Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ ՉԿԱ՞

Մարտ 29,2007 00:00

Բայց լավ կլինի, եթե կառավարության ձեւավորման ու ծրագրի ներկայացման գործընթացն իրականացվի ամենասեղմ ժամկետներում:

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սահմանադրության համաձայն, մինչեւ ապրիլի 5-ը դեռ ժամանակ ունի վարչապետ նշանակելու համար, ինչին պետք է հետեւի նոր կառավարության ձեւավորումը: Սակայն եթե այս գործընթացը ձգձգվի, եւ նշանակումներն արվեն սահմանված առավելագույն ժամկետներում՝ առաջանալու է բավական անհեթեթ մի իրավիճակ:

Պարզաբանենք: Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը կառավարության ձեւավորման համար նախատեսում է 20-օրյա ժամկետ, այսինքն՝ առավելագույն ժամկետը տվյալ դեպքում ապրիլի 25-ն է: Եվս 20-օրյա ժամկետ է նախատեսված, որ այդ նոր կազմավորված կառավարությունը մշակի իր գործունեության ծրագիրը եւ ներկայացնի Ազգային ժողով: Կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալու հարցը պետք է քվեարկության դրվի այն ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում: Այս ժամանակացույցով՝ նոր կառավարությունը խորհրդարան ծրագիր պետք է ներկայացնի ԱԺ ընտրություններից 2 օր անց՝ մայիսի 14-ին: Հարցական է, թե ինչպե՞ս է այս պայմաններում ԱԺ-ի նիստ գումարվելու եւ քվորում ապահովվելու, որ հաստատվի նոր ձեւավորված կառավարության ծրագիրը: Սակայն այսքանով չի սահմանափակվում իրավիճակի անհեթեթությունը: Այդ կառավարությունը կունենա երկշաբաթյա կյանք, քանի որ ԱԺ ընտրությունների արդյունքում ձեւավորվելու է ուժերի այլ դասավորություն: Իսկ Սահմանադրության 55-րդ հոդվածի նույն 4-րդ կետի համաձայն՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը, տվյալ դեպքում՝ մայիսի 31-ին, կառավարությունը պետք է վայր դնի լիազորությունները, եւ պիտի ձեւավորվի նոր գործադիր մարմին:

Արդյոք այս ամենը սահմանադրական ճգնաժամի նշաննե՞ր չեն: Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության ղեկավար, սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանն ասաց. «Որեւէ սահմանադրական ճգնաժամի մասին խոսք լինել չի կարող՝ Սահմանադրությունը սահմանել է հստակ ժամկետներ: Եվ եթե այս ֆորս-մաժորային վիճակում ստացվել է մի այնպիսի իրավիճակ, որ կառավարության ծրագիրը կարող է հաստատվել Ազգային ժողովի ընտրություններից հետո, ապա դա իսկապես չի կարելի անվանել փակուղային իրավիճակ կամ սահմանադրական ճգնաժամ: Նման իրավիճակներ կարող են առաջանալ, եւ տվյալ դեպքում լուծումները բավական հեշտ են: Կառավարությունը պարզապես պետք է ներկայացնի իր գործունեության ծրագիրը (այլ հարց է, թե Ազգային ժողովը կհավաքվի՞ նիստի, թե՞ չի հավաքվի): Ի վերջո, խոսքը մի կառավարության կյանքի մասին է, որը տեւելու է մինչեւ մայիսի 31-ը: Հետեւաբար, նման կառավարության ծրագրի հաստատումն ավելի շուտ ձեւականություն է, քան թե ունի ինչ-որ բովանդակային իմաստ»:

Այնուամենայնիվ, արդյոք անհեթեթ իրավիճակից խուսափելու եւ հանգուցալուծելու ելքն այն չէ՞, որ ՀՀ նախագահն ավելի սեղմ ժամկետներում ձեւավորի կառավարությունը, եւ ԱԺ-ն մինչեւ ընտրությունները քննարկի կառավարության ծրագիրը: «Կարծում եմ, որ ցանկացած դեպքում է հանգուցալուծված,- պնդեց սահմանադրական իրավունքի մասնագետը:- Ըստ էության՝ այս խորհրդարանի լիազորությունների ժամկետը տեւում է մինչեւ նորընտիր ԱԺ-ի առաջին նիստի օրը: Այսինքն, ըստ Սահմանադրության՝ այս խորհրդարանը դեռ կարող է նիստեր անել, օրենքներ ընդունել, եւ այդ առումով՝ լեգիտիմ ԱԺ է: Չի կարելի ասել, թե մայիսի 12-ից հետո այս խորհրդարանը չի լինելու՝ նրա գործունեությունն անընդհատ է: Հետեւաբար՝ այսօրվա գործող ԱԺ-ն, իհարկե, իրավասու է նաեւ հավանություն տալու կամ չտալու կառավարության ծրագրին: Որեւէ խնդիր չկա: Բայց իսկապես՝ նախագահը կարող է չօգտվել այդ բոլոր ժամկետներից եւ ավելի արագ իրականացնել վարչապետի նշանակումը կամ կառավարության ձեւավորումը: Իսկ կառավարության ծրագրի ներկայացումը կարելի է անել առավե՛լ արագ»:

Արդյոք կա՞ իրավական որեւէ խոչընդոտ, որ կազմվելիք կառավարությունը չներկայացնի նոր ծրագիր։ Այսինքն՝ կարո՞ղ է, ասենք, Սերժ Սարգսյանի կառավարությունը ԱԺ դատին հանձնել բառացիորեն նույն ծրագիրը, որը որդեգրել էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը։ Մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ Վարդան Պողոսյանն ասաց. «Նոր կառավարության ծրագրում կարող են ուղղակի նշել, թե շարունակելու են նախորդ կառավարության գործունեությունը: Չէ՞ որ խոսքն ընդամենը 15 օրվա կամ 1 ամսվա մասին է: Կարծում եմ, կարող են ներկայացնել ընդամենը մի քանի տողանոց ծրագիր»:

Այս բոլոր գործընթացներն այժմ թվում են զուտ ձեւական, սակայն երեկ իշխանական թերթերից մեկը հրապարակեց մի ակնարկ, թե կարող են լինել որոշ փոփոխություններ: Ըստ այդմ՝ թեեւ ձեւավորվելիք կառավարության կազմը էական փոփոխությունների չի ենթարկվելու, այն հիմնականում պահպանվելու է եւ կազմավորվելու ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՄԱԿ-ի անդամներից՝ նույն համամասնություններով, «այնուամենայնիվ սպասվում է, որ կլինեն առանձին տեղաշարժեր նախորդ կառավարության համեմատ։ Մի բան, որ ենթադրում է նաեւ կառավարության կազմի համալրում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել