Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ ՎՆԱՍՎՈՒՄ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ

Մարտ 23,2007 00:00

\"\"Բաց նամակ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տ. Թորոսյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին:

Հանրակրթական եւ բարձրագույն դպրոցները պետության պաշտպանական ամրություններն են: Նրանք ոչ միայն գիտելիքներ են տալիս, այլեւ սովորեցնում են լինել առաքինի, կերտել անսասան պետություն, պահպանել ազգի վեհությունը: Ուստի՝ այն բացասական երեւույթները, որոնք խոչընդոտում են այդ գործառույթների կատարմանը, դատապարտելի են:

«Հայկական ժամանակ» թերթի այս տարվա հունվարի 20-ի համարում քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Հովհաննիսյանը բացահայտ հայտարարում է, որ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցումը ստեղծված է միայն կաշառքի համար: Այս հրապարակումից հետո մանկավարժականի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը «Կրթություն» շաբաթաթերթին (28.02.2007) ծավալուն հարցազրույց է տալիս՝ առանց անդրադառնալու վերը նշվածին: Առ այսօր պրոֆ. Ա. Հովհաննիսյանի կողմից առաջադրված հարցը ռեկտորը չի էլ քննարկել: Ավելին, նա փորձում է վարդագույն ակնոցներով ներկայացնել բուհում տիրող իրավիճակը՝ իրականում թաքցնելով, լռության մատնելով, կոծկելով ամեն ինչ: Մենք պնդում ենք, որ մանկավարժական համալսարանի հեռակա բաժնում ծաղկում է կաշառակերությունը: Այդ բաժինը ընդլայնվել է Ա. Ղուկասյանի առանձնահատուկ ջանքերով, նրա գործուն մասնակցությամբ: Օրինակ, 2006-2007 ուստարում «իրավագիտություն» մասնագիտությամբ նախատեսված էր ընդունել 30 դիմորդ, սակայն ընդունվել է 120-ը, «պատմություն» մասնագիտությամբ՝ 30 դիմորդի փոխարեն՝ 100-ը: Այսպիսի թվեր կարելի է բերել նաեւ մյուս մասնագիտությունների գծով: Լայնորեն տարածված են հեռակա ուսուցումից ուսանողներին առկա ուսուցման տեղափոխումները՝ կանոնակարգի կոպիտ խախտումներով: Միայն 2006-2007 ուստարվա ընթացքում իրավագիտության եւ պատմության բաժիններ հեռակա ուսուցումից առկա ուսուցման է տեղափոխվել 30 ուսանող, որից իրավագիտության բաժին՝ 15-ը: Այդ 15-ի մեջ կան այնպիսիները, որոնք իրավագիտության բաժին են տեղափոխվել հեռակա բաժնի ֆիզմաթ ֆակուլտետից, որտեղ ընդունելության քննությունները բոլորովին տարբեր առարկաներից են: Մի՞թե պատահական է այն, որ հեռակա բաժնի ընդունելության քննությունների առարկայական հանձնաժողովների նախագահները, պատասխանատու քարտուղարները միշտ նույն մարդիկ են՝ Ա. Ղուկասյանի հովանավորյալները: Եթե հաշվի առնենք, որ կաշառակերության ծաղկման պայմաններում հնարավոր չէ ժամանակակից դպրոցի պահանջներին համապատասխանող մանկավարժներ պատրաստել, եւ այն, որ մանկավարժական համալսարանի հեռակա բաժինն ունի շուրջ 4500-5000 ուսանող, ապա պարզ կդառնա այն վիթխարի վնասը, որ հասցվում է պետությանը:

Ամենաթողությունը, անօրինականությունը, հովանավորչությունը եւ այլ բացասական երեւույթներ բնորոշ են նաեւ առկա ուսուցման պետական քննություններին: Օրինակ, 2006թ. մայիսի 11-ին «ընդհանուր պատմություն» առարկայի պետական քննությունից Կարինե Էլոյանը, Արամ Պետրոսյանը, Արման Համբարձումյանը եւ Հովհաննես Զարգարյանը ստացել են «անբավարար» գնահատականներ: Սա արձանագրվել է պետական քննական հանձնաժողովի կողմից: Սակայն երկու օր անց՝ մայիսի 13-ին, ինչ-ինչ հրաշքով այդ «անբավարարները» դարձել են «բավարար»: Փաստորեն, գնահատականի կեղծման ճանապարհով 4 ուսանող դիպլոմ է ստացել: Այս ամենի մասին այդ նույն օրերին ֆակուլտետի նախկին դեկան, պատմական գիտությունների դոկտոր Պ. Սիմոնյանը, թե գրավոր եւ թե բանավոր, տեղյակ է պահել ռեկտոր Ա. Ղուկասյանին, սակայն՝ ապարդյուն:

Ա. Ղուկասյանի ռեկտորության տարիներին հաճախ է խոսվում Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում տարածված կաշառակերության, կոռուպցիայի մասին: Նկատենք, որ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ուսումնասիրությունների արդյունքում մանկավարժական համալսարանը կոռումպացված է 79%-ով:

Վերջերս էլ «Առավոտ» թերթը (15.03.07) կատարել է մի իրավացի հարցադրում: Խոսքը «Փո՞ղ են լվացել» վերնագրով լուրի մասին է: Երբ թերթը փորձել է հանգամանալից պարզաբանում ստանալ մանկավարժականի ռեկտորից, թե ինչո՞ւ են 7,5 մլն դրամի շռայլություն թույլ տվել՝ բիլիարդի 2 սեղան ձեռք բերելու համար, ռեկտորը պատասխանել էր. «Մենք միշտ էլ գույք գնում-թարմացնում ենք, իսկ գները չենք հրապարակի, որովհետեւ դրանք մեր ներքին խնդիրներն են»: Պետական մանկավարժական համալսարանում միլիոնների շռայլություն թույլ տալը չի կարող լինել միայն տվյալ բուհի ներքին գործը կամ ռեկտորի ներքին խնդիրը: Ա. Ղուկասյանը կարծես գործ ունի իր սեփական կալվածքի եւ ոչ թե պետական կրթօջախի հետ, որը կոչված է կատարելու սոցիալ-մշակութային գործառույթներ: Արդարացված չէ նաեւ մեխանիկայի հարցերով զբաղվող Ա. Ղուկասյանի կողմից ՀՀ գործող մանկավարժական գիտությունների թեկնածուի եւ դոկտորի գիտական աստիճաններ շնորհող միակ մասնագիտական խորհրդի նախագահի պաշտոն վարելը, քանի որ նա չունի այդ գիտխորհրդի մասնագիտական ուղղվածությանը համապատասխանող ոչ կրթություն եւ ոչ էլ գիտական աստիճան ու կոչում: Ճիշտ է, ռեկտորի ազգանունը մենք տեսնում ենք այլ հեղինակների հետ համատեղ գրված մանկավարժական բնույթի գործերի վրա, բայց դա այլ հարց է: Միանգամայն օբյեկտիվ պատճառներով, համապատասխան վճռական միջամտությամբ, Ա. Ղուկասյանը պետք է անհապաղ ազատվի վերոհիշյալ խորհրդի նախագահի պաշտոնից: Մանկավարժական համալսարանում եւ հանրապետությունում կան այդ խորհրդի նախագահի պաշտոնին արժանի բազմաթիվ մասնագետ-գիտնականներ:

Դառնալով կադրերի ընտրությանն ու նրանց տեղաբաշխմանը, նշենք, որ մանկավարժական համալսարանում բազմաթիվ են մարդիկ, ովքեր չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին: Կան դեպքեր էլ, երբ վաստակաշատ գիտության դոկտորները պարզապես հալածվում են, եթե օբյեկտիվորեն հավակնում են համապատասխան պաշտոնների, մինչդեռ ոմանք, չունենալով գիտական աստիճան եւ կոչում, Ա. Ղուկասյանի կողմից 2 անգամ ավելի շատ են վարձատրվում: Կարծում ենք, որ ժամանակն է սկզբունքային պատասխանատվության կանչել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ա. Ղուկասյանին, ում «շնորհիվ» բուհը նման պայմաններում է հայտնվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել