Կուսակցություններն ամեն գնով քաղաքացիներից անձնագրի տվյալներ են կորզում
Օրերս Մալաթիա-Սեբաստիա համայնքի Շերամի 34 շենք են այցելել դաշնակցական կուսակցության ներկայացուցիչներն ու մեկ առ մեկ բոլոր բնակարանները մտնելով՝ առաջարկել իրենց առողջապահական բնույթի բարեգործությունները. «Եթե ուզում եք անվճար վիրահատվել կամ բժշկական զննում անցնել, բացի սրտի վիրահատությունից, բոլոր դեպքերում պատրաստ ենք օգնել, դիմեք մեր գրասենյակ կամ զանգահարեք 746590 հեռախոսահամարով՝ կօգնենք»: Հենց նախընտրական շրջանում դաշնակցության այս ակցիան անմիջականորեն ընտրությունների հետ է կապվում եւ, բնականաբար, կուսակցությունը բնակիչների սիրուն աչքերի համար չէ, որ նման բարեգործություն է անում, այլապես իր մեծահոգությունը կդրսեւորեր, ասենք, անցյալ տարի եւ ոչ թե հիմա: Նշենք, որ նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսել, բայց արդեն այս կուսակցությունը տնետուն ընկած՝ ձայն է հավաքում: Երբ կուսակցության թողած հեռախոսահամարով զանգահարեցինք ու փորձեցինք ճշտել, թե ինչպե՞ս են բնակչին օգնելու վիրահատվել, պարզվեց՝ պետպատվերի հաշվին: Կուսակցության տարածքային գրասենյակը բնակչի դիմումի հիման վրա միջնորդում է, որ առողջապահության նախարարությունը նրա բուժումը մտցնի պետպատվերի մեջ: Այսինքն՝ պետբյուջեի հաշվին լավություն են անում:
Ընտրությունների այս նախաշեմին անձնագիրը դարձել է խիստ դեֆիցիտ, քաղաքացիներից առիթ-անառիթ՝ անձնագիր են ուզում: Օրերս «Առավոտի» աշխատակիցներից մեկը, երբ «Կոնվերս բանկի» կենտրոնական մասնաճյուղում 200 կանադական դոլար է փորձել մանրել՝ նրանից պահանջել են անձնագիր: Լուրջ կասկածներ կան, որ հնարավոր է՝ քաղաքացիների անձնագրի տվյալները, իրենց կամքից անկախ, օգտագործվեն քաղաքական նպատակներով: Ինչպես երեկ Կենտրոնական բանկից պարզաբանեցին, ցանկացած փոխանակման կետ եւ բանկ միայն 400 հազար դրամից ավելի գործարքի դեպքում իրավունք ունի անձնագիր պահանջել, իսկ 200 դոլարի դեպքում՝ ոչ: «Կոնվերս բանկի» բիլինգային բաժնի պետ Սերգեյ Շեւչենկոն մեզ հետ զրույցում չժխտեց, որ իրենք, անկախ փոխանակվող արտարժույթից ու գործարքի մեծությունից, անձնագիր պահանջում են. «ԿԲ-ի սահմանած փոխարժեքի համեմատ՝ մեր բանկի կուրսն ավելի ցածր է, մենք վնասներ ենք կրում ու որպեսզի հարկայինին ցույց տանք, որ վնասներ ենք ունեցել, պիտի կարողանանք ապացուցել, թե ում հետ ենք գործարքը կնքել»,- բանկի աշխատակիցն այսպես բացատրեց հաճախորդներից անձնագիր պահանջելու նպատակը:
«Ա1+»-ն օրերս տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ անձնագրի տվյալներ են հավաքում նաեւ «ՀայՌուսգազարդ» ընկերության աշխատակիցները: Նրանք ներտնային գազի համակարգ անցկացնելիս, գազահաշվիչների եւ այլ ծախսերի համար կատարված կանխավճարների դիմաց, ստացականներ տալիս՝ վերցնում են ընտանիքի բոլոր անդամների անձնագրերի տվյալները: Բնակիչները սա կապում են նախընտրական շրջանի հետ եւ հրաժարվում ստացականներից: Այս առնչությամբ «ՀայՌուսգազարդի» մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը պարզաբանեց, որ «դա հնարավոր չէ, մեր աշխատակիցները պետք է միայն գործարքը կնքողի անձնագրի տվյալները վերցնեն, այն էլ՝ ոչ թե կանխավճարի ստացականը վերցնելիս, այլ այն դեպքում, երբ տեսուչը ներտնային սպասարկման տարեկան հաշվետվությունն է կազմում»: