Լրահոս
Օրվա լրահոսը

«37 թվականի այլընտրանքը ամենաթողությունը չէ»

Մարտ 26,2007 00:00

\"\"Վստահ է ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը

«Ինչպես տեսնում եք, կուսակցության պատմության այս էջը մեզ դժվար է հաջողվում փակել, որովհետեւ հեղաշրջման փորձ իրականացրած դավադիրները, այնուամենայնիվ, փորձում են ապացուցել իրենց իրավացիությունը, եւ այդ պատճառով մի նոր ալիք է սկսվել, որում մեր վերջին գործողությունները փորձում են անվանել 37-ի ստալինյան ռեժիմին հատուկ գործողություններ: Իհարկե, անհեթեթ է այս ամենին պատասխանելը, բայց մի կարեւոր խնդիր կա՝ գոնե ինձ համար: ՍԻՄ-ում եւ «Իրավունքում» արդեն ամեն ինչ իր տեղում է, աշխատանքները վերականգնված են, բայց մեր այս տխուր փորձը պետք է ուրիշների համար դաս լինի, որ Հայաստանում կուսակցությունների կայացումը համարենք երաշխավորված»,- երեկ պատասխանելով մեր հարցերին՝ ասաց ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը: Վերջինս այն կարծիքին է, որ որքան իր երբեմնի ընկերները փորձում են իրեն վարկաբեկել եւ սեւացնել, այնքան դա հակառակ ազդեցությունն է թողնում. «Հարց է առաջանում. ինչո՞ւ այն ամենը, որով ես տարիներ շարունակ հպարտացել եմ, նրանք փորձում եմ զրպարտանքի եւ հերյուրանքի ձեւով ներկայացնել, այդպիսով փորձելով ինձ վարկաբեկել, բայց, միեւնույն ժամանակ, ոչ միայն ես, այլեւ ուրիշներն էլ տեսնում են, որ դա հակադարձ էֆեկտ է տալիս: Նույնիսկ շատերը զարմանում են, որ իրենց կողմից իրականացվող այս դրական PR-ի պայմաններում ես ինչու չդրեցի իմ թեկնածությունը: Ես չեմ զարմանում, որովհետեւ ավելի կարեւոր խնդիր եմ համարում կուսակցությունը վերականգնելը»: Հրանտ Խաչատրյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաեւ իր հասցեին հնչող որոշ արտահայտությունների. «Այո, ես հպարտանում եմ իմ տոհմով, ես գյուղական ծագում ունեմ: Ինքս ոչ մեկին անհարկի գյուղացի չեմ համարել, բայց ընդունում եմ, որ մարդը կարող է ծնվել-մեծանալ Երեւանում, բայց չունենալ համապատասխան դաստիարակություն: Ես հպարտանում եմ իմ ընտանիքով, իմ երեխաներով, եւ այդ ամենը իրենք շատ լավ գիտեն: Իմ ավագ որդին չի ծառայել բանակում, թող այդ մասին էլ ասեն, բայց նաեւ թող ասեն, թե ինչու չի ծառայել՝ որովհետեւ հինգ տարեկանից գնացել է դպրոց, 20 տարի անընդմեջ սովորել է, 25 տարեկանում դարձել է գիտությունների թեկնածու եւ հիմա լաբորատորիա է ղեկավարում, շատ լուրջ գիտական աշխատանքներ է կատարում: Իմ կրտսեր որդին այժմ բանակում է, նա 18 տարեկանից չի գնացել բանակ, այլ 22 տարեկանում՝ բակալավրի կարմիր դիպլոմը պաշտպանելուց հետո, եւ հիմա բանակում հատուկ ծառայություն է անցկացնում: Ինքս համոզված եմ, որ լրագրողները, հետաքննողները, այդ ամենը, ինչի մասին հայտարարում են իմ նախկին ընկերները, կարող են հանգիստ ստուգել: Թող հետաքննեն եւ իմանան, թե ինչպես է ծառայում իմ որդին»:

Մի քանի օր առաջ ՍԻՄ լրատվական ծառայությունը հերթական հայտարարությունն է հրապարակվել, որում հերթական մեղադրանքներ են հնչում Հրանտ Խաչատրյանի հասցեին, մասնավորապես վերջինիս մեղադրում են իշխանություններին ծառայելու եւ այլ մեղքերի համար: Ինքը՝ Հրանտ Խաչատրյանը, այս ամենի կապակցությամբ մեկ անգամ չէ, որ խոսել է, բայց երեկ մեզ տված հարցազրույցում, երբ իրեն հարցրինք՝ իրո՞ք ինքը կատարում է իշխանությունների պատվերը, շեշտեց հետեւյալը. «Նման բաները խոսքերով չեն ապացուցում, ապացուցում են կյանքով եւ ոչ թե կյանքի մեկ հատվածով, այլ՝ ամբողջ կյանքով: Ես այդ մեղադրանքներին խոսքերով չեմ պատասխանի, բայց, միեւնույն ժամանակ, այն կարծիքին եմ, որ Հայաստանում պետք է վերջ դնեն այն կարծրատիպին, որ ընդդիմության անունից կարելի է ամեն ինչ անել եւ մնալ անպատիժ: Եվ 37 թվականի այլընտրանքը բոլորովին էլ ամենաթողությունը չէ: 37 թվականի եւ ամենաթողության ոսկե միջինը նորմալ, մարդկային փոխհարաբերություններն են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել