Մահմուդ Ահմադինեջադի՝ Նյու Յորք այցելելու ցանկությունը շատերին է շփոթեցրել
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի խնդրանքը՝ թույլատրել իրեն անձամբ մասնակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ իր երկրի նկատմամբ կիրառվելիք հետագա պատժամիջոցներին նվիրված նիստին, շատերի համար անակնկալ էր: Եվ, իրոք, տարօրինակ է, երբ միջազգային հեղինակավոր այդ ատյանի իրավասությունները հրապարակավ չճանաչող ու անգամ՝ հաճախակի հեգնող այդ մարդը հանկարծ ցանկություն է հայտնել ներկա գտնվել Իրանին ավելի խիստ պատժելու թեմային նվիրված լսումներին: Արեւմուտքում ոմանք այսօր հարց են տալիս՝ արդյո՞ք սա Ահմադինեջադին բնորոշ հեգնանքի շարունակությունը չէ, որն այս անգամ արտահայտվելու է «կենդանի շփման» ռեժիմում: Իսկ գուցե Իրանի ղեկավարն իսկապե՞ս գիտակցել է իր սխալն ու որոշել «վերադառնալ միջազգային ընտանիք», տարակուսում են ուրիշները: Տարակուսելը՝ տարակուսում են, սակայն թե՛ առաջինները, թե՛ երկրորդները մի հարցում համակարծիք են. դա այն է, որ ավելորդ շահարկումներից խուսափելու համար Ահմադինեջադին պետք է տալ այդ հնարավորությունը: Ասել է թե՝ թող խոսի, հետո կորոշենք, թե ինչպես վարվել:
Եվ ահա, ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ Իրանի նախագահին ԱՄՆ մուտքի թույլտվություն տրվեց: Այս օրերին տարբեր երկրների ներկայացուցիչներ ՄԱԿ-ի կենտրոնակայանի միջանցքներում փորձում են գուշակել, թե հատկապես ինչ է ասելու Ահմադինեջադը, եւ արդյոք այն բանի համար, ինչ նա պատրաստվում է անձամբ հնչեցնել ՄԱԿ-ի ամբիոնից, արժե՞ր գալ- հասնել Նյու Յորք: Նրանցից մի քանիսը, ցանկանալով անհայտ մնալ, այս կապակցությամբ որոշ նկատառումներ են հայտնել ամերիկյան մամուլին: Այդ նկատառումներից առավել ուշագրավը թերեւս հետեւյալն է: Դիվանագետներից մեկն ասել է, թե Իրանի դեմ խիստ պատժամիջոցների կիրառման երդվյալ կողմնակիցներն ուղղակի երազում են, որ Ահմադինեջադի նոր ելույթը նմանվի քիչ ավելի վաղ նույն ամբիոնի մոտ վերջինիս արտասանած նախորդ խոսքին: Այսինքն՝ դրանում գերակշռեն անորոշ՝ միստիցիզմով շաղախված հղումներն առ Բարձրյալն ու կոնկրետությունից զուրկ հուզական-գեղարվեստական փաստարկները: Բնական է, որ այդ դեպքում խիստ պատժամիջոցներ նախատեսող նախագիծն ընդունելն արդեն դժվար չի լինի: Ըստ նույն աղբյուրի, Թեհրանի նկատմամբ առավել լոյալ դիրքորոշում ունեցողները թաքուն հույսեր են փայփայում, որ Ահմադինեջադն այս անգամ գուցե թե առավել կոնստրուկտիվ գտնվի եւ զիջումների պատրաստակամություն հայտնի: Իսկ այդ հույսը նրանց տալիս է Իրանի նախագահի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստին անձամբ մասնակցելու անսպասելի ցանկությունը:
Իսկապես, ակամա հարց է առաջանում. եթե ԻԻՀ ղեկավարը ՄԱԿ-ի կենտրոնակայանում շարունակելու է հեգնել միջազգային հանրությանն ու դարձյալ հայտարարելու է, թե «դուք արեք ինչ ուզում եք, միեւնույն է՝ ոչ ոք չի կարող Իրանի ժողովրդին զրկել ուրան հարստացնելու եւ միջուկային էներգիա արտադրելու աստվածատուր իրավունքից», հապա ի՞նչ կարիք կար դրա համար տասնյակ հազարավոր կիլոմետրեր կտրել: Չէ՞ որ այդ նույն բանն Ահմադինեջադը «մեծ հաջողությամբ» անում էր նաեւ իր հայրենիքում: Այս հարցը գուցեեւ մի քանի պատասխան ունի: Անդրադառնանք դրանցից մեկին, որը, ըստ մեզ, առավել հավանական է թվում:
Եթե հիշում եք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերյան բանաձեւը (թիվ 1737) ընդունվեց զգալի հակազդեցության պայմաններում: Այն ժամանակ նախագծի որոշ՝ նախնական դրույթների հետ իրենց կտրուկ անհամաձայնությունն էին հայտնում Ռուսաստանը եւ Չինաստանը: Ի վերջո, հենց այդ երկրների ճնշմամբ, Իրանի նկատմամբ պատժամիջոցներ նախատեսող բանաձեւի վերջնական տեքստը որոշակիորեն մեղմվեց: Հենց Անվտանգության խորհրդի մշտական անդամների միջեւ եղած անհամաձայնություններն էլ, մի շարք դիտորդների կարծիքով, Թեհրանին անհանդուրժողական կեցվածքը շարունակելու լիցքեր էին տալիս: Այս անգամ, սակայն, իրավիճակն այլ է: Թեհրանը, ինչպես ասում են, «քաշեց» իր նկատմամբ քիչ թե շատ բարյացակամ տրամադրված հիշյալ երկրներին եւ բացարձակապես ականջալուր չեղավ անգամ բավական մեղմացված բանաձեւի պահանջներին: Այլ խոսքով, Մոսկվան ու Պեկինը հիմա այլեւս «խոսելու տեղ չունեն»: Նրանց քաղաքական հեղինակությունը հարվածի տակ է, իսկ ՄԱԿ-ի ԱԽ-ում այդ երկրներին զգալի չափով «սեւերես» անողը հենց իրենց «պաշտպանյալն» է: Այն, որ Ռուսաստանն այս անգամ առավել խիստ է լինելու Իրանի հանդեպ, մի քանի օր առաջ հավաստեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովը: Իր խոսքին աննախադեպ կոշտ երանգ հաղորդելով, նա հայտարարեց, որ Ռուսաստանը երբեք չի հանդուրժի միջուկային զենքի տիրապետող Իրանի գոյությունն իր կողքին, շեշտադրելով. «թե՛ ուղղակիորեն, թե՛ անուղղակիորեն, դա վտանգ կներկայացնի Ռուսաստանի շահերի համար»:
Եվ ահա այս հանգամանքը որոշ վերլուծաբանների ստիպել է ենթադրել, որ միջազգային քաղաքական շատ ավելի աննպաստ մթնոլորտում հայտնված Իրանի նախագահը անձամբ ՄԱԿ-ի կենտրոնակայան այցելելու ցանկություն հայտնելով՝ փորձում է որոշակիորեն շտկել իրավիճակը: Կարծիքներ կան, որ այս անգամ նա երեւի խաղադրույք կանի, այսպես կոչված, երրորդ երկրների (ոչ՝ ԱԽ մշտական անդամ) վրա, իր բոցաշունչ ելույթով փորձելով շահել նրանց սիրտը:
Արդյո՞ք հենց այդպես էլ կվարվի Ահմադինեջադը կամ թե այս անգամ կդիմի ինչ- որ այլ՝ անակնկալ հնարքի, դժվար է ասել: Առայժմ նշենք միայն, որ Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցների նոր նախագիծը նախատեսում է նախկին՝ հիմնականում տնտեսական բնույթի սանկցիաների է՛լ ավելի խստացում: Բացի այդ, նախագծում կոնկրետ մեղադրանքներ են ներկայացված 15 անձանց: Այդ թվում՝ այդ երկրի պետական ձեռնարկությունների 8 ղեկավարների եւ «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի 7 առանցքային դեմքերի: Անվտանգության խորհրդի՝ վերոհիշյալ թեմայով լսումներն արդեն սկսվել են: Սպասենք նոր զարգացումների: