Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՈԳՍԵՐ՝ ԹԱՏՐՈՆԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Մարտ 27,2007 00:00

\"\"Գյումրիի եւ Վանաձորի պետական թատրոնները խրված են խնդիրների մեջ

Այսօր Հայաստանի իշխանությունները ձգտում են բեռնաթափել մայրաքաղաքը, աշխուժացնել մշակութային կյանքը մարզերում: Շատ բան պետք է սկսել Գյումրիի Վ. Աճեմյանի եւ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոններից: Երկու թատրոններում էլ, վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ:

«Վերջին տարիներին ազնիվ մտահոգություններն ու «նեղլիկ շահագրգռությունները», գավառական նկրտումներն ու շիտակ դիրքորոշումները խառնվել էին՝ ստեղծելով այնպիսի իրականություն, որը փշրում-ավերում էր Վանաձորի թատրոնի երբեմնի համբավը: Վահե Շահվերդյանի՝ Վանաձորի թատրոնից Գ. Սունդուկյանի անվան թատրոն տեղափոխվելուց հետո, արդեն 10 տարի է՝ Հովհ. Աբելյանի անվան թատրոնի ճակատագիրը հանձնվել էր պատահական, գեղարվեստական ծրագիր ու սկզբունքներ, հայեցադրույթներ չունեցող մարդկանց, որոնք իրենց ստեղծագործական անուժությամբ, բացահայտ հակապրոֆեսիոնալ ընկալումներով, սոցիալական վիճակի թելադրանքով ծնունդ առած սպառողական հոգեբանությամբ Աբելյանի անվան թատրոնում զարկ են տվել ինքնագործունեությանը»,- այս խոսքերի հեղինակները աբելյանցիներն են: Հասկանալի է, որ վերջիններս չցանկացան հրապարակել իրենց անունները: Անցած տարիները գրեթե ոչնչով չնշանավորվեցին առաջատար աբելյանցիներ Հակոբ Ազիզյանի, Ռոզա Մխիթարյանի, Ալլա Հովհաննիսյանի, Շամիրամ Տերտերյանի, Էլինե Աղամյանի, Հայկ Թորոսյանի, Վրույր Հարությունյանի եւ մյուսների ստեղծագործական կյանքում: Իսկ փոքր հույսը 2006թ. նոյեմբերից Վահե Շահվերդյանի՝ Հովհ. Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական խորհրդի նախագահ նշանակվելն է: Հարցի առնչությամբ, արդյո՞ք հնարավոր է, որ Վ. Շահվերդյանը զուգահեռ ղեկավարի Սունդուկյանի եւ Աբելյանի թատրոնները, մշակույթի նախարարությունից «Առավոտին» տեղեկացրին, որ, ըստ պետական ոչ առեւտրային կազմակերպության մասին օրենքի, տնօրենն է նշանակում գեղարվեստական ղեկավար, իսկ հանրապետության որոշ թատրոններում, այդ թվում՝ նաեւ Աբելյանի անվան, տնօրենների մրցույթը նշանակված է ապրիլի 10-13-ը:

Օրերս Գյումրիի «Ասպարեզ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ էլ Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանն ու գեղարվեստական բաժնի վարիչ, թատերագետ Լեւոն Մութաֆյանն են դժգոհել իրենց «կյանքից»: Նրանք փաստել են, որ վերջին տարիներին ոչ միայն սակավացել է հանդիսատեսի թիվը, այլեւ փոխվել է նրա ճաշակը, նույնիսկ այն աստիճան, որ մանկական բեմադրությունների ժամանակ դպրոցների որոշ ուսուցիչներ կարող են դերասանների վրա «հարձակվել» ու նրանց «խայտառակ անել»: Լեւոն Մութաֆյանի պատմելով, նմանատիպ մի դեպք տեղի է ունեցել վերջերս՝ «Կիլիկիո արքա» պիեսի ներկայացման ժամանակ: «Մենք մեղավոր չենք, որ այսօրվա դպրոցներում աշխատում են անգրագետ, կաղապարված ուղեղներով մարդիկ, ովքեր ուզում են իրենց կարծիքը փաթաթել թատրոնի «վզին»: Ի վերջո, հասկանալի չէ, թե ինչ է ուզում հանդիսատեսը… Գյումրիում կա 6 բուհ, որտեղ սովորողների ու աշխատողների 99%-ը թատրոն չի մտնում, էլ ինչի՞ մասին է խոսքը…»: Ն. Ծատուրյանն էլ հավաստիացրեց, որ արվեստում էլ մաֆիա կա, արտոնություններից ոչ բոլորն են օգտվում: Իրենք նման եզրակացության են հանգել այն պատճառով, որ, ի թիվս այլոց, Գյումրիի թատրոնը հայտ է ներկայացրել Չեխովյան միջազգային փառատոնին մասնակցելու համար ու ստացել պատասխան, որ փառատոնը չի կայանալու: Հետագայում պարզվել է, որ թեկնածուն արդեն վաղօրոք ընտրված է եղել: Լ. Մութաֆյանի խոսքերով էլ՝ Գյումրիի թատրոնին միակ օգնողը բարեգործ Վահագն Հովնանյանն է, ով 2004թ. 25000 դոլարի չեկ է տվել քաղաքապետին՝ առաջարկելով Գյումրիի մեծահարուստների օգնությամբ ստեղծել հոգաբարձուների խորհուրդ: Սակայն մինչ օրս ոչ մի գործարար, պատգամավոր կամ պատգամավորության թեկնածու ցանկություն չի հայտնել մի լումա ներդնելու, իսկ մեկուկես տարի անց քաղաքապետարանը այդ գումարի հիման վրա ստեղծել է թատերական հիմնադրամ: Ի դեպ, Գյումրիի քաղաքապետարանն էլ այդ հիմնադրամին ոչինչ չի ավելացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել