Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽԱԽՏՈ՞ՒՄ Է, ԹԵ՞ ՈՉ

Մարտ 28,2007 00:00

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակի մտավորականների խորհրդի նախագահ Վաչագան Ավետիքյանը տեղեկություններ է ստացել, որ Վանաձորի թիվ 5, 6 դպրոցների մանկավարժներին առաջարկվել է ընդգրկվել Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը կամ ազատվել աշխատանքից: Նա մատնացույց է անում ՀՀԿ-ի եւս մի խախտում. Տիգրան Մեծի պողոտայի գովազդային երկու վահանակները: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» վերտառությամբ ցուցանակը տեղադրվել է դեռեւս երկու ամիս առաջ քաղաքի կենտրոնում:

Վանաձորում այլ կուսակցությունների գովազդային վահանակներ չկան: ԲՀԿ-ն դեռեւս չի դիմել տեղական իշխանություններին, ՀՅԴ-ում էլ ասում են, որ իրենց առայժմ գովազդ հարկավոր չէ: Փաստորեն, միայն ՀՀԿ-ի պաստառներն են, որոնք տեղ են գտել Վանաձորի քաղաքապետարանի համայնքային ենթակայության տարբեր կառույցների պատերին՝ սկսած մշակութային կառույցներից մինչեւ թաղապետարան: Օրինակ՝ Վանաձորի «Ջուխտ ախպուր» թաղամասային հիմնարկի շենքի պատին փակցված է ՀՀԿ պաստառը, ինչը եւս ԲՀԿ-ում որակում են օրենքի խախտում:

Վանաձորցի դաշնակցականները ՀՀԿ-ի գովազդային վահանակները օրենքից դուրս չեն համարում, բայց չեն շտապում գործընկեր կուսակցության օրինակին հետեւել, որովհետեւ գովազդի կարիք չունեն: ՀՅԴ մարզային կառույցի ներկայացուցիչ, Լոռու մարզպետի տեղակալ Զոհրապ Թորոսյանի կարծիքով, իրենց բոլորն էլ ճանաչում են ու գիտեն, որ մասնակցելու են առաջիկա ընտրություններին:

«Ժառանգություն» կուսակցության Վանաձորի կառույցի ղեկավար Գառնիկ Սահակյանը եւս մինչեւ քարոզարշավի սկիզբը ՀՀԿ-ի գովազդային վահանակների գոյությունը համարում է «Ընտրական օրենսգրքի» խախտում: Իսկ իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը օրենքի խախտում չի համարում այս ժամանակահատվածում պաստառներ ու գովազդային վահանակներ տեղադրելը: Նա բացատրում է, որ առայժմ թեկնածուներ չկան. «Առաջադրվելը դեռ գրանցվել չէ»:

Վանաձորի ԲՀԿ-ականները, հավանաբար, տեղյակ չեն, որ մայրաքաղաքի փողոցներում վաղուց արդեն փակցված են իրենց առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի մեծադիր նկարները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել