Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ՄԻԱՅՆ 5 ՏՈԿՈՍԻ ՇԵՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԸ ՉԷ»

Մարտ 27,2007 00:00

\"\"Ազդարարվեց մարտի 24-ին «Օրինաց երկիր» կուսակցության 7-րդ համագումարում, որն, ըստ էության, նախընտրական էր:ԵԿ շարքերը

Համագումարին ներկա էին 700 պատվիրակներ: Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իր զեկույցում հիշատակեց, թե իր հրաժարականից հետո Օ«համալրել են 70 հազար հոգի, եւ կուսակցությունն այժմ ունի ավելի քան 100 հազար անդամ: Նրա ծավալուն զեկույցից առանձնացնենք այն դիտարկումները, որոնք վերաբերում էին առաջիկա ընտրություններին: «Այսօր Հայաստանում քարոզվում են փողն ու զոռբայությունը, «բեսպրեդելն» ու ամենաթողությունը, իսկ օրենքը, ցավոք, շատ դեպքերում մղվում է հետին պլան,- հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:- Հայաստանում ընտրություններին մասնակցում է 1-1,2 մլն մարդ: Եթե բոլորին 15-20 դոլար էլ բաժանեն՝ սա կազմելու է 20-25 մլն դոլար: Ի՞նչ է, ուզում են գնե՞լ մեր ողջ ազգին: Մեր պատասխանը մեկն է՝ ոչ: Չեն կարող գնել մի ողջ ժողովրդի, նրա արժանապատվությունը, ինքնասիրությունը, կանանց, երեխաների եւ բոլորի ապագան: Բայց փաստորեն, այսօր տեսնելով ժողովրդի ծանր սոցիալ-տնտեսական վիճակը հատկապես Երեւանից դուրս բնակավայրերում՝ որոշել են մի քանի հազար դրամով գնել մարդկանց վաղվա օրը: Բայց համոզված եմ, որ հաղթելու են օրենքն ու արդարությունը, քանի որ օրենքի եւ արդարության բանկը երբեք չի սնանկանալու: Իսկ եթե թալանված ու յուրացված, նաեւ ոչ ազնիվ միջոցներով աշխատած գումարներով փորձելու են այսօր մի քանի հազար դրամ տալ մարդկանց որպես ողորմություն ու գնել նրանց ապագան, եւ փորձելու են պարտադրանքո՛վ, ստիպելո՛վ անդամագրվել այս կամ այն քաղաքական կառույցներին՝ այսպես մենք հեռուն չենք գնա»: Նշենք, որ ՕԵԿ նախագահը հետո լրագրողներին ասաց, թե չեն միանալու «Իմպիչմենթ» դաշինքի նախաձեռնությանը՝ դիմել ԿԸՀ-ին, որ չգրանցեն ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ ԺԿ-ին:

Ապրիլի 9-ին ՕԵԿ-ը հանրությանն է ներկայացնելու իր նախընտրական ծրագիրը, որն Արթուր Բաղդասարյանի բնորոշմամբ՝ լինելու է «Հայաստանի լավագույն սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերից մեկը», եւ այստեղ «հստակ, ըստ ոլորտների կմատնանշենք այն ուղղությունները, որոնցով, կարծում ենք, որ մեր երկիրը պետք է ընթանա առաջ»: Նա արդեն իսկ հրապարակեց այդ ծրագրի որոշ հիմնադրույթներ. «Աջակցություն փոքր ու միջին գործարարությանը», բացի այդ՝ պետությունը պետք է անմիջական մասնակցություն ունենա աշխատատեղերի ստեղծմանը, առողջապահության համակարգում պիտի ներդրվի պարտադիր ապահովագրության մեխանիզմը, ընդունելության քննությունների համակարգը պիտի իսպառ վերանա եւ այլն:

«Այս բարձր ամբիոնից հայտարարում եմ, որ ՕԵԿ-ը պայքարելու է իրոք ազատ ընտրությունների համար: Մենք պայքարելու ենք, որ չբռնաբարվեն մարդկանց ձայները: Բոլո՛ր հանձնաժողովներում, ընտրական բոլո՛ր տեղամասերում ՕԵԿ-ը պատրաստ է համագործակցել քաղաքական այն բոլոր կառույցների եւ անհատ գործիչների հետ, ովքեր իրոք ջանքեր են ներդնելու, որ չկեղծվեն այս ընտրությունների արդյունքները: Մենք բաց ենք համագործակցության համար ընդդիմադիր դաշտի այն կուսակցությունների հետ, որոնք ոչ թե սոսկ խոսքով, այլ գործով պատրաստ են պայքարել, որ կարողանանք անցկացնել ժողովրդի կամքն արտահայտող ընտրություններ»,- հայտարարեց պրն Բաղդասարյանը:

Նշենք, սակայն, որ փետրվարի 23-ի ասուլիսում էլ ՕԵԿ նախագահը հայտարարել էր, թե 41 մեծամասնական ընտրատարածքներում կուսակցությունն իր թեկնածուներին առաջադրելու է ընդդիմության հետ համաձայնեցված: ՕԵԿ-ն այժմ ունի մեծամասնական ընտրակարգով առաջադրված 15 թեկնածու: Եվ թիվ 2 ընտրատարածքում ՕԵԿ երիտմիության նախագահ Սամվել Ֆարմանյանի մրցակիցներից մեկն «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Գարեգին Կոստանդյանն է: Թիվ 4-ում ՕԵԿ-ական Սուրեն Մամիկոնյանը մրցակցում է ԱՄ-ից Սարգիս Մուրադխանյանի եւ ՀՀՇ-ից Արամ Մանուկյանի հետ: Թիվ 6-ում ՕԵԿ ներկայացուցիչը Գագիկ Բաղդասարյանն է, որը մրցակցում է Աղասի Արշակյանի հետ: Թիվ 9-ում Մհեր Շահգելդյանից ու Արարատ Զուրաբյանից բացի՝ ընդդիմության այլ ներկայացուցիչ էլ կա՝ ԱԺԴ-ի երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Վարդանյանը: Եթե նրա ղեկավար Արշակ Սադոյանը թիվ 12-ում զիջեց ՀԺԿ-ական Վարդան Մկրտչյանին՝ վերջինիս հետ դեռ շարունակում է մրցակցել ՕԵԿ-ական Հասմիկ Բաղդասարյանը: ՀԺԿ-ի եւ ՕԵԿ-ի թեկնածուների ճանապարհները խաչվել են նաեւ թիվ 31-ում՝ Լարիսա Փարեմուզյան եւ Վիկտորյա Հարությունյան, նրանց էլ հավելենք ՀՀՇ-ից Սարգիս Թամազյանին: Եվ վերջապես՝ թիվ 35-ում էլ մրցակցում են «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Լյովա Գալստյանն ու Սամվել Բալասանյանը: Միջանկյալ նշենք, որ ՕԵԿ-ի մեծամասնական ընտրակարգով առաջադրված գրեթե բոլոր թեկնածուները ելույթ ունեցան այս համագումարում: Իսկ ՕԵԿ նախագահը լրագրողների հետ զրույցում նորմալ համարեց ընդդիմադիր թեկնածուների՝ միմյանց դեմ առաջադրվելը. «Մի քանի տեղ էլ եթե համընկել է, ոչ մի ահավոր բան չկա: Ի՞նչ է, իշխանություններն իրար դեմ չունե՞ն թեկնածուներ»:

Արթուր Բաղդասարյանը համագումարում վերընտրվեց կուսակցության նախագահ: Կուսակցության փոխնախագահներ ընտրվեցին Հեղինե Բիշարյանը եւ Մհեր Շահգելդյանը: Նախկին փոխնախագահ Գագիկ Ասլանյանն ընդհանրապես ներկա չէր համագումարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել