Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԿԱՌՉԵՑ ԵՐԲԵՔ ԻՐ ԵՍ-ԻՆ»

Մարտ 27,2007 00:00

Ասում է ՀՀ վարչապետի խորհրդական, նախկին քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանը

Անդրանիկ Մարգարյանի գործունեությունը անկախությունից հետո հայտնի է: Սակայն նրա շրջապատում կան մարդիկ, որոնք նրան ճանաչում էին երիտասարդական տարիներից, նրա «այլախոհական» շրջանից: Հիշեցնենք, որ Ա. Մարգարյանի ժամանակակիցների համար առավել խորհրդանշականը նրա քաղաքական կենսագրությունն է: Նա 1968 թ.-ից եղել է ընդհատակյա քաղաքական՝ «Ազգային միացյալ կուսակցության» (ԱՄԿ) անդամ, 1973-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ: Իր քաղաքական հայացքների համար 1974 թ.-ին ձերբակալվել ու դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:

Երեկ ՀՀ վարչապետի խորհրդական եւ նրա մտերիմ ընկեր Ռազմիկ Մարկոսյանը, չնայած իր վշտին, համաձայնեց պատասխանել «Առավոտի» մի քանի հարցերի: Նա ասաց, որ առաջին անգամ Անդրանիկ Մարգարյանի հետ առնչվել է ընդհատակում՝ ԱՄԿ-ի կողմից հիմնված տպարանի հարցով։ 1975 թվականից սկսվել է նրանց մտերմությունը Մորդովիայի քաղաքական 19-րդ ճամբարում։ «Չորս-հինգ ամիս միասին անցկացնելուց հետո մեզ տեղափոխեցին Պերմի թիվ 37 նորաբաց ճամբարը: Երբ Ա. Մարգարյանն ազատվեց, իմ բացակայության ժամանակ այցելում էր ծնողներիս, եղբորս, իսկ իմ հարազատները կարոտը նրանից էին առնում: Ազատվածներից միակն էր, որ շարունակեց այցելել ինձ, անգամ, երբ ես 2 տարվա տնային կալանքի էի դատապարտված»,- շարունակում է Ռ. Մարկոսյանը:

Ի դեպ, վերջինիս սեղանին դրված էր 1977 թվականի մայիսի 28-ին Մորդովիա ուղարկված Ա. Մարգարյանի նամակը. «Աշխատում եմ Էներգետիկայի ինստիտուտում: Ես եւ Սուսանը (կինը- Ռ. Մ.) հաճախ ենք լինում ձեր տանը, Աշոտը (Նավասարդյանը- Ռ. Մ.) ամուսնացել է, աշխատում է, Ազատին (Արշակյան- Ռ. Մ.) մեկ անգամ եմ տեսել՝ մի քանի րոպեով: Երեւանում առանձնապես նորություններ չկան: Վերջերս արտասահմանյան ռադիոն շատ է խոսում այն մարդկանց մասին, որոնք նստած են եղել ճամբարներում եւ այժմ նստած են: Խոսքս հայերին է վերաբերվում: Նրանք հաղորդում են ոչ ճիշտ ինֆորմացիա մեր մասին: Նրանք երբեք չեն պաշտպանել մեզ եւ մինչեւ այժմ, բացի վնասից՝ օգուտ չեն տվել:

Աշխարհը ստեղծվելուց ի վեր մենք եղել ենք բարու կողմը, եւ կարիք չկա, որ չարը խառնվի մեր գործերին: Մենք չենք ուզում խաղալիք դառնալ քաղաքական խաղերում: Կյանքը ցույց է տվել, որ այդ խաղերում միշտ էլ խաղալիքները ջարդվել են, կոտրվել կամ էլ՝ խաղին մասնակցելուց հետո, դեն են շպրտվել»:

Ռ. Մարկոսյանի գնահատմամբ, Ա. Մարգարյանը հստակ պետական մտածողություն ուներ, բարձր մարդկային հատկանիշներ. «Նա երբեք չկառչեց իր ես-ին, ու իր հաջողությունը դրանով էր պայմանավորված»:

«Դուք նրա վարչապետության օրոք եղել եք նրա խորհրդականը: Հե՞շտ էր նրա հետ աշխատելը»: Ռ. Մարկոսյանը պատասխանեց, որ Ա. Մարգարյանի առաջարկով է ստանձնել Կրոնի գործերով պետական խորհրդի պատասխանատուի պաշտոնը, իսկ երբ այն լուծարվեց, վարչապետը կարողացավ կառավարության աշխատակազմում ստեղծել Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչությունը. «Նրա ընկալմամբ՝ մինչ անկախացումը բռնադատված էին ոչ միայն անձինք, այլեւ հոգեւոր արժեքները՝ եկեղեցին: Նրա օրոք սկսվեց Հայաստանյայց առաքելական եկեղեցուց խլված շենք-շինություններն ու վանքերը հանձնելու գործընթացը»: Ռ. Մարկոսյանի բնորոշմամբ. «Ա. Մարգարյանը փխրուն էր: Եթե շնորհակալ էիր լինում, հուզվում էր եւ ասում, որ դա իր բարոյական պարտքն է: Հայ մարդ էր: Կորուստը մեծ է, բայց մխիթարվում ես, որ սիրված գնաց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել