Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ հրաժեշտի բրիֆինգը

Մարտ 26,2007 00:00

Խորհրդարանական վերջին ճեպազրույցներին երեկ մասնակցեց միայն երեք ուժ՝ Հանրապետականը, Դաշնակցությունը եւ «Արդարությունը», ավելի հստակ՝ ՀԺԿ-ն:

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ հայտարարեց. «Որոշ կուսակցությունների թվում է, թե իրենք կարող են խարդավանքներով եւ կեղծիքներով ձայներ կորզել». ափսոս՝ չհստակեցրեց, թե հատկապես որ կուսակցություններին նկատի ունի: Մեկ այլ անկեղծ խոստովանություն եւս արվեց Գալուստ Սահակյանի կողմից՝ այն, որ ժողովուրդը պարտավոր չէ սիրել այս կամ այն քաղաքական ուժին, կարեւորը, որ տվյալ ուժը հարգված լինի: Ասաց նաեւ, որ Հանրապետականը գերադասում է ռեալ իրականացվող ծրագրերով կատարվող, ոչ թե հեղափոխական փոփոխությունները: Արմավիրի քաղաքապետի ընտրությունները սպասվում են արդեն այս կիրակի, եւ քանի որ իր թեկնածուին սատարելու եւ քարոզելու նպատակով «Բարգավաճ Հայաստանը» անցած կիրակի Արմավիր էր հրավիրել Միխայիլ Շուֆուտինսկուն, մեզ հետաքրքիր էր՝ չի՞ պատրաստվում Հանրապետականը իր հերթին Արմավիր հրավիրել, ասենք, Մայքլ Ջեքսոնին կամ մեկ այլ երգչի: Գալուստ Սահակյանի համակրանքը ոչ թե Մայքլ Ջեքսոնի, այլ Ալլա Պուգաչովայի կողմն է: ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ իրենք էլ կարող էին երգիչ հրավիրել, ասենք՝ Ալլա Պուգաչովային. «Կարեւորը երգիչների բազմազանությունը չէ, կարեւորը վերաբերմունքն է մեր ժողովրդին, ցանկացած անձ կարող է ե՛ւ Շուֆուտինսկուն հրավիրել, ե՛ւ Ալլա Պուգաչովային, նրան, ում ձայնը ավելի բարձր կլինի ընտրությունների ժամանակ»:

Դաշնակցությունը, Հրայր Կարապետյանի ասելով, արդեն ունի մի «շատ լավ կուսակցական երգ», որը կհնչի Դաշնակցության քարոզչության շրջանակներում: Պրն Կարապետյանը գաղտնի պահեց, թե ով է երգի բառերի եւ երաժշտության հեղինակը, բայց չթաքցրեց իր հիացմունքը այդ երգի հանդեպ: Իսկ Դաշնակցության կարգախոսը լինելու է հենց այդ երգի տողերից մեկը. «Մեր հին ընկերը՝ դաշնակցությունը»: ՀՅԴ խմբակցության ղեկավարը հերքեց լուրերն այն մասին, որ ՀՅԴ-ն եւս անձնագրեր է հավաքում:

ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը զգուշացրեց, որ արտաքին շատ կարեւոր հարցերով այսօր իշխանությունները չեն զբաղվում եւ միայն վերարտադրության մասին են նրանց բոլոր մտքերը: Ստեփան Զաքարյանն ասաց, որ այս անգամ ՀԺԿ-ն ավելի լավատես է, քանի որ առաջին անգամ ՀԺԿ-ն ընտրական հանձնաժողովներում ունի անդամներ. «Դա մենք համարում ենք դրական առաջընթաց կոնկրետ ՀԺԿ-ի դեպքում, եւ պետք է փորձենք թե՛ բոլոր ընդդիմադիր ուժերի ներուժը, թե՛ հանձնաժողովների անդամների եւ վստահված անձանց համախմբել: Այս առումով, կարծում եմ, չկա չարիք առանց բարիքի, որովհետեւ, երբ ընդդիմությունը միասնական մեկ դաշինքով էր, զուտ մարդկային բնավորության դրսեւորումներ էին լինում, երբ ավելի փոքր կուսակցությունները հույսը դնում են մեծերի վրա եւ ակտիվորեն չեն աշխատում: Այսօր ստիպված են աշխատել բոլորը՝ իրենց տեղը արեւի տակ ունենալու համար, քանի որ գնում են առանձին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել