Բնականաբար, նրանց, ով ավելի շատ վճարի
Աշտարակ քաղաքը եւ նրան հարակից 61 գյուղերը ընդգրկված են թիվ 14 ընտրատարածքում: Այստեղ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 8 թեկնածու, որից մեկը ԲՀԿ-ն է ներկայացնում՝ Արագած Ախոյանը, մյուսը՝ ՀՀՇ-ն՝ Լեւիկ Խաչատրյանը, մյուսներն անկուսակցական են, այդ թվում՝ նաեւ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Աշտարակում արդեն նախընտրական տրամադրությունները գերիշխող են: Հարեւանները իրար հետ խոսելիս անպայման մի քիչ էլ խոսում են այն մասին, թե ում են ընտրելու, ում անձնագիրն են արդեն վերցրել, ումը՝ դեռ ոչ: Անձնագիր հավաքելու մեջ մեղադրվում են հիմնականում ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, թեպետ այս երկու կուսակցությունների գրասենյակներում էլ մեզ համոզում էին, որ իրենք նման բաներով չեն զբաղվում եւ իրենց նման դեպքեր հայտնի չեն:
Աշտարակցու քաղաքական կողմնորոշումները
Զրուցեցի ինձ հանդիպած աշտարակցի պատահական անցորդների հետ: Առաջինը դաշնամուր լարող Սուրիկն էր: Ընտրություններից-կյանքից մի քիչ զրուցեցինք, եւ մինչ փորձում էի հասկանալ, թե քաղաքական ինչ հայացքներ, համակրանքներ կամ հակակրանքներ ունի Սուրիկը, նա որոշեց ինձ օգնության հասնել եւ ասաց. «Ասա, պարզ ասա, ի՞նչ ես ուզում, էլ մի ծամծմի»: Սրանից հետո երկխոսությունը ուղղակի պետք է բառացի մեջբերել, հակառակ դեպքում ճիշտ չի հասկացվի: Եվ այսպես.
– Ուզում եմ իմանալ, թե ո՞ր կուսակցությանն եք ձայն տալու:
– Դու որի՞ կողմն ես:
– Դե, ոչ մեկի, կարեւորը դո՞ւք որի կողմն եք:
– Քյասար ասա, մտքինդ ի՞նչ ա, թե անձնագիր ես ուզելու, շուտ ասա, քանի ուրիշին խոսք չեմ տվել:
– Ուրիշները ուրեմն արդեն եկել եւ ուզե՞լ են:
– Հա, եկել են, բայց դեռ չեմ տվել, թանկ եմ ծախում, դու գիտես, ուրիշները արդեն եկել են, քանի չեմ նկարվել, ասա, ի՞նչ ես խոստանալու, տունը չորս հոգի ենք, բայց տղես քաղաքում չի: Դու ասա ի՞նչ ես ուզում, զգում եմ, որ դու հետաքրքրվող մարդ ես, ես քո համար մի բան կանեմ: Բայց էլի եմ ասում՝ նախօրոք կգտնես ինձ, ես խոսքիս տեր մարդ եմ:
Դեռ նոր էի ուշքի գալիս վարպետ Սուրիկի առաջարկից, երբ հանդիպեցի Էդիկ Սիմոնյանին: Իմ նոր ծանոթը նախ ասաց, որ ինքը քաղաքականությունից բան չի հասկանում. «Էդ քաղաքական բաները իմ խելքի բանը չեն»: Իսկ գնալո՞ւ է ընտրությունների. «Հա, գնալու եմ, բայց դեռ չեմ որոշել, թե ում եմ ընտրելու, նկատի ունեցի, ընտանիքումս վեց ընտրող կա, «կոմպլեկտով» ենք ընտրելու, բայց ափսոս իմ «պասպորտս» մոտս չի, տվել եմ փոխեն, ժամկետը լրացել ա»: Հարցրի՝ արդյոք ընդդիմությանը ձայն կտա՞, պատասխանեց բառացիորեն այսպես. «Էդ մեկը մտքիցդ հանի, թե ձայնս տամ, դեռ չեմ տվել, էլի իշխանությանն եմ տալու, թե մի բան կարա անի՝ էլի իշխանությունը կանի»: Այսպես զրուցել եմ տասը մարդու հետ, որոնցից հինգը այդպես կամ մոտավորապես այդպես էր իրեն պահում: Ամենից հետաքրքիրն այն էր, որ մարդիկ չէին էլ հետաքրքրվում, թե որ կուսակցության համար են պատրաստ ձայները «ծախել», դա իրենց համար կարեւոր չէր, կարեւորը, որ լավ «առեւտուր» լիներ:
Իշխանության գրասենյակները
Հանրապետական կուսակցության Աշտարակի տարածքային կազմակերպության գրասենյակը տեղավորված է քաղաքապետարանի առաջին հարկում, կառույցի ղեկավարն էլ փոխմարզպետ Սարգիս Սահակյանն է: Մեզ հետ հեռախոսազրույցում պարոն Սահակյանը հերքեց այն լուրերը, որ հանրապետականները քաղաքացիներից անձնագրեր են հավաքում: Հանրապետականը այս ընտրատարածքում չունի մեծամասնականով առաջադրված թեկնածու: Մեր տեղեկություններով, կուսակցությունը այստեղ պաշտպանելու է ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի թեկնածությունը:
Արագածոտնի մարզպետը դաշնակցական է, եւ թվում էր, որ այդ հանգամանքը հաշվի առնելով՝ այստեղ ՀՅԴ-ն պետք է տերուտիրական լիներ, սակայն մեր կարճ այցը եւ մի քանի ժամվա տպավորությունն այն էր, որ այստեղ եւս տեր ու տիրականը ՀՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանն են: Ամենից մեծ պաստառները եւ ամենից շատ գրասենյակները այս երկու կուսակցություններինն են: ՀՅԴ մարզային կառույցի ղեկավար Հրաչ Մովսիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Դաշնակցությունը իր քարոզչությունը սկսել է դեռ 2003-ի խորհրդարանական ընտրություններից հետո. «Գաղտնիք չէ, որ ՀՅԴ-ն ունի կայուն ընտրազանգված եւ այդ ընտրազանգվածը այս տարիներին աճել է մեր կոնկրետ աշխատանքի շնորհիվ»: Պարոն Մովսիսյանն ասաց, որ իրենք ոչ թե ցուցակներ են կազմում կամ անձնագրեր են հավաքում, այլ զբաղված են կոնկրետ մարդկանց հետ աշխատելով. «Հնարավոր չէ, որ մեր կուսակցության որեւէ անդամ անձնագիր վերցնի կամ ընտրակաշառք խոստանա, որովհետեւ դա մեր ոճը չէ: Տարբեր ինֆորմացիաներ լինում են, բայց դրանք ճշտվում են մեր կողմից, եւ եթե հաստատվեն այդ ինֆորմացիաները, ոչ միայն մամուլի միջոցներով, այլեւ ըստ օրենքի, մենք պատժի ենթարկելու պահանջ կներկայացնենք դատախազություն»:
ԲՀԿ գրասենյակներից մեկը տեղավորված է քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող «Հայէկոնոմբանկի» Աշտարակի մասնաճյուղի շենքում: Մարդիկ ելումուտ էին անում, ներսում էլ տպավորությունն այնպիսին էր, որ արդեն զգուշացված են, թե լրագրողների մոտ իրենց ինչպես պետք է պահել: ԲՀԿ Աշտարակի տարածքային կառույցի անդամ Ս. Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մարզում առայժմ լարվածություն չկա: Իսկ ԲՀԿ Աշտարակի տարածքային կազմակերպության խորհրդի քարտուղար Ասատուր Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ կուսակցությանը դիմում են սոցիալական, աշխատատեղերի եւ տնտեսական հարցերով. «Մենք զրուցում ենք ժողովրդի հետ եւ տեսնում ենք, որ բոլորի ցավոտ կողմը սոցիալական, տնտեսական վիճակն է եւ աշխատատեղերի բացակայությունը»:
«Արդար ընտրություններ չեն լինելու»
Գուրգեն պապը նստած էր ԲՀԿ գրասենյակից քիչ հեռու, կանգառի նստարանին, նրա կողքին իր նման մի քանի մարդ կար: Ասաց, որ առայժմ չի կողմնորոշվել եւ դեռ մտածում է. «Պասիվ չենք մնա, ամեն անգամ էլ ընտրում ենք»: Իսկ իրենից անձնագիր վերցրե՞լ են. «Չէ, բայց նման բաներ կատարվում են, օրինակ՝ «Բարգավաճը» ինձ նկարել է, բայց ես դեռ չեմ գնացել եւ տոմս-բան չեմ վերցրել»։ Հարցրի նաեւ՝ ինքը հավատո՞ւմ է, որ արդար եւ մաքուր ընտրություններ կլինեն: Չէր հավատում, ասաց. «Դժվար, որովհետեւ արդեն սովորել են, ղեկավարը սկզբից սովորեցրեց, ղեկավարը ոնց ընտրվեց, իրա ենթականերն էլ ինչ որ տեսել են՝ էն են անելու: Հիշո՞ւմ եք, որ Վազգեն Մանուկյանը ընտրվեց, Լեւոնին դրեցին, «վառոտը» շուռ տվեց, բայց չանցավ: Նույնը կատարեց Քոչարյանը, երկու անգամ էլ չընտրվեց, բայց անցկացրեցին: Մենք էլ էդ բաները տեսել ենք եւ հասկանում ենք, որ արդար ընտրություններ չեն լինելու»: Զրույցը ընդհատեց ոմն Աշոտ, ով հարձակվեց սկզբում ինձ վրա՝ ասելով. «Քուրո ջան, էս մեծ մարդուն խոսացնում ու «զապիս» ես անում, որ էգուց տանես դնես Քոչարյանի դեմը՝ գան սրան գլուլլե՞ն»: