Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՑՈՒ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մարտ 26,2007 00:00

Ռուսաստանում լրագրությունը վաղուց արդեն նման համարում ունի

Պաշտոնական Կրեմլի համար անհաճո թեմաների մեջ մասնագիտացած լրագրողների սպանությունները Ռուսաստանում կարծես թե «բարի» ավանդույթ են դառնում: Մինչեւ վերջերս դրանցից ամենահնչեղն էր համարվում Աննա Պոլիտկովսկայայի սպանությունը, որի արձագանքներն արդեն երկար ամիսներ չեն իջնում ռուսական եւ արեւմտյան մամուլի էջերից: Ինչպես հայտնի է, Պոլիտկովսկայան իր հրապարակումներում հաճախ էր անդրադառնում Չեչնիայում մարդու իրավունքների խախտումների հրեշավոր փաստերին, զուգահեռաբար դիմազերծ անելով դրանցում Կրեմլի ունեցած դերակատարությունը: Եվ ահա, երեք շաբաթ առաջ այդ տխուր ցանկը լրացնելու եկավ եւս մի աղմկահարույց դեպք: Մոսկովյան իր բնակարանի պատուհանից դուրս նետվեց եւ ջախջախվեց ռուսական «Կոմերսանտ» թերթի մեկնաբան Իվան Սաֆրոնովը:

Ռուս իրավապահներն այս դեպքը սկզբնապես փորձում էին հանրությանը ներկայացնել նախ՝ որպես դժբախտ դեպք, ապա՝ որպես ինքնասպանություն: Ի վերջո, ինչպես հաղորդում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, քրեական գործ հարուցվեց «Ինքնասպանության հասցնելու» հոդվածով: Սակայն վերը նշված երկու՝ բավականաչափ անհաջող թխված վարկածներն էլ շատ արագ հօդս ցնդեցին, երբ «Կոմերսանտի» արդեն հանգուցյալ լրագրող Իվան Սաֆրոնովի գործընկերները հայտարարեցին, թե ինչ հրապարակում էր պատրաստում թերթի ռազմական մեկնաբանը: Ըստ այդմ, պարզ դարձավ, որ նա երկար ժամանակ զբաղված էր լրագրողական մի հետաքննության իրականացմամբ, որի արդյունքներն ամենամոտ ապագայում պետք է իրենց տեղը գտնեին «Կոմերսանտի» էջերում:

Սաֆրոնովը պարզել էր, որ Մոսկվան ծրագրում է ամենամոտ ապագայում գաղտնի կերպով ռազմական գերժամանակակից տեխնիկայի որոշ խմբաքանակ առաքել Մերձավոր Արեւելք: Լրագրողի հայթայթած տվյալների համաձայն, խոսքը, մասնավորապես, Սիրիային վաճառվելիք «Սու-30» կործանիչ ինքնաթիռների եւ Իրանին վաճառվելիք «Ս-300» հակահրթիռային համակարգի մասին է: Ընդ որում, երկու դեպքում էլ առաքումները պետք է իրականացվեին Բելառուսի միջոցով, որպեսզի, գործարքների բացահայտման դեպքում, Արեւմուտքը Մոսկվային «իզգոյ» (վտարյալ- խմբ.) համարվող երկրներին զենք վաճառելու մեջ մեղադրելու հնարավորություն չունենար:

Հիշեցնենք, որ Սիրիային եւ Իրանին զենք վաճառելու մտադրության համար Ռուսաստանն այս տարի արդեն հասցրել է հայտնվել միջազգային խոշոր սկանդալի մեջ: Եվ ահա, «Կոմերսանտի» լրագրողների կարծիքով, հերթական սկանդալը կանխելու նպատակով «ոմանք» պարզապես լռեցրել են թերթի ռազմական մեկնաբանին:

Ավելի ուշ «Կոմերսանտի» աշխատակիցներն իրենց գործընկերոջ մահվան հանգամանքները բացահայտելու համար սեփական լրագրողական հետաքննությունն իրականացրին: Դրա արդյունքում պարզվեց, որ Սաֆրոնովի առեղծվածային մահվանը նախորդած օրերին վերջինս չի ստացել ոչ մի այնպիսի հեռախոսազանգ, որը կարող էր նրան ինքնասպանության մղել: «Կոմերսանտի» գլխավոր խմբագրի տեղակալ Իլյա Բուլավինովը հայտարարել է, թե ինքն ամենեւին էլ չի բացառում լրագրողին սպանելու վարկածը: «Թեեւ ուղղակի ապացույցներ չկան, բայց ոչինչ բացառել մենք չենք կարող: Խմբագրությանը հայտնի է միայն, որ նա աշխատում էր մի շատ սուր հարցի բացահայտման ուղղությամբ»,- ասել է փոխխմբագիրը:

Իվան Սաֆրոնովի հետ կատարվածին լայնորեն անդրադարձել է նաեւ արեւմտյան մամուլը: Մասնավորապես՝ ամերիկյան ABC News հեռուստաընկերությունը մի քանի օր առաջ հանդես է եկել սենսացիոն հաղորդագրությամբ, որում, հղում անելով ամերիկյան հատուկ ծառայությունների մի նախկին աշխատակցի տվյալներին, «Կոմերսանտի» մեկնաբանի հետ տեղի ունեցածը միանշանակորեն որակել է իբրեւ սպանություն: ABC News-ը վկայաբերում է նաեւ The Moscow Times-ի հրապարակումները, որոնցում պնդվում է, թե Ռուսաստանի ուժայիններին ամենեւին դուր չէին գալիս Սաֆրոնովի՝ ռազմական «զգայուն» գործարքների մասին հոդվածները: Արձանագրելով, որ «Ռուսաստանում մահացել է հերթական լրագրողը», ABC News-ի աղբյուրը նշել է, թե բնավ չի հավատում, որ Սաֆրոնովն ինքնակամ դուրս է նետվել իր տան լուսամուտից:

Ռուս լրագրողի ինքնասպանության վարկածին հավատ չեն ընծայում արեւմտյան այլ հեղինակավոր լրատվամիջոցներ եւս: Այսպես. The Gurdian-ը պնդում է, թե Սաֆրոնովը բացարձակապես ոչ մի պատճառ չուներ կյանքի հետ հաշիվները փակելու համար: Բրիտանական պարբերականն ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ «Կոմերսանտի» ռազմական մեկնաբանն իր հոդվածներում հաճախակի էր անդրադառնում Ռուսաստանի միջուկային ծրագրերին:

Դեպքին արձագանքել են նաեւ բրիտանական The Daily Telegraph-ը, իտալական La Repubblica-ն, եվրոպական մի շարք այլ թերթեր: Ու թեեւ նրանցից յուրաքանչյուրը կատարվածի կապակցությամբ ներկայացնում է սեփական մեկնաբանությունը՝ մի հարցում բոլորը համակարծիք են: Այն է՝ Ռուսաստանում սաստկանում է Պուտինի վարչակազմի կողմից երկրի լրատվամիջոցների նկատմամբ բանեցվող ճնշումը եւ, որ առավել անընդունելի է՝ այդ ճնշումը սկսել է ընդունել հակամարդկային եւ դաժան դրսեւորումներ: Որոշ մեկնաբաններ այս ամենը կապում են պաշտոնական Մոսկվայի արտաքին քաղաքական ուղեգծի՝ վերջին շրջանում առավել ակնհայտ դարձած փոփոխության հետ: Ըստ այդմ, Ռուսաստանը փորձ է անում Մերձավոր Արեւելքում եւ նախկին ԽՍՀՄ տարածաշրջաններում վերականգնել իր երբեմնի ազդեցությունը եւ ձգտում է այդ նպատակին հասնել էներգետիկ շանտաժի, զենքի սպառման իր ավանդական շուկաների վերանվաճման եւ տեղերի կոռումպացված ռեժիմներին աջակցելու ճանապարհով: Ուստի օրինաչափ է, որ ոչնչացվում են այդ ճանապարհին կանգնած բոլոր խոչընդոտները, այդ թվում՝ լրագրողները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել