Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ԴՐԱՄԱՏԻԿ ՊԱՇՏՈՆ Է»

Մարտ 28,2007 00:00

\"\"Այս կարծիքին է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

– Անդրանիկ Մարգարյանը եղավ ամենաերկարակյաց վարչապետը:

– Երկու հանգամանք պետք է հաշվի առնել՝ ամեն մի վարչապետության շրջան եւ ավելի բարդ է, եւ ավելի յուրօրինակ: Երկարակեցությունը չէ, որ եղել է, կարծում եմ, Անդրանիկ Մարգարյանի արժանիքը, նրա արժանիքը եղել է ստրատեգիական գծի ճիշտ ընկալումը, փորձել շարունակել շուկայական տնտեսակարգի ռեֆորմները, չնայած այն ալիքը, որով ինքը եկել էր իշխանության, տրամադրված էր լինելու ավելի ագրեսիվ՝ հատկապես տնտեսական ազատությունների եւ դեմոկրատիայի մասով: Եվ, ուրեմն, պետք չի դատողություններ անել երկարակեցության եւ այլնի մասին: Նրա ժամանակ ե՛ւ ավելի հեշտ է եղել, ե՛ւ ավելի դժվար է եղել, ե՛ւ, ընդհանրապես, ժամանակները պարզապես անհամատեղելի են: Ժամանակը իր մեջ տարբեր չափի ինտենսիվություն է պարունակում:

– Անդրանիկ Մարգարյանը երբ դեռ մեկուկես տարի էր վարչապետ, ես նրա հետ հարցազրույց արեցի, որում նա գովեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին եւ ասաց, որ դուք բավականին ճիշտ եք աշխատել, որ ինքը ձեզ հետ հանդիպումներ է ունենում եւ որոշ հարցեր քննարկում:

– Հանդիպումներ Անդրանիկ Մարգարյանի հետ եղել են մի քանի անգամ: Մենք խոսել ենք միայն ընդհանուր բաների մասին: Ես որեւէ կոնկրետ հանդիպում չեմ ունեցել նրա հետ՝ քննարկելու այս կամ այն կոնկրետ հարցը, զրուցել ենք ընդհանուր բաների մասին, այն մասին, թե հետագա զարգացումները ինչպես ենք տեսնում: Գիտե՞ք, Անդրանիկ Մարգարյանի մահվամբ, նրա չլինելով մի տեսակ բացակայեց այն բեւեռը, որին կարելի էր վերջին պահին դիմել: Արդյոք իշխանությունը իր մեջ կգտնի՞ ինտելեկտուալ ուժ, որ հասկանա, թե այդպիսի բեւեռ կար եւ այդպիսի բեւեռն անհրաժեշտություն է: Ինչ-որ հայաստանցի բան կար այդ բեւեռի մեջ:

Մեր խոսակցությունները հիմնականում եղել են այն մասին, թե ինչպես ենք տեսնում անկախացումը, օրինակ՝ փոքր երկրի համար, ճանապարհները փակ երկրի համար ո՞րն է ռազմավարությունը, մենք գնում ենք այն ուղիով, որ երկրի մեջ ամեն ինչ արտադրո՞ւմ ենք, թե՞ երկիրը պետք է գնա մասնագիտացման ուղիով. մենք այսպիսի ընդհանուր հարցեր էինք քննարկում։ Ինձ հետաքրքրում էր նրա կարծիքը, նրան հետաքրքիր էր իմը:

– Նման իրավիճակի համար Հայաստանին ինչպիսի՞ վարչապետ է հարկավոր:

– Շատ բարդ է, թիվ մեկ պրոբլեմը հիմա Հայաստանում տնտեսության չափից դուրս կենտրոնացվածությունն է: Շատ նման են կապիտալիզմը եւ սոցիալիզմը: Սոցիալիզմում ամեն ինչ պետական է, իսկ վայրի կապիտալիզմի օրոք (հիշո՞ւմ եք՝ այս բառը կար, որը ուղղվում էր մեր դեմ, բայց հակառակը եղավ, եւ հիմա որ նայում ենք՝ ամենասոցիալական կապիտալիզմը հենց 90-ականների սկզբին էր) մի քանի մարդու ձեռքին է կուտակված ամեն ինչ: Տարբերություն չկա՝ պետության, թե մի քանի մարդու ձեռքին, քանի որ այդ «մի քանի մարդիկ» սկսում են նույնանալ պետության եւ պետության ինստիտուտների հետ: Սա առաջին եւ հիմնական պրոբլեմն է: Անդրանիկ Մարգարյանը հերոսաբար հաղթահարում էր այս պրոբլեմը, որովհետեւ ինքը համբերատար անձնավորություն էր, բայց որեւէ վարչապետ առաջին իսկ օրը բախվելու է այս պրոբլեմի հետ: Իհարկե, մյուսը արդեն քաղաքական վերնախավն է, նրա ազդեցությունը վարչապետի վրա, խորհրդարանում, եւ այս բաների հետ պետք է հաշվի նստել: Բայց ինչպե՞ս ենք անելու, որ այս ամենը հաղթահարվի, որպեսզի այս ամենը կառավարվի: Որպեսզի կառավարվի, պետք է տնտեսվարող սուբյեկտների եւ քաղաքացիների բազմություն, իսկ եթե ամեն ինչ կենտրոնացված է մի քանի մարդու ձեռքում, բազմություն չկա, կառավարման անհրաժեշտություն չկա, ուրեմն՝ վարչապետի անհրաժեշտություն էլ չկա:

– Պարոն Բագրատյան, ըստ որոշ վերլուծությունների, նախագահի պաշտոնը թողնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է կրկին վարչապետ դառնալ, քանի որ փոփոխված սահմանադրությամբ վարչապետը շատ ավելի լծակներ է ունենալու, քան նախագահը ունի այսօր: Դուք ինչպե՞ս եք նայում այս հեռանկարին:

– Ես չեմ կարող դատողություններ անել հեռանկարների մասին. անձամբ ես կարծում եմ, որ նոր սահմանադրությամբ եւս նախագահը, այնուամենայնիվ, մնում է նախագահ, վարչապետը նախագահ չի դառնում: Եվ, վերջապես, նախագահի ինչի՞ն է պետք՝ նախագահ լինելուց հետո աշխատել վարչապետ, ի՞նչն է նրան պահում կամ թույլ չի տալիս, որ վաստակած հանգստի գնա: Սա արդեն այլ խոսակցության առիթ է: Որովհետեւ մարդը վարչապետ, նախարար, թե ԱԺ նախագահ լինելուց հետո չի կարող պաշտոնավարել ավելի ցածր պաշտոնի, ասենք՝ որպես խորհրդական: Եթե խորհուրդ ես տալիս, պարզապես արտահաստիքային ձեւով խորհուրդներդ տուր: Բոլորն էլ խորհուրդ տալիս են: Իմ պատկերացումները «կարիերայի» էվոլյուցիայի մասին այսպիսին են:

– Իսկ եթե անձամբ ձե՞զ առաջարկվի կրկին դառնալ վարչապետ, այս իրավիճակում դուք կհամաձայնե՞ք:

– Խնդիրը ոչ միայն այն է կամ՝ ոչ այնքան այն է, որ դա քիչ հավանական է, այլ պարզապես ուրիշ ժամանակներ կան: Համենայնդեպս, որեւէ նման խոսակցություն, թե Հայաստանում ինչ իրավիճակ է եւ ինչ է լինելու, ճիշտ կլինի տանել մի 40 օր հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել