Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Մարտ 26,2007 00:00

\"\"ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԿԱՐՍ-ԱԽԱԼՔԱԼԱՔ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ

Մեր քաղաքական գործիչները տրամագծորեն հակադիր գնահատականների

են արժանացնում Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցման մասին 2007թ. փետրվարի 7-ի թուրք-վրաց-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումը:

Իշխանության աջակիցները պնդում են, որ դա սոսկ քաղաքական նախագիծ է, որի կառուցումից հրաժարվելու «գինը» Ղարաբաղն է, ուրեմն՝ թող կառուցեն: Ընդդիմության մի մասի կարծիքով, ընդհակառակը, իշխանությունների անզիջում քաղաքականությունն է համարում Կարս-Ախալքալաքի կառուցման պատճառը։ Այս գնահատականները թերեւս չափազանցված են ու միակողմանի:

Անցած տարիների ընթացքում Թուրքիան բազմիցս բացահայտ ճնշումներ էր գործադրում Վրաստանի վրա՝ արագացնելու համար այդ պայմանագրի ստորագրումը եւ դրա մասին բազմաթիվ ահազանգեր են եղել, որոնց իշխանությունները վերաբերվել են որպես «ձայն բարբառոյ յանապատի», չփորձելով Վրաստանին առաջարկել այն այլընտրանքը, որը Հայաստանի ձեռքի տակ էր՝ Իրանից գազ ստանալու հնարավորությունը: Ուստի, 2006-2007թթ. ձմռան ամիսներին Վրաստանի ռուսական շրջափակման եւ Ադրբեջանի տրամադրած աջակցության պայմաններում կոտրվեց ո՛չ միայն Թբիլիսին, այլեւ մեղմացավ նաեւ ԱՄՆ-ի բացասական դիրքորոշումը՝ «Կարս-Ախալքալաք» կառուցման հարցում: Ստացվում է, որ մեր հակառակորդները օգտագործեցին հարմար պահը, իսկ մենք ընդհակառակը՝ ունենալով հակախաղի ռեալ հնարավորություն՝ ի դեմս Իրան-Հայաստան գազատարի, որից համառորեն փորձում էր օգտվել նաեւ Վրաստանը, գիտակցաբար հրաժարվեցինք դրանից: Տարիներ շարունակ հետաձգված, իսկ վերջերս՝ միտումնավոր կերպով «պահածոյացված» Իրան-Հայաստան գազատարը կարող էր դառնալ այն էներգետիկ այլընտրանքը, որը կչեզոքացներ ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումը՝ Հայաստանի շրջափակումն ուժեղացնելու միջոց դարձրած Ադրբեջանի ու Թուրքիայի ծրագրերը: Վրաստանն ինքը եւս փորձում էր եռակողմ բնույթ հաղորդել Իրան-Հայաստան գազատարի ու էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրերին: Ընդառաջեցի՞նք մենք նրան, երբ տարրական հաշվարկ ունենալու դեպքում մինչեւ ցրտերը կարելի էր գործարկել այդ գազատարը եւ թույլ չտալ, որ Վրաստանը անձնատուր լինի Ադրբեջանին ու Թուրքիային։ Վրացիները հասկացան, որ եթե Իրան-Հայաստան գազատարի կառավարումն անցնում է ռուսական կողմին, այսինքն՝ Հայաստանը ինքն իրեն մեկուսացնելով մեկուսացնում է նաեւ Վրաստանը, ուրեմն՝ մոտեցող ձմռան ու ռուսական շրջափակման պայմաններում իր միակ այլընտրանքն Ադրբեջանն է: Արդյունքում ձեւավորվեց ոչ թե Հայաստան-Վրաստան, այլ Վրաստան-Ադրբեջան տանդեմը՝ Թուրքիայի օրհնությամբ: Ուրեմն՝ Ադրբեջանը կարողացավ ժամանակին դիամակայել Վրաստանին գազ չմատակարարելու՝ Ռուսաստանի պահանջներին, իսկ մենք ընդհակառակը՝ փակեցինք Իրան-Հայաստան-Վրաստան այլընտրանքը, այսինքն՝ առաջնորդվեցինք ո՛չ թե մեր ազգային շահերով, այլ երրորդ կողմի թելադրանքով, ինչը արդեն եղել է բազմիցս: Այսուհետեւ ոմանք, մանավանդ՝ իշխող կոալիցիային մաս կազմող «ազգային» կուսակցությունները, թերեւս, պետք է զգուշորեն օգտագործեն «ազգային շահեր» հասկացությունը, քանի որ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, որոնց կողմնակիցն եմ նաեւ ես, նրանք փոխարինել են այլ «տրամաբանությամբ»:

Ներկա ժամանակավոր անզորությունը բխում է այն կոնկրետ քաղաքական ուղեգծից, որն իրականացվել է մինչեւ այժմ եւ մենք ի զորու ենք կասեցնել մեր շուրջը ծավալվող վտանգավոր գործընթացները: Մի պահ պատկերացնենք, որ «Կարս-Ախալքալաքի» պայմանագիրը ստորագրվեր սրանից 10 կամ նույնիսկ՝ 5 տարի առաջ: Պարզ է, որ մեզանից ոչ ոք չէր կասկածի, որ այն անիրականանալի է, քանի որ ամենեւին էլ ոչ պատահաբար նախորդ տասնամյակում ստորագրված եւ ներկայումս գործող կամ գործարկվող՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, կամ՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը անցնում են ոչ թե մեր սահմանների անմիջական հարեւանությամբ՝ Ջավախքի տարածքով, այլ շատ ավելի մեծ կորագծով են շրջանցում Հայաստանը: Այսինքն՝ ինչպես կախաղանի օղակն է հետեւողականորեն սեղմվում ու նեղանում, այնպես էլ սեղմվում է մեր երկրի կոմունիկացիոն շրջափակման օղակը, որը, իմիջիայլոց, դրանով չի սահմանափակվելու, այսինքն՝ Կարսից ձգվելու է Իգդիր, իսկ այնտեղից՝ Նախիջեւան։ Սա Հայաստանի շրջափակման թուրք-ադրբեջանական ծրագիր է, որի իրականացման համար, կրկնում եմ, օգտագործվեց Հայաստանի իշխանությունների կոպիտ սխալը եւ ընտրվեց հարմար պահը: Վրաստանի ձմեռային էներգետիկ շրջափակումը Ռուսաստանի կողմից Թուրքիան ու Ադրբեջանը օգտագործեցին՝ նրան գազ մատակարարելու, 200 մլն վարկ, փաստորեն՝ կաշառք տալու եւ ապա՝ 2007թ. փետրվարի 7-ի փաստաթղթի ստորագրումը գլուխ բերելու համար: Իսկ մինչ այդ Վրաստանը հստակորեն հենց ինքն էր ձգձգում «Կարս-Ախալքալաքի» նախագծի իրականացումը՝ ԱՄՆ-ի որոշակի ազդեցությամբ:

Սա նշանակում է, որ պատմությունը կրկնվում է, քանի որ տեղի ունեցավ այն, ինչը արդեն մեկ անգամ գրանցվել է մեր պատմական տարեգրության էջերում՝ 1917թ. բոլշեւիկյան հեղաշրջման ու ռուսական զորքերի հեռանալու արդյունքում՝ 1918 թվականին: Այդ ժամանակ էլ Թուրքիան 1918թ. մայիսի առաջին անհաջող գրոհից հետո անցավ Հայաստանն օղակելու եւ խեղդելու քաղաքականությանը՝ հասնելով մինչեւ Բաքու եւ աքցանի մեջ առնելով մեր երկիրը: Ներկայումս նույնպես նկատվում է նույն օրինաչափությունը՝ ոչ թե բացահայտ ռազմական ագրեսիայի, այլ էներգետիկ ու կոմունիկացիոն շրջափակման տեսքով: Իսկ տարածաշրջան մուտք գործող Արեւմուտքը առաջնորդվում է Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման խնդրով, որը պահանջում է տիրանալ ոչ միայն Բաքվի, այլեւ Միջին Ասիայի ու Ղազախստանի էներգառեսուրսներին։ Ուրեմն՝ Կարս-Ախալքալաքի կառուցման համաձայնագրի ստորագրումը հանդիսանում է Հայաստանի ղեկավարության կողմից սեփական ազգային շահերն անտեսելու արդյունքը։ Անկախ նրանից, գիտակցված քայլ էր դա, թե տարրական հաշվարկի բացակայություն, միեւնույն է, տեղի ունեցածի մեջ մենք այսօր պարտավոր ենք մեղադրել նախ եւ առաջ ինքներս մեզ եւ չփորձել Վրաստանին մեղադրել «դավաճանության», իսկ մեր հակառակորդներին՝ «անբարոյականության» մեջ, քանի որ սա հին ու անօգուտ մտածելակերպ է: Կարս-Ախալքալաքի կառուցման համաձայնագիրն ունի նաեւ իր աշխարհաքաղաքական բաղադրիչը՝ Տարածաշրջանային համագործակցության հեռանկարների մասին Թբիլիսիում ստորագրված եռակողմ հռչակագրի տեսքով, որը նաեւ որոշակի աշխարհաքաղաքական օղակ է ստեղծում Հայաստանի շուրջը, ինչը հեռանկարում կարող է վերածվել ռազմավարական դաշինքի: Վրաստանի նախկին նախագահ Էդ. Շեւարդնաձեի վերջին ակնարկները եւս խոսում են դրա մասին: Ցանկացած լուրջ տնտեսական նախագիծ ժամանակի ընթացքում վերածվում է նաեւ ռազմավարական համագործակցության, եթե մինչ այդ չի ստեղծվում նրա այլընտրանքը: Բայց ես չեմ կարծում, որ ամեն ինչ կորած է եւ վաղն իսկ Վրաստանը վերածվելու է Ղարաբաղի ու այլ հարցերում մեզ պայմաններ թելադրելու՝ թուրք-ադրբեջանական գործիքի: Վրաստանի նպատակը կարճաժամկետ է եւ ֆորս-մաժորային՝ օգտվել ռուս-ամերիկյան հարաբերություններում նկատվող որոշ սառնությունից եւ ինչ գնով էլ լինի արագորեն «մտնել» ՆԱՏՕ։ Նույն առաջարկը ստացել է նաեւ Ադրբեջանը, բայց չի պատրաստվում իրեն արագորեն նետել ՆԱՏՕ-ի գիրկը։ Ցավով եմ արձանագրում, որ Բաքվում ու Թբիլիսիում, ի տարբերություն Երեւանի, գիտեն, թե ինչ է ազգային շահը, բայց միաժամանակ Բաքվում է՛լ ավելի հեռատես են եւ Թբիլիսիի նման առաջ չեն ընկնում ու սպասում են՝ մինչեւ որ պարզ դառնա Վրաստանի ճակատագիրը։ Ի դեպ, ներկայումս Բաքվում ու Անկարայում մշակվում են նաեւ Ջավախքի շուրջ հայ-վրացական առճակատում առաջ բերելու ծրագրեր, քանի որ 2007թ. փետրվարի 7-ին ստորագրված Կարս-Ախալքալաքի կառուցման համաձայնագրի իրականացումը շատ բարդ ու ծախսատար է, իսկ այն որպես հայ-վրացական հարաբերությունների փչացման գործիք՝ ուղղակի անփոխարինելի է։ Այդ համաձայնագրի ներկա ֆինանսական հաշվարկներն ու ժամկետները պարզ բլեֆ են, քանի որ Կարսից-Ախալքալաք ողջ տարածքը շրջափակված է միանգամից մի քանի լեռնաշղթաներով, որոնց տակով պետք է հսկայական թունելներ փորվեն, իսկ դա երկու տարվա կամ 400 միլիոնի խնդիր չէ։ Բեռնատար գնացքների համար լիովին անպետք է նաեւ Ջավախքում խորհրդային տարիներին կառուցված գիծը, որի թեքությունն այնքան մեծ է, որ ավելի շուտ «ճոպանուղի» է հիշեցնում: Ուրեմն՝ շտապելու, խուճապի մատնվելու, առավել եւս՝ սադրանքի ենթարկվելու կարիք չկա:

Կարծում եմ, որ Կարս-Ախալքալաքի կառուցումը եւ ընդհանրապես՝ Հայաստանի հետագա մեկուսացումը դեռեւս կարելի է կանխել: Այդ մասին ես առաջիկայում եւս լուրջ ասելիք ունեմ, որն ավելի լայն ու համակարգված բնույթ ունի եւ կապված է առաջին հերթին երկրի ներքին քաղաքականության փոփոխության խնդրի հետ եւ պետք է ներկայացվի մեր ողջ ժողովրդին, առաջին հերթին՝ նրա ինտելեկտուալ հատվածին: Այսօրվա իշխանության ու նրան աջակցող ուժերի անզորության ցուցադրումը եւ դրան հետեւող այն ակնարկը, որ Կարս-Ախալքալաքի կառուցումը կանխելու գինը Ղարաբաղն է, ինտելեկտուալ մազոխիզմի դրսեւորում է: Փորձ է արվում Ղարաբաղյան հիմնահարցը դարձնել սեփական սխալները ժողովրդի վրա բարդելու միջոց: Սրանով նաեւ փորձ է արվում հասարակական կարծիքը հաշտեցնել Ղարաբաղի հարցում եւս վաղ թե ուշ ձախողվելու հեռանկարի հետ: Արդյունքում ակտուալացվում եւ կրկնօրինակվում է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Վատ ես ապրելու, Սերգո ջանը»: Հիշեցնեմ, որ այն հնչել է 1997 թվականին, այժմ 2007 թվականն է, իսկ 7 թվի կրկնությանը կարող է հետեւել նաեւ 1998-2008-ի, այսինքն՝ 8-ի կրկնությունը: Այսքան պատահականություններ չեն լինում… Առանց երկրի ներսում սպասվող հիմնարար փոփոխությունների՝ հնարավոր չէ ոչ միայն Կարս-Ախալքալաքին համարժեք քայլ կատարելը, այլեւ Ղարաբաղի կորստյան կանխումը: Վրաստանի հետ հարաբերություններում 2006-ի հուլիսին կայացած Հանրապետական կուսակցության համագումարից հետո որդեգրված «ստվերային-պարտվողականության» արմատները մեր երկրի ներսում են: Այդ քաղաքականության համատեքստում Կարս-Ախալքալաքի շինարարության հարցը վաղուց լուծված է ու համաձայնեցված: Ներկայումս ուղղակի տեղի է ունենում այդ ամենի լուսարձակումը: «Կարս-Ախալքալաքի» հանդեպ անզորության արհեստական ցուցադրումը եւ զիջումները Վրաստանին՝ սահմանագծման ու այլ հարցերում, Հայաստանում իշխանության գալու համար Հանրապետական կուսակցության պարագլուխների նախապես պլանավորած քայլերն են։ Ուստի Հանրապետականների ձախողումը երկրի ներսում՝ շղթայական ռեակցիայի էֆեկտ է ունենալու նաեւ արտաքին քաղաքականության մեջ:

Իշխանության ինքնավերարտադրության ներկա փորձերը վերածվել են ազգային-պետական շահերի «փուլային աճուրդի». նախ՝ հրաժարվում են Իրան-Հայաստան-Վրաստան գազատարի միջոցով Ադրբեջանի կողմից նախապատրաստվող «գազային կաշառքի» այլընտրանքը ստեղծելուց, որից հետո անզոր են ձեւանում ադրբեջանական գազի դիմաց Կարս-Ախալքալաքի շինարարության հետ Վրաստանի ճարահատյալ համաձայնության հանդեպ: Առաջին նվերը տրվում է Ռուսաստանին՝ գործող իշխանությանն աջակցելու ակնկալիքով, երկրորդը Վրաստանին եւ նրա միջոցով՝ Արեւմուտքին՝ իշխանության փոխանցմանն աջակցելու համար, ուստի երրորդը, ի դեմս Ղարաբաղի, վաղ թե ուշ տրվելու է Ադրբեջանին ու Թուրքիային… Երկրի ներսում ձախողված կլանային վարչակարգի ինքնավերարտադրության միակ ռեսուրսը ազգային-պետական շահերի փուլային աճուրդն է: Բայց նման աճուրդի կազմակերպիչները մոռանում են մի բան. այն արտաքին ուժերը, որոնց իրենք «տրվում են» պարբերաբար եւ առանց խտրականության, լուրջ հարցեր ունեն իրար հետ եւ, բացի դրանից, Հայաստանի դիրքերի այս աստիճանի թուլացումը չի մտնում գերտերություններից եւ ո՛չ մեկի հաշվարկների մեջ: Ուրեմն՝ ինչպես վերջիններիս, այնպես էլ ողջ հայ ժողովրդի տվյալ հարցում՝ ընդհանուր շահը պահանջում է նախ եւ առաջ՝ ազատվել Հայաստանը սեփական կլանային հաշվարկներին զոհաբերող եւ ջրապտույտի մեջ ներքաշող իշխանությունից: Սա է դառնալու Կարս-Ախալքալաքին համարժեք ձեւով պատասխանելու առաջին քայլը: Հակառակ դեպքում՝ իշխանությունների կողմից վարվող արատավոր քաղաքականությունը կշարունակվի եւ հաջորդ անգամ էլ նրանք կհայտարարեն, որ համաձայն են Ղարաբաղը զիջելու հետ, քանի որ չզիջելու գինը Հայաստանն է լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել