Լրահոս
Օրվա լրահոսը

Հայդնյան համերգաշար՝ Սարյանի տուն-թանգարանում

Մարտ 27,2007 00:00

\"\"Վերջին մեկ շաբաթվա ընթացքում այստեղ միախառնվել էին ավստրիական երաժշտությունն ու հայկական կերպարվեստը:

Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդիտա Ավագյանը ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Յոզեֆ Հայդնի ծննդյան 275-րդ տարելիցի կապակցությամբ համերգաշար էր կազմակերպել: «Այս նախագիծը Հայաստանում կվարտետային ժանրի զարգացմանն է ուղղված: Աշխարհահռչակ Հայդնն էլ այդ ժանրի հիմնադիրներից էր»,- նշեց Է. Ավագյանը: Համերգաշարի ընթացքում հանդես եկան Կոնսերվատորիայի ուսանողները, ովքեր ներկայացրին ավստրիացի կոմպոզիտորի հեղինակած տրիոներից, կվարտետներից, սեքստետներից, դիվերտիսմենտներից:

«Քանի որ Հայդնի ստեղծագործությունը մի փոքր բարդ է՝ կատարելը դժվար է: Այս է պատճառը, որ նրա ստեղծագործությունները հաճախ չեն հնչում»,- փաստեց Կոնսերվատորիայի ուսանողուհի Անի Խաչատրյանը:

Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն, ով ներկա էր համերգներից մեկին, ասաց, թե ինքը Հայդնի արվեստի սիրահար է. «Ինձ գրավել է ավստրիացի կոմպոզիտորի ստեղծագործություններին հատուկ ներդաշնակությունը»:

Նկատենք, որ այս համերգաշարի ընթացքում հայդնյան որոշ երկեր առաջին անգամ էին կատարվում Հայաստանում: Առավել հետաքրքիր է այն, որ դրանց թվում այնպիսիներն էին, որոնք չեն ենթարկվում համաշխարհային երաժշտական դաշտում տիրող օրենքներին: Օրինակ՝ տրիոները սովորաբար գրվում են ջութակի, թավջութակի եւ դաշնամուրի համար: Սակայն Հայդնի հեղինակածը, որը ներկայացվեց համերգաշարի ընթացքում, գրված էր ջութակի, թավջութակի եւ ալտի համար:

«Առավոտին» հետաքրքրեց, թե այս նախագիծն ինչո՞ւ է սահմանափակվել նեղ շրջանակներով: Կազմակերպիչ Էդիտա Ավագյանից հարցրինք, արդյոք չե՞ն պատրաստվում համերգաշարը տեղափոխել ավելի մեծ դահլիճ, օրինակ՝ հանդես գալ Կամերային երաժշտության տանը: «Այդ ամենը ծախսերի հետ է կապված: Իսկ այս համերգաշարը կազմակերպվել է իմ աշխատավարձով եւ սաներիս ջանքերով: Նպատակ ունեի ներկայացնել Հայդնի ոչ միայն կամերային, այլեւ սիմֆոնիկ երկերը, նրա ստեղծագործության ողջ ուղին, բայց, կրկնում եմ՝ միջոցներ են անհրաժեշտ: Մյուս կողմից էլ, Սարյանի տուն-թանգարանը, իր աուրայով, շատ հարմար է նման միջոցառումների համար»: Կոնսերվատորիայի պրոֆեսորը կարծում է, թե ճիշտ կլիներ, որ ավստրիացի կոմպոզիտորի սիմֆոնիկ երկերը ներկայացներ նաեւ մեր սիմֆոնիկ նվագախումբը: «Այս նախագծով ուղղակի փորձեցինք ապացուցել, որ կան մարդիկ, ում համար այս ամենը մեծ կարեւորություն ունի: Իսկ առաջիկայում հույս ունեմ հանդիպել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, նրան ներկայացնել ծրագրերս: Ցավոք, նրա մոտ ընկնելն էլ շատ դժվար է: Ճիշտն ասած, պիտի սկզբում ցուցակագրվես, հետո նախագիծդ մի քանիսին պատմես, որ հավանություն տան, հետո որոշեն լսել քեզ»,- վերջում ավելացրեց տիկ. Ավագյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել