Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զուգարանը չեն ծախել

Մարտ 28,2007 00:00

Պարզապես պարսիկներն ու հնդիկներն այն իրենցով են արել

Օրերս Զեյթուն թաղամասի հանրակացարանի բնակիչներն «Առավոտին» բողոքում էին, որ իրենց հանրակացարանի երկրորդ հարկի զուգարանը վաճառվել է ինչ-որ անհայտ սեփականատիրոջ, եւ իրենք արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում դրանից օգտվել. «Առանց այդ էլ նորմալ վիճակում չէր, քարուքանդ էր եղել, մենք այսքան ժամանակ անտրտունջ հարմարվել ենք ամեն ինչին: Ո՞նց, ի՞նչ իրավունքով են դա վաճառում, չէ՞ որ դա ընդհանուր զուգարան է, որից մոտ 20 բնակիչ պետք է օգտվի՝ հավասարապես: Մենք .ստիպված, արդեն որքան ժամանակ է՝ տոպրակների մեջ ենք անում ու շպրտում դուրս: Տարածքում արդեն հակահիգիենիկ վիճակ է»: Այս առնչությամբ «Զեյթուն՝ ուսանողական ավան» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մխիթարյանը պարզաբանեց, որ իրենք զուգարանը ոչ մեկին էլ չեն վաճառել. «Ես ի՞նչ իրավունք ունեմ պետությանը պատկանող հանրակացարանի ինչ-որ մասը վաճառել, այն էլ՝ զուգարանը, որից ամեն րոպե մարդիկ օգտվում են: Ի՞նչ պիտի անեի զուգարանի տարածքը, հո մուտքը փողով չէի՞ դարձնելու ու բնակիչներից 50-ական դրամ գանձեի: Իզուր են անհանգստանում: Այդ զուգարանից հանրակացարանի տվյալ հարկում ապրող բոլոր բնակիչներն էլ կարող են օգտվել»:

Երբ եղանք հանրակացարանում, 2-րդ հարկի զուգարանի դռան վրա կողպեք էր դրված: Վ. Մխիթարյանը զուգարանի դռան փակելն այսպես բացատրեց. «Այդ հարկում պարսիկ ուսանողներ կան, նրանք չեն ուզում, որ իրենց զուգարանից ուրիշներն էլ օգտվեն, դուռը փակում են: Թերեւս սա է այդ թյուր կարծիքն առաջացրել, թե զուգարանը ծախել են: Կողպեք դնելով՝ սահմանափակվում է օտար մարդկանց մուտքը մեր հանրակացարան: Մեզ մոտ աղջիկներ են ապրում, դրսից տարբեր գյադա-գյուդաներ են գալիս, նրանց անհանգստացնում կամ դրսի վաճառականներն են գալիս ու քանի որ առաջին հարկում զուգարան չկա՝ օգտվում են հենց դրանից»: Հանրակացարանի մյուս հարկերում թեեւ զուգարանների դռները կողպված չէին, բայց, ըստ պարոն Մխիթարյանի, այդ զուգարաններից ուրիշ հարկի բնակիչ չի կարող օգտվել: Օրինակ՝ 3-րդ հարկում էլ հնդիկներ են ապրում, նրանք երբեք թույլ չեն տա, որ իրենց զուգարանից «ոչ հնդիկ» օգտվի:

Նշենք, որ Զեյթունի ուսանողական հանրակացարանում մնալու համար բնակիչները տարեկան վճարում են 35 հազար դրամ: Այդ գումարից հանրակացարանի տնօրինությունը վճարում է կոմունալ վարձերը, աշխատավարձ տալիս աշխատակիցներին, ժամանակ առ ժամանակ վերանորոգում սենյակներն ու ընդհանուր զուգարանը: Բայց այդ զուգարանից օգտվելու կարգը բնակիչներն իրենք են սահմանում եւ այդտեղ տնօրինությունը չի կարող միջամտել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել