Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ

Մարտ 29,2007 00:00

\"\"Ձայնի համար շիրակցի ընտրողներին շոր են առնում, բժշկի տանում եւ նպաստառու են դարձնում

Այս օրերին Գյումրիում կուսակցությունները՝ տնետուն ընկած, մարդկանց քեֆ ու հալ են հարցնում: Նրանք անգամ համատիրությունների գործառույթներն են իրենց վրա վերցրել եւ բազմաբնակարան շենքերի մուտքերն են վերանորոգում, դռներն են փոխում: Բացի այդ, մարդկանց խոստանում են նպաստառուների ցուցակում ընդգրկել, պետպատվերով բուժօգնություն տրամադրել եւ այլն: Գյումրեցիներն էլ իրենց չեն կորցնում եւ աշխատում են, որքան հնարավոր է, կուսակցությունների «բարեգործություններից» օգուտ քաղել:

Օրերս Գյումրիի Անտառավան թաղամասի բնակիչները հայտարարել են, որ իրենք որոշել են ընտրությունները բոյկոտել, քանի որ չեն պատրաստվում դեպի ընտրատեղամաս տանող քարուքանդ ճանապարհով գնալ ընտրելու: Այս բողոքը լսելուն պես մի քանի թեկնածուների, մասնավորապես՝ հանրապետական Աշոտ Աղաբաբյանի եւ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի կուսակիցները ոտուձեռ են ընկել եւ շտապել ճանապարհը բարեկարգել: Նույնիսկ բողոքի օրն արդեն ճանապարհը խճապատել են, որպեսզի հանկարծ ոչ մի ձայն չկորցնեն: Տեսնելով, որ այս օրերին ամեն մի բողոք հետեւողական լուծում է ստանում՝ Գյումրիի Շինարարների փողոցի բնակիչներն էլ են ոտքի ելել ու պահանջել, որ իրենց ճանապարհներն էլ վերանորոգեն, հակառակ դեպքում սպառնում են չընտրել:

Նշյալ փողոցի բնակիչների պատմելով՝ հանրապետականները ցուցակները ճշգրտելու պատրվակով մտնում են բնակարանները եւ հարցնում, թե ինչի՞ կարիք ունեն: Տնակում ապրող բնակիչներից մեկն էլ, առիթից օգտվելով, հանրապետականներից տուն է ուզել, ինչին ի պատասխան, ՀՀԿ-ի պատվիրակը նետել է՝ «հայ-հայ, էդ խեղճ Աշոտ Աղաբաբյանը պատգամավոր դառնալու խաթր բոլորիդ տուն պիտի առնի՞»:

Աշոցքի շրջանի որոշ բնակիչներ էլ պատմում են, որ իրենց մոտ պատգամավորի թեկնածուներն էժան են պրծնում, լավագույն դեպքում բնակիչներին տանում են հագուստի շուկա եւ նրանց համար շոր գնում: Ձայնը շորով գնելու «ավանդույթը», ըստ Աշոցքի բնակիչների, մնացել է նախորդ ընտրություններից: Հիշեցնենք, որ Աշոցքի ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Աշոտ Աղաբաբյանը բնակիչներին խոստացել էր հեռուստաաշտարակ նվիրել, որպեսզի նրանք հնարավորություն ունենան, բացի Հանրային հեռուստատեսությունից, եւս մի քանի ալիք դիտել: Պատգամավորը պատրաստվում է հեռուստաաշտարակը տեղադրել ապրիլին՝ քարոզարշավի ժամանակ:

Գյումրիի Տեքստիլ թաղամասում էլ «Օրինաց երկիրն» է իր «բարեգործություններով» աչքի ընկնում: Այս կուսակցության ներկայացուցիչները շենքերի մուտքերում թանկարժեք դռներ են տեղադրում:

Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանը «Առավոտի» հետ զրույցում նման «բարեգործությունները» ընտրակաշառք որակեց՝ ասելով. «Այսօր մեր տեղական հեռուստաեթերը հեղեղված է թեկնածուներին գովաբանող ֆիլմերով: Հեռուստաընկերությունները կարող են արդարանալ, որ իրենք քաղաքական գործչի, անհատի կամ ինչ-որ սպորտային կազմակերպության ղեկավարի գործունեությունը ներկայացնող ֆիլմ են ցուցադրում, բայց իրականում ամենահիմարն էլ կհասկանա, որ նախընտրական ժամանակաշրջանում նման ֆիլմերը գովազդային տեսահոլովակներ են: Իմ՝ ընտրական հանձնաժողովի նախագահ եղած ժամանակաշրջանում ես չեմ հիշում մի դեպք, որ թեկնածուն մինչեւ իր գրանցումը իրավունք ունենար իր մասին տեսահոլովակ ցուցադրելու: Նախկինում այդ խնդիրը օրենքով հստակ կարգավորված էր: Սակայն ընտրությունների կեղծման մեխանիզմը տարիների ընթացքում կատարելագործեցին՝ կամակատար խորհրդարանի միջոցով, ընդունելով համապատասխան օրենքներ, սկսած նոր «բարեփոխված» սահմանադրությունից, որի պտուղները մենք այս պահին ճաշակում ենք: Դրա համար էլ այսօր լուրջ գաղափարներ տարածելու փոխարեն ժողովրդին փորձում են դուր գալ էժան, կենցաղային «բարեգործություններով», օրինակ՝ փոս լցնելով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել