Մինչ Լեզվի ինստիտուտի նախկին շենքում Վեհարան է կառուցվում, ինստիտուտը փորձում է հարմարվել նոր շենքում:
Լուսանկարում պատկերված շենքը Սայաթ-Նովայի եւ Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտների նախկին շենքն է: Այնտեղ ներկայումս վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Հիշեցնենք, որ այդ շենքը 2003-ին կառավարության որոշմամբ եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խնդրանքով նվիրաբերեցին Հայաստանյայց առաքելական եկեղեցուն՝ Երեւանում Հայրապետական վեհարան կառուցելու նպատակով: Երկար ժամանակ շենքում տեղակայված հիմնարկությունները, այդ թվում՝ Լեզվի ինստիտուտը, համառորեն հրաժարվում էին դուրս գալ իրենց հարազատ դարձած շենքից. միայն անցյալ տարվա ամռանը եկեղեցուն հաջողվեց նրանց այնտեղից հանել: Լեզվի ինստիտուտի տնօրինությանը լռեցնելու համար նրանց տեղավորեցին Գրիգոր Լուսավորչի 15 հասցեում գտնվող շենքում, որտեղ գործունեություն էր ծավալում «Ա1+» հեռուստաընկերությունը: Գործակալությանը վտարեցին՝ նրան տեղափոխելով Բուզանդի 1/3 շենք: Այդ տեղափոխություններից հետո նոր շենքում Լեզվի ինստիտուտը քիչ թե շատ հարմարվել է, իսկ «Ա1+»-ը, թեեւ իր նախկին տարածքի չափ տարածք է ստացել, սակայն տեղափոխությունից գոհ չէ: Երեկ մեզ հետ զրույցում «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը մտահոգություն հայտնեց, որ մինչ օրս իրենց նոր շենքը օդում կախված է, քանի որ հաշվառված չէ կադաստրով եւ գրանցում չունի, ուստի չի բացառվում, որ նորից փողոցում կհայտնվեն, թեեւ շենքը վարձակալել են 5 տարով:
Իսկ Լեզվի ինստիտուտի աշխատակիցները նման մտավախություն չունեն, որովհետեւ ԳԱԱ հաշվեկշռում գտնվող այդ շենքում արդեն քիչ թե շատ հարմարվել են: Լեզվի ինստիտուտի պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ տարածքի առումով ոչ մի դժգոհություն չունեն: