Լրահոս
Օրվա լրահոսը

ACP-ի նախագիծը կփոխվի՞

Մարտ 28,2007 00:00

Հակառակ դեպքում հ/կ-ները բնապահպանության նախարարին դատի կտան՝ սահմանադրական մի շարք դրույթներ խախտելու համար:

Լոռու մարզում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի դեմ բնապահպանական կազմակերպություններն արդեն մի քանի ամիս է՝ բողոքի մեծ ալիք են բարձրացրել: Այդ հանքը բնապահպանության նախարարությունը 25 տարի ժամկետով շահագործման է հանձնել «Հայկական պղնձի նախագիծ» ընկերությանը (ACP), որը, ըստ հաստատված նախագծի, պատրաստվում է հանքարդյունահանումը կատարել «բաց եղանակով», ինչը, ըստ մասնագետների, հսկայական վնասներ կհասցնի մեր բնությանը. «Լոռիի անտառների շուրջ 2500 հա տարածքը հանքարդյունահանության տակ է դրվելու, անտառները հատվելու են, ջրազրկում է լինելու, հետագայում նաեւ առաջանալու է հողի էրոզիա»: Ըստ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ACP-ն կարող է հանքը շահագործել այլ՝ ավելի թանկ ճանապարհով, օրինակ՝ ստորգետնյա եղանակով, եւ ավելի քիչ վնաս հասցնել բնությանը: Սակայն չի ուզում ավելորդ փող ծախսել: Բացի այդ, «բաց եղանակով» հանքը շահագործելու դեպքում ACP-ն շատ կարճ ժամանակում կարող է պղինձ արդյունահանել եւ եկամուտ ստանալ, իսկ եթե դիմի ստորգետնյա եղանակին, ստիպված պետք է լինի երկար տարիներ հանքի վրա աշխատել, նոր միայն արդյունքի հասնել:

Հասարակական կազմակերպությունների այս դժգոհություններին ի պատասխան՝ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը մշտապես հավաստիացնում էր, թե իրենք բոլոր հնարավոր վնասները հաշվարկել են, որից հետո են միայն «Հայկական պղնձի նախագիծ» ընկերության նախագծին իրենց համաձայնությունը տվել: Նախարարն իր վերջին ասուլիսում էլ գոհունակություն հայտնեց նախագծից եւ լրագրողներին էլ համոզում էր, որ հ/կ-ները չեղած տեղից աղմուկ են բարձրացնում: Մինչդեռ մեր տեղեկություններով՝ ներկայումս նախարարությունը որոշել է վերանայել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի բաց մշակման իր թույլտվությունը: Թե ինչո՞ւ է նախարարը հանկարծակի որոշել վերանայել ACP-ին տված նախկին համաձայնությունը՝ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ նախարարությունից վստահեցրին, որ Վ. Այվազյանը պարզապես խոստացել է հ/կ-ների հետ խնդիրը նորից քննարկել: Նկատենք, որ հ/կ-ները վճռական էին տրամադրված եւ պատրաստվում էին դատարան դիմել՝ բողոքով, որ նախարարությունը Սահմանադրության մի շարք կետեր է խախտել: Ըստ նրանց, Սահմանադրության 31-րդ հոդվածում ամրագրված է. «Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնասի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության եւ պետության իրավունքներն ու օրինական շահերը»: Չի բացառվում, որ Վ. Այվազյանը որոշել է հ/կ-ների հետ բանակցել՝ դատից խուսափելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել