Այս կարծիքին էին շարքային քաղաքացիները վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասին
ՀՀԿ գրասենյակի դռները չեն փակվել նաեւ անցած գիշեր, մարդկանց հոսքը շարունակվել է ամբողջ գիշեր: Վարչապետի նկարի մոտ ինքնաբուխ պատվո պահակ են կանգնում շարքային քաղաքացիները, նրան անձամբ ճանաչողները եւ չճանաչողները: Երեկ, կեսգիշերից առաջ ՀՀԿ գրասենյակ են այցելել մի խումբ երիտասարդներ՝ 18-20 տարեկան, եւ երկու հսկա ծաղկեփունջ են դրել վարչապետի նկարի առջեւ, լուռ հարգել են նրա հիշատակը եւ հեռացել: Երեկ առավոտյան եւս երիտասարդների հոսքը չէր դադարում: Եվրոպական տարածաշրջանային համալսարանի ուսանողներ Ռաֆիկ Մադաթյանը եւ Սամվել Հարությունյանը ՀՀԿ գրասենյակ էին եկել դասերից հետո: Ռաֆիկն ասաց, որ Անդրանիկ Մարգարյանը իր պատկերացրած իսկական քաղաքական գործիչն էր. «Նա իր գործունեության ընթացքում աչքի ընկավ միայն մարդկային բարձր հատկանիշներով ու վայելեց շրջապատի եւ ամբողջ ժողովրդի համակրանքը եւ հարգանքը: Անձամբ ես Ավան համայնքում եմ բնակվում եւ տեսել եմ, թե մարդիկ իրեն ինչպես էին սիրում եւ հարգում որպես քաղաքացի եւ պետական գործիչ»: Իսկ Սամվելի կարծիքով. «Ցավոք, մեր քաղաքական գործիչների մեջ քիչ կան կամ գրեթե չկան վարչապետի նման մարդիկ»:
ՀՀԿ Արմավիրի տարածքային կառույցի խորհրդի անդամները վարչապետին եւ իրենց զինակից ընկերոջը հրաժեշտ տալու համար երեկ առավոտից կանգնած էին կուսակցության գրասենյակում: Նրանք սովորական, պարզ մարդիկ են, ՀՀԿ-ից ոչ պաշտոն են ակնկալել եւ ոչ էլ նյութական բարիքներ, նրանք եղել են Անդրանիկ Մարգարյանի զինակից ընկերները՝ Անկախության բանակի շարքերում: Արամ Իսակյանը ասաց. «Պարոն վարչապետին ճանաչում եմ շատ վաղուց, Անկախության բանակի առաջին իսկ օրերից, նա մեր ղեկավարը չէր, մեր ընկերն էր, մեր թիկունքը եւ նրա մահով մեր բոլորի թիկունքը թուլացավ, քանի որ նա սարի պես կանգնած էր մեր՝ հասարակ հանրապետականներիս թիկունքին»: Աղվան Մինասյանը եւս Անկախության բանակի զինվորներից է. «Անդրանիկ Մարգարյանին ճանաչել եմ 90-ականներից, այս կորուստը շատ ծանր է ինձ համար, նա լավ ընկեր էր եւ լավ մարդ: Ամեն մեր հանդիպումը տնավարի, ջերմ հանդիպում էր, ինքը մեզ համար երբեք զբաղված չէր, ինչպես շատ այլ պաշտոնյաներ: Մենք ինչ-որ պաշտոն կամ այլ բան իրենից չենք սպասել, մերը պարզ, մարդկային հարաբերություններն էին»:
ՀՀԿ Արմավիրի մարզի լիազոր ներկայացուցիչ Նորիկ Դանիելյանը արցունքն աչքերին պատմեց, թե ինչպիսի ուտող-խմող, լավ քեֆ անող մարդ էր Անդրանիկ Մարգարյանը. «Նա մեզ համար ոչ թե ղեկավար էր, այլ լավ ընկեր էր, մենք Աշոտ Նավասարդյանին կորցնելուց հետո քայլել ենք Անդրանիկ Մարգարյանի հետ: Նա շատ լավ գիտեր, որ մենք իր զինվորներն ենք: Ինքը անձամբ եղել է մեր տանը եւ ոչ թե մեկ անգամ, այլ մի քանի անգամ, մեր տղաների հետ: Նրա սիրած կենացը մարդ լինելու կենացն էր, ասում էր՝ մարդ լինենք եւ իրար չդավաճանենք: Մեկնումեկիս տուն մտնելիս, չէր թողնում, որ իրար խառնվեինք, ասում էր՝ մենակ հացուպանիր եւ սոխ: Էդ հերիք էր իրեն: Մի անգամ ասացինք՝ գնում ենք հնդուհավ ուտելու, ասաց՝ չէ, ես հացուպանրից եւ մածունից բացի ուրիշ բան չեմ ուզում: Ինքը քչով բավարարվում էր, եւ երբ պետք էր՝ ամեն մեկիս էլ հասնում էր»: Հիշեց նաեւ, թե ինչպես մի անգամ. «Ես վատ բաներ էի ասել վարչապետի հասցեին, բայց ուրիշների պես վարչապետը ոչ թե քինախնդրություն դրսեւորեց եւ «մուռ հանեց», այլ ընկերական զրուցեց եւ ասաց, որ եթե մի սխալ բան տեսնում եմ, ավելի ճիշտ կլինի՝ անձամբ իրեն ասեմ եւ ոչ թե ուրիշների մոտ խոսեմ: Եվ հետո ոչ մի անգամ ինձ դա չհիշեցրեց: Ինքը իսկական, մեծատառով մարդ էր: Մենք բոլորս էլ գյուղի տղերք ենք, գյուղավարի էլ խոսացել ենք, ինքը՝ նույն ձեւի: Ամեն տարի մայիսի 28-ին մեզ հետ առանձնանում էր, անպայման բոլորիս հարցնում էր, թե ընտանեկան ինչ հոգսեր ունենք, մի տեղ նստում էինք եւ զրուցում»:
Ռազմիկ Ղազարյանը ՀՀԿ անդամ չէ, բայց ասաց, որ վարչապետը իր շատ հավանած կերպարն էր. «Բառիս բուն իմաստով հայեցի մարդ էր՝ կուսակցության, ժողովրդի, ընկերության եւ մարդկության համար, նա իսկական մերան էր»:
Ալբերտ Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը հանրապետական է դարձել «հանուն» Անդրանիկ Մարգարյանի. «Ես իրա համար եմ մտել կուսակցություն, ինքը լավ անձնավորություն էր, եւ նրա անժամանակ մահը ինձ ուղղակի թեւաթափ է արել»:
Ռոզա Հակոբյանը կուսակցության անդամ չէ, բայց ինքն էլ մշեցի է եւ վարչապետի ընտանիքի հետ այցելել է Արեւմտյան Հայաստան. «Ինձ համար սա շատ ծանր կորուստ է, թվում է՝ ընտանիքիս անդամն է մահացել, ինքը, կարելի է ասել, իմ ընտանիքն էր: Ես իր ընտանիքի հետ գնացել եմ ուխտագնացության, գնացել եմ իր եւ իմ ծնողների գյուղը, մատաղ ենք արել, մոտ տասը օր իր ընտանիքի հետ շրջել ենք մեր պապական հողերում, մեր Մուշը, Վանը, մեր երկիրը ման ենք եկել»:
Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանն ասաց, որ վարչապետը իրեն խիստ հարազատ էր. «Ես իրեն միշտ ընդունում էի որպես իմ ավագ եղբայր եւ հիմա հոգիս տխուր է նրա կորստյան համար: Մեզնից յուրաքանչյուրը հարազատ է կորցրել»:
ՀՀԿ գրասենյակի հուշամատյանում իրենց գրառումներն են թողնում բոլորը՝ ե՛ւ քաղաքական գործիչները, ե՛ւ շարքային քաղաքացիները: Մեր այցելության պահին հուշամատյանում գրառումներ կատարեցին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀԺԿ քարտուղարներ Գրիգոր Հարությունյանը եւ Վարդան Մկրտչյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ ուրիշներ: