Ավստրիացի դիրիժորը, բացի հայկական մշակույթից, հետաքրքրված է Հայաստանի լեռներով:
«Ա. Խաչատրյան» համերգասրահում մարտի 30-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը երկրորդ անգամ կղեկավարի ճանաչված դիրիժոր Էռնեստ Հոյցլը (Ավստրիա): Որպես մենակատար հանդես կգա դանիաբնակ դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը:
2005թ. «Առավոտի» հետ զրույցում Էռնեստ Հոյցլը նշել էր, որ ինքը նախընտրում է հյուրախաղերի մեկնել էկզոտիկ երկրներ՝ Քենիա, Հնդկաստան, Ղազախստան եւ այլուր: Երեկ մեր հանդիպման սկզբում հետաքրքրվեցինք՝ արտերկրում պահանջարկ վայելող դիրիժորի երկրորդ այցը մեր երկիր խոսո՞ւմ է այն մասին, որ Հայաստանն էլ է համարում էկզոտիկ երկիր: Դիրիժորն ասաց, որ ցանկացած երկիր հյուրախաղերի գնալուց առաջ ինքը պետք է ունենա 3 հետաքրքրություն՝ տվյալ երկրի դասական արվեստը, հնագույն մշակույթը եւ լեռները: «Չեմ կարող մոռանալ, թե ինչպես 2 տարի առաջ բարձրացա ձեր Արագած լեռը: Այս անգամ էլ որոշել եմ բարձրանալ Գառնի-Գեղարդի սարերը»: Էռնեստ Հոյցլը հավաստիացրեց, որ սիրով է աշխատում Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ, ուր բացառապես հայազգի երաժիշտներ են: «Իմ երկրի նվագախմբերում աշխատող երաժիշտների 1/3-ն է ավստրիացի, իսկ համալսարաններում, օրինակ՝ Գրացի կրթօջախում, որտեղ ես դիրիժորություն եւ երաժշտության պատմություն եմ դասավանդում, ուսանողների 90%-ը օտարերկրացի է: Ինձ մոտ վարպետության դասեր են անցնում Երեւանի կոնսերվատորիան ավարտած մեկ ջութակահար ու դաշնակահար (անունները զրույցի պահին չմտաբերեց)»,- նշեց նա:
Դիրիժորը նաեւ Կարինթիայի երաժշտական միության գեղարվեստական ղեկավարն է, որ զբաղվում է Ավստրիայում օտարերկրացիների համերգների կազմակերպմամբ: Դառնալով երեւանյան համերգին՝ Է. Հոյցլը հայտնեց. «Ես հետաքրքրված եմ դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանի արվեստով: Մասնակցելով Գերմանիայում ամենամյա դարձած Մյունխենի ARD միջազգային մրցույթին, Մարիաննան արժանացավ ոչ միայն երկրորդ, այլեւ 5 հատուկ, այդ թվում՝ ինձ համար ամենահեղինակավոր՝ «հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Ուրախ եմ, որ մարտի 30-ին Երեւանում կայանալիք համերգին կհնչի Բրամսի Դաշնամուրի եւ նվագախմբի առաջին կոնցերտը: Այս ստեղծագործությունը դաշնակահարից պահանջում է տղամարդուն հատուկ առնական մոտեցում: Վստահ եմ՝ Մարիաննան կկարողանա հաղթահարել այն: Լսել եմ հայ դաշնակահարուհու ձայնագրությունները, գիտեմ, որ նա սովորել է Երեւանի կոնսերվատորիայում, այնուհետեւ՝ Համբուրգում, ճանաչված պրոֆեսոր Մաթիաս Վեբերի ղեկավարությամբ, ավարտել Լյուբեկի Musikhochschule-ն եւ ասպիրանտուրան: Տեղյակ եմ, որ հրավեր է ստացել Դանիայի Էսբերգի պետական կամերային նվագախմբից, այժմ ստեղծագործում եւ ապրում է Դանիայում»: