Իսպանիայի Սաֆրա քաղաքում երեկ ավարտվեց Ռյուի Լոպեսի անվան շախմատի 15-րդ կարգի միջազգային փառատոնը:
Շախմատային աշխարհի, եթե կարելի է ասել, վերնախավի երկրորդ խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ այս մրցաշարում փայլուն հանդես եկավ հայաստանցի գրոսմայստեր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Գաբրիել Սարգսյանը: Նա նախավերջին՝ վեցերորդ տուրից հետո, 1,5 միավորի առավելությամբ այլեւս անհասանելի դառնալով մրցակիցների համար, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ իր համար ապահովեց հաղթողի պատվանդանը: Գաբրիելը Սաֆրայում մեկը մյուսի հետեւից պարտության մատնեց չինուհի Հու Յիֆանին, բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովային, հնդիկ Կրիշնան Սաշիկիրանին, ուկրաինացի, ՖԻԴԵ-ի նախկին չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովին, իսպանացի Մանուել Պերես Կանդելարիոյին եւ միավորը բաժանելով միայն Հոլանդիան ներկայացնող Իվան Սոկոլովի հետ՝ վեց հնարավորից վաստակելով 5,5 միավոր, ժամկետից շուտ ճանաչվեց այդ հեղինակավոր մրցաշարի միանձնյա հաղթող:
Երեկ եզրափակիչ՝ 7-րդ տուրում Գաբին հանդիպելու էր երկրորդ տեղում ընթացող պերուացի Խուլիո Գրանդայի հետ, որի արդյունքը հայ շախմատիստի համար այլեւս որեւէ էական նշանակություն չուներ: Գաբրիելը Սաֆրայում եւս մի պատկառելի նվաճում ունեցավ, որի մասին երեկ մեզ տեղեկացրեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը: «Գաբրիել Սարգսյանը խաղացած վեց տուրերից հետո իր վարկանիշային միավորներն ավելացրեց ամբողջ 20 կետով,- ասաց նա:- Այնպես որ, նա եզրափակիչ տուրում էլ հաղթանակ տանելու դեպքում կարող է բարելավել իր նաեւ այդ ցուցանիշը»: