Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑԸ ԱՇԽԱՐՀԻՆ

Մարտ 28,2007 00:00

ԵԽ-ն ազատ եւ արդար ընտրություններ է ակնկալում Հայաստանից

Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում «Ազատ եւ արդար ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմնաքար» թեմայով քննարկում էր: Մասնակցում էին ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան, ԵԽԽՎ Էստոնիայի պատվիրակության անդամ Անդրես Հերքելը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Բոյանիչը, «Լյո Մոնդի» նախկին գլխավոր քարտուղար Մանուել Լյուքբերթը, հայաստանյան քաղաքական գործիչներ եւ այլք: Քննարկվեցին ժողովրդավարական ընտրությունների նախապայմանների, խորհրդարանական ժողովրդավարության ու կուսակցությունների դերի հետ կապված մի շարք հարցեր: ԵԽ ներկայացուցիչները հիշեցրին, որ ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը՝ ԵԽ-ի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից է: Նաեւ շեշտեցին, որ Հայաստանը գտնվելով եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին, առաջիկա ընտրությունները արդար եւ ազատ անցկացնելով՝ իր առաջադիմության ապացույցը կներկայացնի Եվրախորհրդին:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկվա համաժողովի առիթով «Առավոտին» ասաց. «Այս տեսակ քննարկումները կարող են միայն տեսական ֆոն տալ, իրական գործը դրսում է: Քաղաքական ուժերը պետք է ավելի պատասխանատու լինեն, իշխող կուսակցություններն ու գործող վարչակարգն էլ, Հայաստանի շահերից ելնելով՝ ստեղծեն քաղաքական- ազգային համակարգ, որը կապահովի սահուն անցումներ իշխանության եւ ընդդիմության միջեւ: Պետք է կարողանանք մեր ինքնիշխան պատմության մեջ առաջին անգամ ունենալ իշխանության փոխանցում՝ ազատ, արդար ընտրությունների միջոցով»: Բոլոր ընտրությունների թափանցիկությունը Հայաստանում պրն Հովհաննիսյանը գնահատեց «զրո» միավորով:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանն էլ մեր թերթին կարծիք հայտնեց, որ ոչ մի երկրում հնարավոր չէ անցկացնել լիարժեք արդար եւ ազատ ընտրություններ: «Հայաստանյան ընտրություններում միշտ էլ եղել են լուրջ իրավախախտումներ: Այստեղ հնչած հայտարարությունները, որ ոչ մի իրավախախտում չի եղել կամ ոչ ոք քրեական պատասխանատվության չի ենթարկվել, իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց նա: Նաեւ ավելացրեց. «Դատախազությունում արդեն ստեղծվում է ընտրակեղծիքների դեմ պայքարի ժամանակավոր ստորաբաժանում»:

ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց. «Կոնկրետ ինձ համար ձեռնտու են թափանցիկ ընտրությունները, սակայն ընտրությունների թափանցիկության անհրաժեշտությունը Հայաստանում համատարած իմաստավորված չէ: Անգամ հանրության մեջ չկա դրա անհրաժեշտության գիտակցումը: Շատ քաղաքական պատասխանատուներ էլ մարդկանց ասում են՝ ձեր մասնակցությունը կարեւոր չէ, իբր ով պետք է՝ արդեն ընտրված է: Այդպես խոսողները ուղղակիորեն կողմ են սեփական նպատակներն օգտագործելու համար իշխանության գալուն»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արտակ Քոչարյանն էլ ասաց. «Խոստում չե՛մ տալիս, ուղղակի ասում եմ՝ ընտրություններն արդար եւ թափանցիկ անցնելու համար, կոնկրետ ես, աշխատելու եմ Ընտրական օրենսգրքի կանոնների համաձայն»:

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշեց, որ գալիք ընտրություններին իրենց դիտորդները աշխատելու են Սիսիանում, Մեղրիում, Կապանում, Վայքում, Եղեգնաձորում եւ ցուցաբերելու են իրավաբանական օգնություն այն մարդկանց, ում ընտրական իրավունքները խախտված կլինեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել