Այսպես ավարտվեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հրաժեշտի խոսքն իր ընկերոջը՝ Հայաստանի 10-րդ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին:
Չնայած երեկ առավոտյան տեղացող ձյունախառն անձրեւին, մռայլ ու ցուրտ եղանակին՝ հազարավոր քաղաքացիներ էին ցանկացել վերջին հրաժեշտը տալ Անդրանիկ Մարգարյանին: Նրա աճյունն Օպերայի եւ բալետի թատրոն բերվեց ժամը 12-ին, բայց մինչ այդ էր արդեն շենքի մոտ կուտակվել ստվար բազմություն: Մտնել ցանկացողները ստիպված էին սպասել առնվազն կես ժամ: Իրավապահները միայն խումբ-խումբ էին թույլ տալիս ներս գնալ եւ այս անգամ նաեւ ստուգում էին բոլոր մտնողներին, որոնք առանց այն էլ պիտի անցնեին մետաղորսիչ սարքի տակով: Անվտանգության նման միջոցառումների պատճառը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, որը տիկնոջ հետ ժամանեց միայն ժ. 14:00-ին: Եվ Տիգրան Թորոսյանի, Սերժ Սարգսյանի ու Գագիկ Հարությունյանի հետ՝ Ռոբերտ Քոչարյանը վերջինն էր, որ պատվո պահակ կանգնեց Անդրանիկ Մարգարյանի աճյունի մոտ:
Պատվո պահակախումբը փոխվում էր 4-5 րոպեն մեկ: Եվ այս ձեւով իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ոչ միայն կուսակցական գործիչներն ու կառավարության անդամները, թատրոնների ու ստեղծագործական միությունների ղեկավարները, այլ նաեւ «Ազգային միաբանության», «Արդարության» եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչները: «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողներին ասաց, որ Անդրանիկ Մարգարյանը քաղաքական դաշտում «մերանի դեր խաղացող քաղաքական գործիչ էր: Նա միշտ էլ աչքի էր ընկնում իր հավասարակշիռ կեցվածքով: Մենք կորցրեցինք լավ մարդու»: Իսկ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նշեց. «Մեր հիշողության մեջ Անդրանիկ Մարգարյանը կմնա որպես մարդկային բարձր արժանիքներով օժտված մարդ»: Նկատենք, որ սա գրեթե եզակի դեպք է, երբ ասված խոսքերը ոչ թե հավուր պատշաճի են, այլ լիովին համապատասխանում են իրականությանը: Ուղղակի պաշտոնյայի մասին նրա կենդանության օրոք լավ խոսքեր ասելը մեզանում ընդունված չէ՝ կարող ես կասկածի տեղիք տալ, թե քծնում ես կամ ինչ-ինչ ակնկալիքներ ունես: Բայց Հայաստանում, ցավոք, խիստ սակավ են պաշտոնյաները, որոնց մահվանից հետո անգամ կհնչեն այն խոսքերը, որոնք ասվեցին վարչապետի մասին:
«Իշխանությունն ու պաշտոնը ճշմարտապես ընկալեց որպես ժողովրդին մատուցվող ծառայություն եւ իր վարչապետության տարիները արդյունավորեց անձնվեր աշխատանքով ու մնայուն ձեռքբերումներով,- ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:- Հայրենիքը սիրելու, ազգը սիրելու վառ օրինակը թողեց մեզ եւ սերունդներին, օրինակը՝ նվիրյալ գործունեությամբ համազգային իղձերի տերը լինելու եւ դրանք կյանքի կոչելու պատասխանատվության ու վճռականության»:
Վարչապետի աճյունը Օպերայի եւ բալետի թատրոնի շենքից ձեռքերի վրա տարան մինչեւ Աբովյան փողոց, որտեղից էլ դիակառքով, հազարավոր մարդկանց ուղեկցությամբ, տեղափոխեցին Կոմիտասի անվան պանթեոն:
Երեկ ՀՀԿ հիմնադրի՝ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն էր, եւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն իր դամբանական խոսքում նկատեց. «Հանրապետական կուսակցության պատմությունը լի է բազմաթիվ խորհուրդներով. այսօր՝ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրը, Անդրանիկ Մարգարյանը փառքով գնում է միանալու կուսակցության հիմնադրին, որին հրաժեշտ էր տվել 10 տարի առաջ: 10 տարիներ, որ եղել են կուսակցության համար անշեղ վերելքի ու քաղաքական դերակատարության որակական փոփոխության տարիներ: Դրանց հիմքն օրնիբուն աշխատանքն էր, հավատը հաջողության նկատմամբ, պապերից ժառանգած սերն առ Հայրենիք: Այդ սերն էր պատճառն ու վտանգի եզակի զգացողությունը, որ Ղարաբաղյան գոյապայքարի առաջին օրերից լծվեց հայրենիքի վտանգված հատվածի կարիքները հոգալու դժվարին գործին ու մասնակցեց մարտական գործողությունների: Այդ սերն էր, որ երբեք թույլ չտվեց, որ քաղաքական ասպարեզի դաժան ախտը՝ ատելությունն ու չարությունը քաղաքական մրցակիցների նկատմամբ բուն դնի Անդրանիկ Մարգարյանի հոգու մեջ կամ կուսակցությունում»: Տիգրան Թորոսյանը նաեւ ասաց, թե վարչապետը «գիտեր, որ արվածի արդյունքներն ամբողջությամբ հնարավոր է տեսնել միայն տարիներ անց, եւ առանց աղմուկի ու տարփողման աշխատում էր օգնել բոլորին՝ մշակույթի գործչին, գիտնականին ու շինականին, ուսուցչին ու ազատամարտիկին, քանզի հիանալի տեսնում էր ժողովրդի հոգսերը, այն ճանապարհը, որը կար անցնելու մինչ իր երազած Հայաստանը: Կատակում էր՝ միեւնույն է, չարածներս են հիշելու: Բայց ժողովուրդը հիշել է իր բաժանած սերն ու այս օրերին ափեափ վերադարձնում է իրեն»: Ըստ նրա՝ Անդրանիկ Մարգարյանն «անմնացորդ նվիրումով անտրտունջ այրվում էր՝ իր շուրջը սփռելով լույս, բարություն ու խաղաղություն: Իր վերջին՝ հրաժեշտի հանդիպումն էլ սիրելի ժողովրդի հետ այդպիսին եղավ՝ որպես բարությամբ ապրելու եւ գործելու յուրահատուկ պատգամ ապրողներիս»:
Տիգրան Թորոսյանի մահախոսականից հետո, պետական օրհներգի հնչյունների ներքո՝ Անդրանիկ Մարգարյանի աճյունը հանձնվեց հողին:
Հ. Գ. Այսօր, ժամը 13-ին, Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունենալու Անդրանիկ Մարգարյանի ինքնահողերքի արարողությունը, իսկ ապրիլի 4-ին ժամը 13-ին՝ յոթի արարողությունը: