Այսպես էր կոչվում մարտի 25-ին Կոմիտասի արձանի մոտ «Սկսել ա» նախաձեռնության անցկացրած հերթական ակցիան:
Ակցիայի սկզբում նախ մի փոքրիկ վիճաբանություն տեղի ունեցավ կազմակերպիչների եւ ոստիկանության ներկայացուցիչների միջեւ: Կենտրոնի ոստիկանները պնդում էին, որ քաղաքապետարանից իրենց տեղեկացրել են, թե երիտասարդներն իրավունք չունեն երթ անցկացնելու: Մինչդեռ քաղաքապետարանը «Թրանսփարենսի-Հայաստան» կազմակերպության ղեկավար Ամալյա Կոստանյանի իրազեկմանն ի պատասխան, ճիշտ է, արգելել էր մի երթուղով դեպի քաղաքապետարան երթը, սակայն երկու անգամ մերժելուց հետո՝ առաջարկել էին մեկ այլ երթուղի: Արսեն Խառատյանը նկատեց, թե այս երկու կառույցները լավ չեն աշխատում միմյանց հետ: Ոստիկանները համապատասխան փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո միայն դադարեցրին վեճը: Բայց երբ ժամը 14:30-ին մոտ երթի մասնակիցները «Ո՛չ անարդարությանը» եւ նման վանկարկումներով հասան Հանրապետության հրապարակ՝ ոստիկանները մոտեցան եւ խնդրեցին չաղմկել՝ հարգել վարչապետի հիշատակը։ Ոմանք չար կատակ համարեցին լուրը, ոմանք էլ՝ երթը դարձյալ խափանելու միջոց: Այնուամենայնիվ, լուրը ճշտելուց հետո՝ հարգելով վարչապետի հիշատակը, կիսատ թողեցին երթը:
Մինչ այդ՝ Կոմիտասի արձանի մոտ ստեղծել էին Երեւանի յուրօրինակ երկու մանրակերտեր: Պուրակի մեջտեղում, ըստ Արսեն Խառատյանի՝ «Այն Երեւանն է, որը մենք սիրում ենք եւ պատկերացնում»: Այստեղ Երեւանի պատմական, շատ անգամ՝ արդեն քանդված շենքերի պատկերներն էին, սրճարաններով չխեղդված օպերայի շենքը եւ այլն: Իսկ «Չերեւան»-ը պուրակի անկյուններում կապույտ բրեզենտներն էին, որոնց վրա զուգարանի թղթին այն բոլոր պաշտոնյաների նկարներն էին, որոնք այս կամ այն կերպ առնչակցություն էին ունեցել Երեւանի ձեւախեղմանը, նաեւ այն շինարարական կազմակերպությունների անունները, որոնք Կենտրոնի կառուցապատումից ստացած հսկայական եկամուտներից զլացան պատշաճ փոխհատուցում տալ իրենց սեփականության իրավունքից զրկված քաղաքացիներին:
Երիտասարդները նաեւ մի մեծ պաստառ էին փակցրել՝ «Ես ուզում եմ» վերնագրով, որի վրա ակցիայի մասնակիցները գրում էին իրենց ցանկությունները: Ահա դրանցից մի քանիսը. «Ուզում եմ, որ իմ բալիկն ապրի մաքուր քաղաքում: Բոլո՛ր առումներով՝ մաքուր», «Ուզում եմ, որ պահպանվեն քաղաքաշինական, բնապահպանական եւ սանիտարահիգիենիկ նորմերը», «Դուք խո՛զ եք: Պահանջում ենք մաքրություն: Վճարեք մաքրողներին եւ կենտրոնը մի ապականեք», «Վերադարձրեք իմ չքնաղ Երեւանն իր աննման այգիներով», «Ուզում եմ, որ իմ քաղաքում շնչելու օդ լինի», «Ուզում եմ, որ մարդկանց իրենց տներից դուրս չհանեն ու քաղաքն իր դեմքն ունենա»: Իսկ մեկը նույնիսկ բանաստեղծություն էր գրել. «Քաղաքն իմն է: / Որքան էլ որ ես չճանաչեմ մայթերը հին՝ / երեկ թողած տունն այն կանգուն, / այսօր կանգնեմ փլատակին՝ / երկիրն ի՛մն է»:
Հ. Գ. Ակցիային մասնակցում էին նաեւ սեփականությունից զրկված Կենտրոնի քաղաքացիները: «Պետական կարիքների զոհեր» կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը մեզ ներկայացրեց ուշագրավ մանրամասներ՝ Կենտրոնը կառուցապատող կազմակերպությունների «ծագումնաբանության» մասին, որոնք, պարզվում է, գերազանցապես գրանցված են օֆշորային գոտիներում: Մանրամասն՝ առաջիկայում: