Երեկ Անդրանիկ Մարգարյանի քաղաքացիական հոգեհանգստի արարողության պաշտոնապես հայտարարված սկզբից դեռ շատ առաջ էր լեցուն Ավան համայնքի այն շենքի բակը, ուր բնակվում էր վարչապետը:
Անգամ մինչ նրա բնակված շենք հասնելը՝ Ավանի Սայաթ- Նովա թաղամասի այդ փողոցի ողջ երկայնքով էին շարված ծաղկեպսակներ:
Մատչելի պատգամավոր կամ լրագրող տեսնելով՝ շատ քաղաքացիներ տալիս էին նույն հարցը: Ասենք, մեզ էլ մի կին հարցրեց. «Բնակա՞ն եք համարում այս ամենը: Իրո՞ք որեւէ մութ կողմ չկա Անդրանիկ Մարգարյանի մահվան մեջ»: Եվ սկսեց լաց լինել:
Անդրանիկ Մարգարյանին իրենց հարգանքի տուրքն էին եկել մատուցելու հասարակ քաղաքացիները: Նրանց հնարավորություն էր տրված բարձրանալ վարչապետի բնակարան եւ ցավակցել նրա հարազատներին: Ոստիկաններն անգամ ստիպված էին խմբերի բաժանել՝ 10 հոգի միայն վերեւ թողնել, որ չառաջանան խցանումներ:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ նրա մայրը՝ տիկին Գրետան, առանձին-առանձին այցելեցին ու բավականին երկար մնացին Մարգարյանների մոտ: Վարչապետին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաեւ մայր եւ որդի Ծառուկյանները՝ դարձյալ առանձին-առանձին:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին եւ նման նշանավոր գործիչներին բնակարան էին թողնում առանց հերթի: Սա հավաքված շարքային քաղաքացիների շարքերում դժգոհության տեղիք տվեց:
Սերժ Սարգսյանը Մարգարյանների բնակարանում մնաց մոտ 1 ժամ: Մինչդեռ 19:30-ին Անդրանիկ Մարգարյանին հրաժեշտ տալու եկած Ռոբերտ Քոչարյանը մնաց միայն 10 րոպե եւ հեռացավ թիկնապահների ուղեկցությամբ:
ԼՂՀ ղեկավարները եկան միասին: Այսօր սուգ է հայտարարված նաեւ Ղարաբաղում, ու ԼՂՀ-ի պետական բոլոր հաստատություններում էլ կխոնարհվեն դրոշները:
Հ. Գ. Պետական հանձնաժողովի որոշմամբ, Օպերայի եւ բալետի թատրոնի շենքում վարչապետ Անդրանիկ Մարգարյանին այսօր վերջին հրաժեշտի արարողությունը հեռարձակվելու է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: Հուղարկավորությանը մասնակցելու համար Հայաստան են ժամանելու Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի՝ Եվրոպայի եւ Ասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզան, ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն եւ այլք: