Լրահոս
Օրվա լրահոսը

Սակավամարդ եզրափակում

Մարտ 23,2007 00:00

\"\"«Քվորումը» երեկ դարձյալ բացակա էր

Խորհրդարանը երեկ այդպես էլ չկարողացավ իրար գլխի հավաքվել եւ Երրորդ գումարման խորհրդարանի պատմության մեջ մի վերջին անգամ քվեարկություն անցկացնել: 131 պատգամավորներից միայն 42-ն էին վերջին անգամ եկել աշխատանքի: Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը թերեւս կմնա պատմության մեջ նաեւ որպես թվաբանության կանոնները չխախտած նախագահ, քանի որ բոլոր այն պահերին, երբ դահլիճում ներկա կոճակ սեղմողները քափուքրտինքի մեջ փորձում էին գրանցվել իրենց եւ իրենց աջուձախ հարեւանների փոխարեն, լուսատախտակի վրա երեւում էր ընդամենը 65 գրանցված, սակայն Տիգրան Թորոսյանը ազնվությամբ խոստովանում էր, որ դա իրական պատկերը չէ, եւ դարձյալ ու կրկին առաջարկում էր պատգամավորներին գրանցվել: Երեւի հույս ուներ, որ ինչ-որ հրաշքով կգան խորհրդարան՝ մի վերջին անգամ հայրենիքի առաջ իրենց պարտքը կատարելու: Բայց զուր հույսեր, պատգամավորները գալու մտադրություն չունեին: Քվեարկության կոճակների հետ նրանց այլեւս ոչինչ չի կապում:

Երեկ խորհրդարանի նախագահը, օգտվելով իր իրավունքից, նախ 30 րոպեանոց ընդմիջում հայտարարեց, որից հետո դահլիճում դարձյալ նույն պատկերն էր: Տիգրան Թորոսյանը ավելի ուշ պատասխանելով հարցերին՝ ասաց, որ այն հարցերի ճնշող մեծամասնությունը, որոնց քվեարկությունը պետք է կայանար, կառավարության նախաձեռնությամբ ներկայացված նախագծեր էին: Ստեղծված իրավիճակի մեղավորներ Տիգրան Թորոսյանը կարծես չէր էլ ուզում տեսնել եւ «Առավոտի» հարցին պատասխանելով՝ ասաց. «Ընտրություններից ամիս, ամիսուկես առաջ նման հարցադրումը լավագույն դեպքում ժպիտ է առաջացնում, որովհետեւ, եթե խորհրդարանը մինչեւ այս պահը աշխատել է եւ միայն այսօր եւ երեկ նիստեր չեն կայացել, սա, իհարկե, արդարացնել չի կարելի, բայց հասկանալ կարելի է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել