Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՐԱՆ ՈՉ ՈՔ ՉԷՐ ԱՏՈՒՄ»

Մարտ 27,2007 00:00

\"\"Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ վախճանը ցնցեց ոչ միայն նրան ճանաչողներին, այլ նաեւ առավել լարվածություն հաղորդեց առանց այն էլ ոչ հանգիստ նախընտրական մթնոլորտին:

Մահվան հանգամանքները

Հայ հանրո ւթյունը սիրում է առասպելներ հորինել հայտնի մարդկանց հանկարծակի մահվան շուրջ: Միայն այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ներկայացնում ենք մանրամասներ երեկ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից: Ըստ այդմ՝ նախարար Նորայր Դավիդյանի գլխավորած հանձնաժողովը, որին մաս է կազմել անգամ վարչապետի օգնական, բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Ավագյանը, կատարել է Անդրանիկ Մարգարյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն. «Հանձնաժողովը եզրակացրեց, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, 56 տարեկան, տառապել է սրտի իշեմիկ հիվանդությամբ, աթերոսկլերոզով՝ սրտի, ուղեղի, երիկամների եւ ստորին վերջույթների առավելագույն ախտահարմամբ, հետինֆարկտային օջախային կարդիոսկլերոզով, հիպերտոնիկ հիվանդությամբ, սրտամկանի արտահայտված գերաճով, որոնց կապակցությամբ նախկինում կատարվել է աորտա-կորոնար շունտավորում, սրտի պսակաձեւ զարկերակների կրկնակի ստենտավորում: Մահը վրա է հասել սրտի պսակաձեւ անոթների արյան շրջանառության խանգարման հետեւանքով առաջացած սրտի հանկարծակի կանգից»:

«Շտապ բուժօգնություն» ընկերության տնօրեն Արտյոմ Պետրոսյանը հայտնել է, թե վարչապետի տարած վիրահատության դեպքում աշխատանքային ծանրաբեռնվածությունը հակացուցված էր, ինչն էլ հանգեցրել է առողջական վիճակի վատթարացման:

Անդրանիկ Մարգարյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի է ունենալու մարտի 27-ին, ժամը 18-ին, Ավան թաղամասի Սայաթ-Նովա 8 հասցեում: Մարտի 28-ին, ժամը 12-ին, Օպերայի եւ բալետի թատրոնի շենքում տեղի կունենա նրան վերջին հրաժեշտի արարողությունը: Իսկ ժամը 15-ին տեղի կունենա հուղարկավորության արարողությունը Կոմիտասի անվան պանթեոնում: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել մարտի 28-ին սուգ հայտարարելու մասին:

Սգում են անգամ ընդդիմախոսները

Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեին անգամ իշխանության այլ ներկայացուցիչներին, մեղմ ասած, չխնայող գործիչները: Ավելի ստույգ՝ ինչպես երեկ ասաց ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Զաքարյանը՝ «Նրան Հայաստանում ոչ ոք չէր ատում։ Թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ուժերը վարչապետի հետ լավ հարաբերություններ ունեին։ Սա խոսում է նրա մարդկային արժեքների մասին»։ Իսկ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը «Ռադիոլուրին» խոստովանեց. «Մեկ դեպք չեմ կարող հիշել, որ նա իրեն հայ տղամարդուն եւ հայ մարդուն ոչ վայել քայլ աներ։ Անդրանիկ Մարգարյանն ինձ համար շատ թանկ էր։ Բոլորս էլ ցավ ենք ապրում»։

«Անդրանիկ Մարգարյանը հավասարակշռված քաղաքական գործիչ էր, եւ նրա բացակայությունը կարող է նկատելի լինել,- հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:- Մեր հիշողության մեջ Անդրանիկ Մարգարյանը կմնա որպես հայրենասեր քաղաքական գործիչ եւ պարկեշտ մարդ, որն իր արժանի ավանդն ունի Հայաստանի անկախության կայացման գործում»:

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը նշե ց. «Մեր իշխանական համակարգում Անդրանիկ Մարգարյանն իր հանդուրժողականությամբ, իր ճկուն քաղաքականությամբ հավասարակշռություն էր պահում քաղաքական դաշտում։ Երբ նա կար, իշխանական մոնոպոլիան բացահայտ չէր։ Հիմա նոր վիճակի մեջ ենք մտնում»։

«Հանրապետության» նախագահ Արամ Սարգսյանը «ՆՏ»-ին ասաց, թե Անդրանիկ Մարգարյանի ամենակարեւոր հատկանիշներից էր այն, որ նա նման բարձր պաշտոնում աշխատելիս չփոխվեց որպես մարդ: Ըստ Արամ Սարգսյանի, դժբախտաբար Հայաստանի իշխանական բուրգում շատ քիչ են մարդիկ, ովքեր ունեն «դրական լիցքեր, մարդկային որոշակի հատկանիշներ, հանդուրժողականություն, ներելու ունակություն, եւ այդ ցանկում Անդրանիկ Մարգարյանն առաջինն էր»: «Հանրապետության» նախագահը հատկապես կարեւորեց այն հանգամանքը, որ Անդրանիկ Մարգարյանը կարողանում էր պահպանել նորմալ հարաբերություններ ընդդիմության հետ: Եվ ըստ Արամ Սարգսյանի, այժմ էլ ավելի կդժվարանան իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները:

ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսը իր ցավակցական խոսքում հույս է հայտնել, որ վարչապետի հանկարծակի մահը չի վատթարացնի քաղաքական կացությունը Հայաստանում՝ մայիսի 12-ի ԱԺ ընտրություններից առաջ:

Ի՞նչ կլինի ՀՀԿ-ում

ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը Անդրանիկ Մարգարյանի մահվանից ժամեր անց լրագրողներին ասաց, որ թեեւ չափազանց մեծ է կորուստը, այնուամենայնիվ «կուսակցությունը կկարողանա ուժ գտնել իր մեջ եւ տանել այս չափազանց ծանր կորուստը եւ, ի վերջո, ավարտել միասին սկսած գործերը»: Երեկ ազդարարվեց, որ ՀՀԿ նախագահի պարտականությունները կատարելու է ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ ՀՀԿ գրասենյակում ասաց, թե Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեությունը ցույց է տալիս, որ նա վճռական է եւ կարողանում է «ոգեկոչման ու իմաստության դասեր տալ»։ Նա հայտարարեց նաեւ, թե նախընտրական քարոզարշավը ՀՀԿ-ն նույն տեմպերով է շարունակելու: Իսկ ՀՀԿ-ի նոր նախագահ կընտրվի առաջիկա համագումարում, որը կգումարվի քարոզարշավի մեկնարկից հետո:

Ի՞նչ կլինի կառավարությունում

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպեց ՀՀԿ, ՀՅԴ, ՄԱԿ խմբակցությունների եւ «Ժողպատգամավոր» ու «Գործարար» խմբերի ներկայացուցիչների հետ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրել էր նրանց, որ կձեռնարկի Սահմանադրությամբ սահմանված ժամկետներում եւ կարգով բոլոր անհրաժեշտ գործողությունները նոր կառավարության ձեւավորման ուղղությամբ:

Իսկ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում կառավարությունը հրաժարական է տալիս: Դրանից հետո ՀՀ նախագահը 10 օրվա ընթացքում նշանակում է նոր վարչապետ, իսկ դրանից 20 օր անց՝ ձեւավորում է նոր կառավարություն: Այսինքն՝ նոր կառավարությունը պետք է ձեւավորվի մինչեւ ապրիլի 26-ը:

Եվ երեկ տեղի ունեցավ կառավարության արտահերթ նիստ, որը վարեց Ռոբերտ Քոչարյանը: «Անդրանիկ Մարգարյանը հեռացավ մեզանից շատ պատասխանատու պահի, եւ մենք, իբրեւ իշխանություն, պետք է տանք ճիշտ լուծումներ՝ ներկա վիճակից դուրս գալու համար»,- կառավարության անդամներին ասել էր պրն Ռոբերտ Քոչարյանը: Նա ընդունել էր ՀՀ կառավարության հրաժարականը ու միաժամանակ հանձնարարել հրաժարական տված կառավարության անդամներին շարունակել աշխատանքը մինչեւ նոր կառավարության ձեւավորումը:

Երեկ բազմաթիվ լուրեր տարածվեցին, թե ով է գլխավորելու կառավարությունը: Մի տարբերակը նախարար Հովիկ Աբրահամյանն է, որն անցած 7 տարում վարչապետ Մարգարյանի բացակայության ժամանակ միշտ կատարում էր նրա պարտականությունները: Շրջանառվող 2-րդ տարբերակն է, թե մինչ մայիսի 12-ը նոր վարչապետ չի նշանակվի, իսկ նրա գործառույթները կկատարի «վարչապետի պաշտոնակատար» նշանակված ՀՀ նախագահը: 

Սակայն նախագահի հետ ԱԺ մեծամասնության հանդիպման ժամանակ պայմանավորվել են, որ «նոր կառավարության ձեւավորումը, վարչապետի նշանակումը պետք է տեղի ունենան նախապես ունեցած քաղաքական համաձայնության հիման վրա: Այս առումով տրամաբանական է, որ վարչապետի պաշտոնը վերապահվի ՀՀԿ»-ին»: Այս մասին հաղորդելով ԶԼՄ-ներին՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նաեւ ասել էր. «Եթե լինի Սերժ Սարգսյանը, մենք կպաշտպանենք նրա թեկնածությունը»: Երեկ մի պահ անգամ տարածվեց, թե Սերժ Սարգսյանն արդեն իսկ նշանակվել է վարչապետի պաշտոնակատար: Սակայն ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հերքեց այդ լուրը եւ նշեց, թե մի քանի օր անց միայն ՀՀԿ խորհուրդը կքննարկի եւ կորոշի նոր վարչապետի թեկնածուին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել