ամիս անց կինը ծննդաբերում է: Կարեն Ջինանյանի խոսքերով՝ արհեստական բեղմնավորման դեպքում երեխան շատ ավելի առողջ եւ խելացի է լինում, քան բնական ճանապարհով ծնվածները, որովհետեւ իրենք ընտրում են տղամարդու լավագույն սերմը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել