ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը դժգոհ է այն իրողությունից, որ Հայաստանում կա ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոն եւ չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) տեղեկատվական կենտրոն:
Ըստ «Մեդիամաքսի», Զատուլինն այս մտահոգությունն արտահայտել է «Մոսկովսկիե նովոստի» թերթի երեկվա համարում հրապարակված «Ռեալիստի հայացք» հոդվածում: Այս գործիչը, ինչպես հայտնի է, ՌԴ-Հայաստան ֆորպոստային հարաբերությունների ամենակարկառուն գաղափարախոսներից ու ոգեշնչողներից է, հետեւաբար, նրան դուր չի գալիս Հայաստանի կողմից կամա թե ակամա արված ցանկացած քայլ, որը դուրս է հարաբերությունների այդ որակի տրամաբանությունից: «Հայաստանի կառավարության փողերով ստեղծվում է ՆԱՏՕ-ի Տեղեկատվական-քարոզչական կենտրոն, իսկ ՀԱՊԿ-ի ոչ մի տեղեկատվական կենտրոն Հայաստանում չկա»,- նույն հոդվածում տրտնջում է Զատուլինը: Նկատենք, որ նրա այս տրտունջը գոնե մի փոքր իմաստ կունենար այն դեպքում, եթե խնդրո առարկա կենտրոնը ստեղծվեր ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի կառավարության փողերով: Մինչդեռ Զատուլինն այդ միջոցների համար մղկտում է այնպես, կարծես դրանք գողացվել են անձամբ իր կամ առնվազն Բորիս Գրիզլովի գրպանից: Տրտունջը, իհարկե, այլ ենթատեքստ էլ ունի. ասել է թե՝ քանի՞ գլխանի է այդ ֆորպոստը, որ պետական գումարները մղում է թշնամական ճամբարի գաղափարախոսության տարածմանը: Եվ դա այն դեպքում, երբ ֆորպոստի պետական առաջնահերթությունները, հետեւաբար եւ՝ այդ առաջնահերթությունների համար ծախսվող ֆինանսական միջոցները, ինչպես հայտնի է, որոշում է «պատրոն» պետությունը:
Ապա Զատուլինը շարունակում է. «Հայկական խորհրդարանի անդամներն ինձ ասացին. «Առանց դրա էլ ամեն ինչ կարգին է: Հայաստանում կա ռուսական ռազմակայան: Մենք համարում ենք, որ դա ՀԱՊԿ-ի կենտրոն է»: Դա սրամիտ բացատրություն է, սակայն ոչ շատ ազնիվ: Երբ մեր զինծառայողներն այսօր Հայաստանի սահմանների վրա մասնակցում են ՀԱՊԿ-ի ընդհանուր սահմանների համատեղ պաշտպանությանը, երկրի ներսում որոշ անձինք Հայաստանի հեռանկարները կապում են ՆԱՏՕ-ի հետ»: Սա այն դեպքերից է, երբ հանգիստ կարելի է ասել՝ «դու շատ հեռուն կգնաս»: Փաստորեն, Զատուլինին չի բավարարում, որ Ռուսաստանը այստեղ գրեթե ամեն ինչ իրենով է արել. տեղի կոռումպացված ու ապիկար ռեժիմի միջոցով յուրացրել է Հայաստանի գրեթե ողջ էներգետիկ հզորությունները, միջպետական պարտքը գանձել է ակտիվներով, մեր երկրին զրկել է տարանցիկ գազատար ունենալու հնարավորությունից, իր քմահաճույքով բացում կամ փակում է (հիմնականում՝ փակում է) Լարսի անցակետը, իր ռազմակայանները պահում է ՀՀ պետբյուջեի հաշվին ու այսքանից հետո դեռ բողոքում է, որ այստեղ մի սենյակ են բացել ու մեջը ՆԱՏՕ-ի մասին մի քանի բուկլետ են դրել: Տեղն է մեզ: