Հանձնաժողովը չի ցանկանում քաղաքացիական կամք դրսեւորել
Մարտի 19-ին լրացավ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամներ Գրիգոր Ամալյանի, Շամիրամ Աղաբեկյանի եւ Կարինե Խոդիկյանի լիազորությունների ժամկետը: Հանձնաժողով, որի «փայլուն» գործունեության ամենավառ արդյունքը «Ա1+» հեռուստաընկերության փակումն էր:
Ներկայումս ՀՌԱՀ կազմում են Արտակ Զաքարյանը, Ահարոն Մկրտչյանը, Վահագն Ավագյանը, Արա Թադեւոսյանը, Սիմավոն Անդրեասյանը եւ Ժիրայր Դադասյանը: Նրանք ունեն պաշտոնավարման տարբեր ժամկետներ, ինչն էլ բարդացնում է ՀՌԱՀ-ը նոր կարգով ձեւավորելու խնդիրը:
Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը մարտի 20-ին ստորագրել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգի» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները: Վերջիններս նախատեսում են ՀՌԱՀ-ի 8 անդամանոց կազմ՝ ներկայիս 9-ի փոխարեն: Ընդ որում, հանձնաժողովի անդամներից 4-ին կնշանակի նախագահը, մյուս 4-ին՝ Ազգային ժողովը: Այսինքն, ՀՌԱՀ-ի կազմը չի համալրվի մրցույթով, ինչպես նախկինում էր: Հաշվի առնելով ԱԺ-ի նիստերի բացակայությունը, դժվար է կանխատեսել, թե երբ կհամալրվեն դրանք ԱԺ-ի կողմից: Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի տեղակալ Իրինա Ղուլինյանն ասաց, որ իրենց մասով պրոցեսը կսկսվի միայն օրենքի ստորագրվելուց 10 օր հետո: Իսկ կոնկրետ ե՞րբ, դեռ պարզ չէ:
Փորձեցինք կապվել ՀՌԱՀ անդամներից ոմանց հետ, ճշտելու՝ արդյո՞ք պատրաստ են քաղաքացիական կամք դրսեւորել եւ ամբողջ կազմով հրաժարական տալ, որպեսզի ավելորդ ձգձգումներ չլինեն եւ ԱԺ-ի ու ՀՀ նախագահի կողմից նոր կարգով եւ արագ ձեւավորվի ՀՌԱՀ նոր կազմը:
Արտակ Զաքարյանը, որ ՀՀ նախագահի հրամանագրով ՀՌԱՀ անդամ է նշանակվել 2002-ին, այնուհետեւ վերանշանակվել 2003-ին, հրաժարվեց պատասխանել «Առավոտի» հարցերին: Նախ հետաքրքրվեց՝ ճանաչո՞ւմ եմ իրեն, թե՞ ոչ(՞), հետո էլ թե՝ «Ձեր հարցերը ֆաքսով ուղարկեք»:
Վահագն Ավագյանին (ՀՌԱՀ անդամ է նշանակվել ՀՀ նախագահի 2001 թ. եւ վերանշանակվել 2003 թ. հրամանագրերով) մեր հարցն ուղղակի ափերից հանեց: «Ես ձեր ոչ մի հարցին չեմ ցանկանում պատասխանել կամ որեւէ մեկնաբանություն տալ: Սահմանված կարգ եւ օրենք գոյություն ունի, դրանցով էլ շարժվում ենք»,- ասաց նա:
Ժիրայր Դադասյանն էլ, որ ՀՌԱՀ անդամ է նշանակվել ՀՀ նախագահի 2005 թ. ապրիլի հրամանագրով, «Առավոտին» հայտնեց. «Ես կարծում եմ՝ մեր ամբողջ աշխատանքը կարգավորված է օրենքով: Իսկ քաղաքական կամք ասվածը զուտ լիրիկա է, ինչն էլ հաճախ քանդում է մեր տունը: Եթե պե՛տք է, որ մեր լիազորությունները վայր դնենք, թող օրենքով հրաժարական պահանջեն»:
Հիշեցնենք, որ շուրջ 60 կազմակերպությունով ներկայացող «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը դեռ անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին բաց նամակով դիմել էր ՀՌԱՀ-ին՝ հրաժարականի կոչով: Եվ երբ «Առավոտի» թղթակիցը փորձել էր ճշտել («Առավոտ», 16. 12. 2006թ.) ՀՌԱՀ արդեն նախկին նախագահ Գրիգոր Ամալյանի դիրքորոշումը, վերջինից ստացել էր հետեւյալ պատասխանը. «Ի շարս հազարավոր առաջարկությունների, որոնք ստանում է Ազգային հանձնաժողովը՝ կապված այդ եւ բազմաթիվ այլ հարցերի հետ, մենք ուղղակի ի գիտություն կընդունենք նրանց տեսակետը»: