Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանն ընկրկեց ճնշմա՞ն առջեւ, թե՞…

Մարտ 28,2007 00:00

Ինչպես երեկ կանխատեսել էինք՝ «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը մարտի 27-ին հանեց իր թեկնածությունը Սյունիքի թիվ 37 ընտրատարածքից, ուր նա պիտի մրցակցեր Սերժ Սարգսյանի եղբոր հետ:

«Դաշինքի» քաղխորհրդի քարտուղար Գնել Ղլեչյանը երեկ իր տարբեր հարցազրույցներում («Ա1+», «Ազատություն», «Արմինֆո») ճիշտ նույն տեքստով էր բացատրում ինքնաբացարկի պատճառները: Դրանցից մեկն այն է, որ 37-րդ ընտրատարածքում պետական ապարատն արդեն իսկ սկսել է վարչական ու ֆինանսական ռեսուրսներ օգտագործել, նաեւ ճնշումներ գործադրել՝ ապահովելու իր թեկնածուի հաղթանակը: Ստացվում է, որ նույն ընտրատարածքում առաջադրված Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, որի թեկնածությունը պաշտպանելու մասին է երեկ նաեւ հայտարարել «Դաշինքը», ավելի շա՞տ ֆինանսական ռեսուրսներ ունի, քան Սամվել Բաբայանը, կամ իշխանությունների դեմ ավելի արդյունավե՞տ կարող է պայքարել: Մեղմ ասած, համոզիչ չէ:

Ուստի եւ լրագրողները հետաքրքրվել են՝ գուցե ինքնաբացարկի պատճառն իշխանությունների պարտադրա՞նքն է: Սակայն Գնել Ղլեչյանը հերքել է. «Ոչ, Սամվել Բաբայանի նկատմամբ ճնշումներ եւ սպառնալիքներ չեն եղել»: Նշել է, թե այս որոշումը կապ չունի նաեւ վերջին շրջանում «Դաշինքի» շուրջ պտտվող լուրերի հետ, քանի որ դրանք, ըստ Ղլեչյանի, անհեթեթություն են. «Նման բան տեղի չի ունեցել»: Նկատենք, որ «Դաշինքի» համամասնական ցուցակում ընդգրկվածները լավ կանեին՝ գոնե համաձայնեցնեին միմյանց հետ հայտարարությունները, քանի որ այն, ինչ հերքել է ցուցակում 3-րդ Ղլեչյանը՝ մարտի 24-ին «168 ժամ» թերթում հաստատել է ցուցակում 4-րդ Հմայակ Հովհաննիսյանը, որն ապօրինի զենք պահելու համար Սամվել Բաբայանի անվտանգության աշխատակցի ձերբակալման շուրջ լուրերի մասին ասել է. «Զենք չի եղել: Դա եղել է փորձ՝ մեզ վերագրելու այնպիսի արարք, որը մենք չենք կատարել: Սա մեր իրականության մեջ տեղի է ունենում այն քաղաքական գործիչների հետ, ում վրա փորձում են հոգեբանական ճնշում գործադրել՝ նպատակ ունենալով նրանց դրդել, այսպես ասած, ավելի զգուշավոր, զուսպ, երկչոտ գործելակերպի, ինչը մեր դեպքում չի կարող իր արդյունքին հասնել, որովհետեւ Ս. Բաբայանի կողմից ղեկավարվող քաղաքական թիմը չի կարող լինել ո՛չ վախկոտ, ո՛չ էլ ենթարկվել հոգեբանական ճնշումների: Պարզապես ուժային կառույցի որոշ ներկայացուցիչներ ճիշտ չէին հաշվարկել եւ գնահատել սեփական հնարավորությունները եւ շատ կոպիտ, խարխուլ մեթոդով փորձեցին ճնշում գործադրել մեր թիմի վրա»:

Ակնհայտ է, որ ճնշումներն ունեցան ազդեցություն: Սակայն սա խոստովանելու փոխարեն՝ Գնել Ղլեչյանը փորձել է մեղքը բարդել ընդդիմության վրա. «Իրենց ընդդիմադիր հորջորջող որոշ քաղաքական ուժեր, որոնք ունեն ընտրական հանձնաժողովներում անդամներ ունենալու իրավունք, թեեւ նախապես խոստացել էին համագործակցել ընտրակեղծիքները կանխելու հարցում, այնուամենայնիվ, խոսքը գործի չեն վերածում: Մեր ունեցած տեղեկություններով, նրանք լավ համագործակցում են իշխանությունների հետ՝ վաճառել են իրենց տեղերը»: Եվ հրաժարվել է տալ որեւէ որոշակի անուն: Սակայն ընտրական հանձնաժողովներում ընդդիմադիր ուժերից ներկայացուցիչներ ունեն «Արդարությունը», «Ազգային միաբանությունը» եւ «Օրինաց երկիրը»: Նրանց երեկ խիստ զարմացրել է «Դաշինքի» քաղխորհրդի անդամի հայտարարությունը, սակայն հրաժարվել են մեկնաբանություններից, քանի դեռ պրն Ղլեչյանը չի նշել հստակ անուններ: Դժվար թե դրանք հնչեն էլ: Քանզի իրականությունը թերեւս այլ է: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի տեղեկությունների, Սամվել Բաբայանին գրանցման եւ մշտական բնակության վերաբերյալ տեղեկանք են տվել՝ պայմանով, որ կհանի իր թեկնածությունը թիվ 37-ից: Հավելենք՝ այլապես նա կզրկվեր անգամ համամասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու հնարավորությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել