Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԳՁԳՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՍԱՎ ՎԵՐՋՆԱԳԾԻՆ

Մարտ 26,2007 00:00

Կամերային երաժշտության տանը ապրիլի 3-ին կկայանա 2005-ից մեկնարկած՝ Կոմիտասի անվան համահայկական երգի մրցույթի եզրափակիչ փուլը, իսկ ապրիլի 5-ին Ազգային օպերային թատրոնում՝ մրցանակակիրների եւ արվեստի հայ վարպետների գալա համերգը:

Ժամանակին «Առավոտն» անդրադարձել է հիշյալ մրցույթին: Հիշեցնենք, որ դեռեւս 2005թ. սեպտեմբերին ամերիկաբնակ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի եւ Լոս Անջելեսում նրա ղեկավարած Կոմիտասի անվան դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախաձեռնությամբ է սկիզբ դրվել մրցանակաբաշխությանը: Հայաստանում 2005թ. սեպտեմբերին կայացած մրցութային երկու փուլերին մասնակցած 400 մասնակցից ժյուրին (կոմպոզիտորներ Մ. Վարդազարյան, Վլ. Բալյան, երաժշտագետ Ք. Փիլոսյան, երգչուհիներ Օ. Համբարձումյան, Շ. Պետրոսյան եւ այլք) ընտրել էր 40 երգչի: Հայաստանյան փուլերը տարաբնույթ խոսակցությունների առիթ էին տվել, օրինակ, մրցույթի երեւանյան պատասխանատու՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի արդեն նախկին տնօրեն Լաերտ Մովսիսյանը, նկատի ունենալով մրցույթի մասշտաբները, հրավիրել էր ժողով եւ հայտարարել էր, որ եզրափակիչ անցած 40 երգիչները պետք է մասնակցեն Լոս Անջելեսում կայանալիք վերջին փուլին:

Այս եւ այլ հարցերի պարզաբանումների ակնկալիքներով հանդիպեցինք Ֆլորա Մարտիրոսյանին: Հարցին, թե ինչո՞ւ այսքան ձգձգվեց մրցույթը, երգչուհին ասաց. «Քանի որ մրցույթը համահայկական է, մեզ ժամանակ էր հարկավոր, որպեսզի աշխարհով մեկ սփռված պատանի հայ երգիչները հասցնեն իրենց DVD-ները ուղարկել Լոս Անջելես, որտեղ ժյուրին (կոմպոզիտոր Կ. Օրբելյան, դիրիժոր Մ. Ավետիսյան, երգիչներ Ռ. Մանսուրյան, Ռ. Թելունց եւ այլք) ընտրեր այն լավագույններին, որոնք հնարավորություն կստանան մասնակցելու Երեւանում անցկացվող եզրափակիչ փուլին: Կրկնում եմ՝ DVD-ների միջոցով մրցույթին մասնակցեցին մեր հայրենակիցները Ավստրալիայից, Կանադայից, Գերմանիայից, Սիրիայից, Թուրքիայից, Իրանից, Ռուսաստանից եւ, բնականաբար՝ ԱՄՆ-ից: Ժյուրին ընտրեց 5 լավագույններին, որոնք էլ կմասնակցեն ապրիլի 3-ին Կամերային երաժշտության տանը անցկացվող եզրափակիչ փուլին»: Ինչ վերաբերում է Լաերտ Մովսիսյանի արած հայտարարությանը, թե 40 երգիչներն էլ պետք է մեկնեն Լոս Անջելես, Ֆ. Մարտիրոսյանը հերքեց, նշելով միայն, որ Լ. Մովսիսյանը մրցույթի հետ կապ ուներ այնքանով, որքանով ի սկզբանե որոշված էր մրցույթն անցկացնել պետական որեւէ կառույցի հետ, իսկ պարոն Մովսիսյանը այդ ժամանակ գլխավորում էր Պետական ֆիլհարմոնիան: Հետաքրքրվեցինք՝ իսկ ամերիկյան կողմից գոյություն ունի՞ պետական կառույց, որի հետ համագործակցում են: Տիկին Մարտիրոսյանը հայտնեց, որ Լոս Անջելեսում իր ղեկավարած Կոմիտասի անվան կրթօջախը մոտ ապագայում դառնալու է արվեստի դպրոց՝ ԱՄՆ կառավարության հովանավորությամբ. «Արդեն ստացել ենք IRS ամերիկյան պետական կառույցի կողմից թույլտվություն՝ դառնալ պետական կազմակերպություն»:

Ֆ. Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք նաեւ, որ նման մեծամասշտաբ միջոցառումները մեծ ծախսեր են պահանջում եւ, «Առավոտի» տվյալներով, երգչուհին 2006թ. կազմակերպել է փակ համերգ՝ դրամահավաքով, մրցույթի ծախսերը հոգալու համար: Նա հաստատեց մեր տեղեկատվությունը, ասելով, որ այդ համերգը կայացել է գարնանը, «Օջախ» ռեստորանային համալիրում, որտեղ ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպանատների աշխատակիցներ, բարեգործներ, եւ հավաքված 18.000 դոլարը տրամադրվելու է մրցույթին. «Բացի Գրան պրիից ու երեք մրցանակային տեղերից, կլինեն նաեւ խրախուսական մրցանակներ, արժեքավոր պարգեւներ»:

Օգտագործելով Ֆ. Մարտիրոսյանի հետ մեր հանդիպման հնարավորությունը, հիշեցրինք, որ այս տարի լրանում է իր բեմական գործունեության 30-ամյակը եւ հարցրինք, թե ինչպե՞ս է պատրաստվում նշել հոբելյանը: Ֆ. Մարտիրոսյանը հայտնեց, որ առաջինը հայրենիքում կնշի՝ հավանաբար աշնանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել