Լրահոս
Օրվա լրահոսը

Ստալինյան մեթոդներ՝ Մանկավարժական համալսարանում

Մարտ 26,2007 00:00

Ռեկտորը հաշվեհարդա՞ր է տեսնում

«Առավոտը» մարտի 23-ի համարում տպագրել էր փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աղասի Խաչատրյանի եւ պատմագիտության դոկտոր Պողոս Սիմոնյանի՝ «Մանկավարժականում վնասվում են պետական շահերը» վերնագրով բաց նամակը՝ ուղղված ՀՀ եւ ԱԺ նախագահներին, ՀՀ գլխավոր դատախազին: Նամակագիրները երեկ տեղեկացրին, որ Երեւանի պետական մանկավարժական համալսարանում՝ նյութի հրապարակումից հետո, իրենց եւ ընտանիքների անդամների հանդեպ հալածանքներ են սկսվել:

Մասնավորապես, Պ. Սիմոնյանը մեզ հայտնեց. «Առավոտվանից սկսել են ահաբեկել, ռեկտոր Արտուշ Ղուկասյանը նախ պահանջել է ներկայանամ իրեն, որովհետեւ իր վերաբերյալ հոդված եմ գրել: Ես հրաժարվեցի, քանի որ բաց նամակը հասցեագրված է ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին եւ ԱԺ նախագահին: Ուզում եմ, որ հենց նրանց հսկողությամբ ստուգվեն մեր կողմից բերված կոնկրետ փաստերը»:

Գիտնականը նաեւ տեղեկացրեց, որ բուհի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Աշոտ Փիլիպոսյանն էլ իրեն փոխանցել է ռեկտորի պահանջը. «Դու եւ քո կինը (Պ. Սիմոնյանի կինը՝ Ժաննա Ավետիսյանը, աշխատում է Մանկավարժական համալսարանի արտասահմանյան լեզուների ամբիոնում- Գ. Հ.) ներկայացե՛ք ռեկտորատի նիստին, եթե ոչ՝ ազատման դիմումը գրեք»: «Ենթադրենք ես հոդված եմ գրել, կի՞նս ինչ է արել»,- զարմանում է Պ. Սիմոնյանը: Նրան թույլ չեն տվել իր՝ «ՌԴ պատմություն» առարկայի քննությունն ընդունել: «Ես դիմում գրեցի ռեկտորին այն մասին, որ եկել եմ աշխատանքի, սահմանված գրաֆիկով նշանակված քննությունս ֆակուլտետի դեկանն արգելել է ընդունել: Սա աշխատանքային օրենսդրության, անձի, մանկավարժի արժանապատվության եւ սահմանադրական իրավունքի կոպիտ խախտում է»,- հայտնեց դասախոսը: Ի դեպ, պրն Սիմոնյանին մեղադրել են նաեւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ուսումնասիրությունների արդյունքներից՝ Մանկավարժական համալսարանի կոռումպացված լինելու մասին տվյալները բաց նամակում նշելու համար: Նկատենք, որ «Սարգիս Տխրունու» կազմած կոռումպացված բուհերի ցանկը բազմիցս հրապարակվել է ասուլիսներում, տպագրվել մամուլում, միության ուսումնասիրություններն էլ ուղարկվել են ԿԳ նախարարին եւ բուհերի ռեկտորներին:

Աղասի Խաչատրյանը «Առավոտին» փոխանցեց, որ Մանկավարժական համալսարանի թանգարանի կրտսեր գիտաշխատող իր դստերը՝ Էլլադա Խաչատրյանին էլ ռեկտորի օգնական Նազիկ Մարտիրոսյանն է պահանջել ազատման դիմում գրել՝ «Ձեր հայրը հոդված է գրել ռեկտորի դեմ» պատճառաբանությամբ: Չնայած այս ամենին, Աղասի Խաչատրյանն ու Պողոս Սիմոնյանը ցանկանում են, որ իրենց բաց նամակում բերված փաստերով զբաղվի ոչ թե համալսարանը՝ ռեկտորի գլխավորությամբ, այլ երկրի առաջին դեմքերի հսկողությամբ կազմված համապատասխան մասնագիտական հանձնաժողովները:

Քանի որ Մանկավարժական համալսարանի ղեկավարների հետ կապն իրականացվում է բուհի լրատվականի միջոցով, կապվեցինք մամուլի քարտուղար Սիլվա Ասրյանի հետ: Վերջինս, սակայն, հրաժարվեց պարզաբանումներ տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել