Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՆՑ ՆՄԱՆԱԿՈՂ ԱՐՏԻՍՏԸ

Մարտ 23,2007 00:00

\"\"Երկու տարի է՝ Երեւանում ապրում ու ստեղծագործում է ռուսաստանյան շոու-բիզնեսում շուրջ տասը տարվա բեմական գործունեություն ծավալած օրիգինալ ժանրի արտիստ, նմանակող Ալեքս Մենշովը:

Ալեքս Մենշովը ծնունդով Վրաստանից է, ազգությամբ՝ հայ, իսկ Մենշովը բեմական անունն է: «Առավոտի» հետ զրույցում արտիստը չցանկացավ հայտնել Ռուսաստանից Հայաստան տեղափոխվելու պատճառը, իր հայկական ազգանունը:

Ալեքսը տեղեկացրեց, որ իր առաջին բեմելը կայացել է Իրինա Ալեգրովայի «կերպարով», այնուհետեւ նմանակել է Ալլա Պուգաչովային, Լյուդմիլա Գուրչենկոյին, Վալերի Լեոնտեւին, Իրինա Սալտիկովային, Բորիս Մոիսեեւին, ինչպես նաեւ արտերկրի մեգաաստղեր Դայանա Ռոսին, Էդիտ Պիաֆին, Շերին, Պատրիսիա Կաասին եւ այլոց: Ա. Մենշովը ժամանակին աշխատել է ռուսաստանյան շոու-բիզնեսի աստղերին նմանակող՝ ՌԴ-ում ճանաչված արտիստ Ալեքսանդր Պեսկովի հետ: Հարցին՝ ինչպե՞ս սկսեց նմանակողի իր կարիերան, արտիստը պատասխանեց. «Բարեկամներիցս մեկը, որը ռուսաստանյան շոու-բիզնեսի ազդեցիկ դեմքերից է, ծանոթ լինելով ընդունակություններիս, ինձ ներկայացրեց «Մոսկոնցերտի» ադմինիստրատոր Ալլա Դմիտրիեւային: Ընդ որում, այդ պահին այդտեղ էր նաեւ Պեսկովը: Ստանալով տիկին Դմիտրիեւայի համաձայնությունը, դանդաղ քայլերով, բայց վստահորեն սկսեցի մուտք գործել շոու-բիզնես»: Զրույցի ընթացքում պարզեցինք, որ Ալեքսը մեծ գումարներ է ծախսում զգեստների, կեղծամի, արդուզարդի վրա: Նա անձամբ է կարում իր բեմական զգեստները եւ դիմահարդարվում: Հետաքրքրվեցինք արտիստի ռուսաստանյան հոնորարներով: «Մեկ մենահամերգը, որ ունեցել եմ Մոսկվայում եւ այլ քաղաքներում, արժեցել է 2000 դոլար, իսկ շոուներում երեք անգամ կերպարանափոխվելու ու նմանակելու համար՝ 500 դոլար»,- նշեց Ալեքսը:

Արտիստի հետ զրույցին ներկա էր նաեւ նրա ագենտ Անդրանիկ Տրապիզոնյանը: Վերջինս փաստեց, որ Հայաստանում շոումենների կողմից այս օրիգինալ ժանրը, որն աշխարհով մեկ մեծ եկամուտ է բերում, լուրջ չի ընդունվում: Ըստ պարոն Տրապիզոնյանի, քաղաքակիրթ երկրներում մարդիկ միլիոններ են ծախսում էկզոտիկա տեսնելու համար, իսկ Հայաստանում եղածը չեն գնահատում, պատճառաբանելով, թե «չի ուտվի, մեր մենտալիտետն ուրիշ է եւ այլն»: Ալեքսը վճռական է տրամադրված, ասում է, որ կոմպլեքսավորված անձնավորություն չէ եւ մինչ օրս հայաստանյան համերգներին, անգամ մարզերում, իր հասցեին ոչ մի վիրավորական ռեպլիկ չի լսել, ընդհակառակը՝ «չեն թողել, որ բեմից հեռանա»:

Նա նաեւ ասաց, որ պատրաստում է նմանակել Նունե Եսայանին, Էմմիին, Շպռօտին, Սիրուշոյին, Քրիստինե Պեպելյանին. «Հնարավոր է հանդես գամ նրանցից ոմանց ֆոնոգրամաներով եւ կենդանի կատարումներով»: Արտիստը չի պատրաստվում թույլտվություն վերցնել Հայաստանի աստղերից՝ նրանց իմիջով ներկայանալու համար. «Ցանկացած հայ աստղ, ինչպես, օրինակ՝ Ռուսաստանում է, պետք է հպարտանա իր կրկնօրինակին տեսնելու համար: Արվեստս պահանջում է մեծ զոհողություն, առաջինը՝ ժամանակի առումով: Ի վերջո, մեկ կերպարի վրա աշխատելը ամիսների աշխատանքի արդյունք է»: Ինչպես հայտնի է, այս տարի Ուկրաինան «Եվրատեսիլում» կներկայացնի Վերկա Սերդյուչկան: Արդյոք Ալեքսը չի՞ պատրաստվում հետագայում հետեւել Սերդյուչկայի օրինակին: Արտիստը հայտնեց. «Իսկ ինչո՞ւ ոչ: Չկասկածեք, որ Սերդյուչկան կհայտնվի եվրատեսիլյան առաջին հորիզոնականներում: Մնում է, որ հայերս կոմպլեքսներից ազատվենք, տեղի-անտեղի մենտալիտետը չհոլովենք: Ես կհասնեմ նրան, որ Հայաստանում էլ ստեղծվի նմանակողների ստուդիա-թատրոն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել