Միջէթնիկական բախումները Պենտագոնի սցենարից դուրս էին
Լրացավ իրաքյան պատերազմի չորս տարին: Դա շատ ավելին է, քան երկրորդ համաշխարհային պատերազմում Միացյալ Նահանգների զինված մասնակցության ողջ տեւողությունը: Մինչդեռ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը՝ Պենտագոնը, ի սկզբանե պլանավորել էր, որ իրենց կհաջողվի Սադամ Հուսեյնի զորքերի դիմադրությունը կոտրել 2-3 շաբաթում:
Ասենք՝ այդ կանխատեսումն ամբողջությամբ իրականացավ: Սադամի զորքն ընկավ հենց այդ ժամանակահատվածում: Բայց այն, ինչ հաջորդեց դրան, թերեւս ամերիկյան ռազմական ստրատեգների սցենարից դուրս էր: Պարզվեց, որ ԱՄՆ զինստորաբաժանումներն այնքան էլ պատրաստ չեն, այսպես կոչված, «քաղաքային-պարտիզանական» պատերազմին: Արյունոտ բախումների երկարաձգման պատճառներից մեկն էլ, ռազմական շատ փորձագետների գնահատմամբ, Իրաքում գտնվող ամերիկյան զորքերի քանակի կրճատումն էր: Ժամանակին Պենտագոնում կարծում էին, թե այստեղ կայունության ապահովման համար կոալիցիայի ուժերի 70 հազարանոց կոնտինգենտը միանգամայն բավարար է: Ավելի ուշ (2003 թ. սեպտեմբեր) անգամ այդ ոչ մեծ թիվը նախատեսվում էր նվազեցնել մինչեւ 30 հազարի: Համեմատության համար նշենք, որ այսօր կոալիցիայի զորքերի միայն ամերիկյան մասը բաղկացած է 140 հազար զինծառայողից եւ, շատերի կարծիքով, նույնիսկ այդ թվաքանակն անբավարար է Իրաքի ողջ տարածքում արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար: Արեւմտյան ռազմական դիտորդների կարծիքով, ահաբեկիչների եւ ապստամբների գործողություններին հաջողությամբ հակազդելու համար միջին հաշվով 1000 խաղաղ բնակչի վերահսկելու նպատակով հարկ է ունենալ ոչ պակաս, քան 20 զինվոր: Բաղդադի բնակչությունը կազմում է մոտ 6 մլն մարդ: Հետեւաբար, միայն Իրաքի մայրաքաղաքում կարգուկանոն ապահովելու համար կպահանջվի ավելի քան 120 հազար զինծառայող: Մինչդեռ ահաբեկչական գործողություններ, ինչպես հայտնի է, ոչ պակաս ինտենսիվությամբ տեղի են ունենում Իրաքի գրեթե բոլոր քիչ թե շատ խոշոր բնակավայրերում: Բացի այդ, պետք է նկատի առնել, որ ամերիկյան 140 հազարանոց կոնտինգենտի գրեթե 40 տոկոսը ներգրավված չէ ակտիվ ռազմական գործողություններում եւ իրականացնում է այլ (թիկունքային, շտաբային) գործառույթներ:
Այս ամենով հանդերձ, մասնագետներն այսօր դժվարանում են ասել, թե, արդյոք, բավարար չափով զինկոնտինգենտ ապահովելու դեպքում Իրաքում հնարավոր կլինի՞ կանխել բռնությունների ալիքը: Քաղաքական, միջէթնիկական, միջկրոնական եւ սոցիալական հակասություններն այս երկրում այնքան խորն են, որ զուտ տեխնիկական ներազդման միջոցներով, գոնե տեսանելի ապագայում, Իրաքի խաղաղ եւ կայուն ապագայի տեսլականը շատ դժվար է ներկայանում: Այս համատեքստում, թվում է՝ շատ տեղին է հնչում «պետք չէր այնտեղ մտնել» արձանագրումը: Իհարկե, օրերի հեռվից կամ, ինչպես ասում են՝ հետին թվով նման ճշմարտություն ազդարարելուց հեշտ բան չկա: Իրաքը զսպված հիմնախնդիրների վառոդով լեցուն մի տակառ էր, որը, միեւնույն է՝ մի օր պետք է պայթեր: Եվ չափազանց դժվար է ասել, թե ինչպիսին կլիներ այդ պայթյունը որեւէ այլ տարբերակի դեպքում. ասենք՝ Սադամի բնական մահից հետո սպասվելիք գործընթացների արդյունքում: Իրաքյան պատերազմն անհապաղ դադարեցնելու (այսինքն՝ կոալիցիոն զորքերը դուրս բերելու) պահանջներով այսօր ողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, բազմամարդ ցույցեր են տեղի ունենում: Ու եթե անգամ ընդունենք, որ ԱՄՆ-ն իսկապես սխալ է թույլ տվել՝ մտնելով Իրաք, ապա այս պահին զորքերն այնտեղից դուրս բերելը, վստահաբար, կրկնակի-եռակի սխալ կլինի: Իրաքը պարզապես կդադարի գոյություն ունենալ, դրանից բխող բոլոր տարածաշրջանային եւ միջազգային վտանգավոր հետեւանքներով: