Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱԴՈՅԱՆԸ ԲԱՐԻ ԿԱՄՔ ՑՈՒՑԱԲԵՐԵՑ

Մարտ 26,2007 00:00

Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը երեկ հայտարարեց, թե հանում է իր թեկնածությունը թիվ 12 ընտրատարածքից՝ հօգուտ նույն ընտրատարածքում առաջադրված ՀԺԿ վարչության քարտուղար Վարդան Մկրտչյանի:

Մեր զրույցի ընթացքում ԱԺԴ նախագահն ասաց. «Ցավոք, չի ընդունվում մեր առաջարկը, որ ընդդիմությունը ստեղծի ընդհանուր վերահսկողական խմբեր բոլոր ընտրատեղամասերում: Ճիշտ է, դրա մասին հայտարարեց նաեւ «Ազգային միաբանությունը», բայց մյուս կուսակցությունները կարծես «թեւերը քշտած» չեն մտնում այդ գործընթացի մեջ»: Մեր հիշեցմանը, թե ԱՄ-ն այդ գործընթացն ուզում է ակտիվացնել թեկնածությունների գրանցման ավարտից հետո, պրն Սադոյանն այսպես առարկեց. «Ընտրությունների ընթացքի վերահսկմանը նախապատրաստվելը որեւէ կապ չունի գրանցումների հետ: Սա բոլորի գործն է՝ նույնիսկ ընտրություններին չմասնակցող ընդդիմադիրների»: Եվ անդրադառնալով իր ինքնաբացարկի պատճառներին՝ ասաց. «Ցավոք, մեղադրանքներ հնչեցին իմ հասցեին: Ասենք, ասվեց, որ իշխանական ուժերը՝ ՀՀԿ-ն ու «Բարգավաճ Հայաստանը» միմյանց հետ համաձայնեցնում են առաջադրումները, եւ մասնավորապես թիվ 12 ընտրատարածքում նրանք իրար դեմ թեկնածուներ չդրեցին, որ ուժերը չփոշիացնեն, բայց իրար դեմ թեկնածուներ են դրել «Արդարություն» դաշինքի երկու կուսակցությունները՝ ԱԺԴ-ն ու ՀԺԿ-ն: Ուզում եմ, որ չշարունակվեն նման խոսակցությունները: Մյուս կողմից էլ, այս ինքնաբացարկով ուզում եմ պարտավորեցնել ՀԺԿ-ին, որ ավելի ակտիվ մասնակցի ընտրությունների ընթացքի ընդհանուր վերահսկման գործընթացին»: Մի հանգամանք էլ կա՝ մարտի 22-ին ԱԺԴ-ն եւ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը քննարկում են անցկացրել, եւ ըստ Արշակ Սադոյանի՝ «Իմ ճանաչվածության աստիճանը հաշվի առնելով՝ գտան, որ շատ ավելի նպատակահարմար կլինի, եթե Հայաստանով մեկ մասնակցեմ մեր ընդհանուր համամասնական ցուցակի քարոզարշավին: Ուստի երկարատեւ քննարկումներից հետո որոշեցինք բարի կամք արտահայտել եւ հանել իմ թեկնածությունը հօգուտ Վարդան Մկրտչյանի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել