Ռուսաստանի ԱԳ նախարարությունը երեկ իր պաշտոնական կայքում զետեղել է ՌԴ արտաքին քաղաքականության հերթական տեսությունը՝ կազմված միջազգային ներկա իրողությունների լույսի տակ: Դրանում մի շարք ուշագրավ արձանագրումներ կան, որոնք, անշուշտ, կհետաքրքրեն մեր ընթերցողներին: Ստորեւ ներկայացնենք որոշ, ըստ մեզ՝ էական պատառիկներ վերոհիշյալ փաստաթղթից:
Եվ այսպես: Տեսության մեջ նշված է, որ հարավկովկասյան տարածաշրջանը կարեւոր նշանակություն ունի Ռուսաստանի տարածքային ամբողջականության եւ ազգային անվտանգության ապահովման տեսակետից: Մինչդեռ իրավիճակն այդ ռեգիոնում մնում է լարված, իսկ ինչ վերաբերում է Վրաստանին` պայթյունավտանգ: «Միխայիլ Սահակաշվիլու գլխավորած ղեկավարության քաղաքականությունը կառուցված է էթնիկ ազգայնականության վրա եւ վայելում է մի շարք արեւմտյան երկրների, նախեւառաջ՝ ԱՄՆ-ի աջակցությունը»: Վրաստանը հույս ունի «սառեցված հակամարտությունների» թեմայի քննարկման մեջ ներգրավել եվրատլանտյան կառույցները՝ դրանով իսկ արագացնելով կարգավորումն իր պայմաններով, այն է՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կարգավիճակի՝ իբրեւ Վրաստանի ունիտար պետության բաղադրիչ մասերի ամրագրում: ՀՀ-ի մասով, մասնավորապես, նշված է. «Հայաստանի հետ հարաբերությունները կայուն դաշնակցային բնույթի են: Նա մեր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում, Համագործակցության ինտեգրման միջուկի մի մասը: Մենք կձգտենք Հայաստանի տրանսպորտային շրջափակման մեղմացմանը եւ էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացմանը»: Ըստ տեսության, Ադրբեջանը եւս ՌԴ-ի կարեւոր ռազմավարական գործընկերն է «մոտակա եւ երկարաժամկետ հեռանկարի համար»: «Մեր հարաբերություններում հաստատված հարգալից տոնը, վստահության եւ իրավահավասարության մթնոլորտն իրենց արդարացրել են: Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է շարունակել Ռուսաստանի հետ մերձեցման գիծը»,- ասված է փաստաթղթում: Ինչպես կարծում են ՌԴ ԱԳՆ-ում, վրաստանյան հակամարտությունների ֆոնին ԼՂ խնդրի կարգավորումը պակաս սուր հարց է թվում. «Ներկա գիծը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում Վաշինգթոնի եւ Փարիզի հետ համատեղ գործողությունները՝ ի պաշտպանություն Բաքվի ու Երեւանի ուղիղ բանակցությունների, թվում է օպտիմալ»,- արձանագրում է տեսությունը:
Կոսովոյի մասին: «Կոսովոյի անկախ պետության կազմավորումը հղի է լուրջ բարդացումներով Եվրոպայի կայունության համար: Այդ հարցում միակողմանի որոշման պարտադրման դեպքում մենք ՄԱԿ-ի ԱԽ-ում չենք պաշտպանի այն: Դա հղի է բացասական հետեւանքներով տարածաշրջանային եւ միջազգային կայունության համար»,- նշված է ՌԴ ԱԳՆ տեսության մեջ: