Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փողայինն ու ժողովրդականը արհամարհվում են

Մարտ 27,2007 00:00

Երաժշտական դպրոցների սաները նախընտրում են ջութակն ու դաշնամուրը

Այսօր մեզանում մեծ թափ է առել երեխաների «լատինաամերիկայնացման» գործընթացը: Ծնողների մեծամասնությունը նախընտրում է երեխաներին լատինաամերիկյան պարերի դասերի տանել: «Թող գնա, բեմ դուրս գա, հետո էլ՝ աշխարհ տեսնի: Հիմա դրա ժամանակն է: Թե չէ գժվե՞լ եմ, որ աղջկաս քանոնի կամ թառի դասերի տանեմ՝ դպրոցում երեխայիս կծաղրեն»,- իր ընտրությունն այսպես հիմնավորեց ծնող Մարինե Հայրապետյանը: Ահա այս պատճառով էլ երաժշտական դպրոցներում դժգոհում են, թե ժողգործիքների եւ փողային գործիքների գծով դասարաններ չեն հավաքվում: Ինչպես դպրոցների փոխտնօրեններից մեկը նկատեց. «հիմա երեխաները «բուգի-բուգի» են գնում, այսինքն՝ մոդայի հետեւից են ընկնում, ինչ հեռուստացույցով տեսնում, այն էլ ընդօրինակում են»: Քանի որ այդ «բուգի-բուգի գնացողները» ավելի անմիջական են, քան մեծահասակները, մեր հարցին, թե ինչու չեն ուզում երաժշտական դպրոց գնալ կամ ինչու են հիմնականում դաշնամուրի ու վոկալի պարապմունքները նախընտրում, նրանք շատ անկեղծ պատասխաններ տվեցին: «Եթե ճիշտն ասեմ, ես դաշնամուրի էլ չէի ուզում գնալ, ծնողներս ստիպում են, դրա համար եմ շարունակում հաճախել: Բայց եթե ստիպեին, որ քանոն նվագեի կամ թավջութակ, չէի լսի նրանց: Ինչպե՞ս պիտի ծանր թավջութակը գրկած տանեի դպրոց»,- ասաց թիվ 21 երաժշտական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհի Արմինե Կիրակոսյանը:

Շատ մասնագետներ դժգոհում են, թե այժմ անուշադրության են մատնված ժողգործիքները: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Սամվել Սահակյանը հիշեց, որ խորհրդային տարիներին էլ պատկերը համարյա նույն էր. «Հիմա, երբ գերիշխող են շուկայական հարաբերությունները, երաժշտությունն էլ է ապրանք դարձել, ամեն ինչի անհրաժեշտությունը պահանջարկ-առաջարկի հարաբերությամբ է չափվում»: Նա ներկայացրեց նաեւ իր ղեկավարած դպրոցում ժողգործիքների եւ փողային գործիքների դասարանների վիճակը. «Քանոնի դասարան չունենք, սաքսոֆոնը զարթոնք է ապրում, շեփորի դասարանն էլ է ուժեղ, իսկ կլարնետինը ցանկալի բարձրության վրա չէ»:

Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի փողային գործիքների դասարանում ընդամենը յոթ աշակերտ է սովորում, իսկ ժողգործիքների գծով՝ 12-ը: «Քանոնի անվճար տեղի համար անընդհատ հայտարարություն ենք տալիս, սակայն մինչ այսօր որեւէ դիմորդ չի եղել: Քանի որ պարի դասեր ցանկացողներն էին շատ, ստիպված պարային վճարովի դասարան եմ բացել դպրոցում: Այնպես որ, հարցը գումարի վճարման մեջ չէ, այլ ցանկության»,- նկատեց Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Մուրադյանը: Նա նաեւ գիտի այն հարցի պատասխանը, թե փողային բաժնի դիմորդների թիվն ինչու է քիչ. «Ծնողների մեծամասնությունը գործիք գնելու հնարավորություն չունի: Իսկ դպրոցը վաղուց արդեն չի կարող դրանցով ապահովել երեխաներին: Դպրոցի բոլոր գործիքներն արդեն բաժանել եմ երեխաներին, իսկ նորերը՝ տասնյակ տարիներ դպրոցը չի ստանում»:

Ստեփան Ջրբաշյանի անվան թիվ 5 դպրոցն առանձնանում է մյուսներից, քանի որ այստեղ ժողգործիքների բաժնում սովորում է 17 աշակերտ՝ 5-ը քանոնի գծով, 8-ը՝ շվիի, 4-ը՝ թառի: Նկատենք, որ թառի դասարանում նույնիսկ մի աղջիկ է ուսանում: «Քանի որ պետպատվերով տեղեր են սահմանել այս գործիքների գծով, այս տարի դիմորդների թիվը փողային եւ ժողգործիքների դասարաններում ավելացել է»,- նկատեց թիվ 5 երաժշտական դպրոցի փոխտնօրեն Վալերի Անտոնյանը: «Այս հարցերը բազմիցս բարձրացրել ենք Ազգային ժողովում, վերջապես քնից արթնացել են, ու կառավարությունն այս տարի 41 մլն դրամ է հատկացրել երաժշտական դպրոցներում ժողգործիքների գծով պետպատվերով տեղերի համար: Այս ամառ պիտի աշխատենք շատ երեխաներ հավաքել, որ կարողանանք հնարավորինս շատ գումար բերել դպրոց»,- ասում է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Ս. Սահակյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել