Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդների նախընտրական PR-ը

Մարտ 23,2007 00:00

\"\"ՀԵԿ-ը պահանջում է պետականացնել լոտոները

Երեկ Ավետիք Իսահակյանի արձանի մոտ Հայաստանի երիտասարդական կուսակցությունը (ՀԵԿ) վիճակախաղերի դեմ բողոքի ակցիա էր կազմակերպել՝ պահանջելով, որպեսզի լոտոները մասնավորից վերցնեն եւ դարձնեն պետության մենաշնորհը: Ըստ ակցիայի կազմակերպիչների, ԱՄՆ-ում եւ եվրոպական մի շարք երկրներում վիճակախաղերի բաժնետոմսերի 51%-ը պատկանում է պետությանը, իսկ Հայաստանում լոտոների բիզնեսը 100%-ով օլիգարխների ձեռքում է. «Այն եկամուտներն ու շահույթները, որոնք գնում են մի քանի օլիգարխների գրպանները, կարելի է ուղղել կենսաթոշակային հիմնադրամ, որն էլ կնպաստի թոշակների բարձրացմանը, փոխանցել Հայաստանի երիտասարդական համահայկական հիմնադրամ, որի միջոցներով էլ ուսում կստանան անապահով ընտանիքների գերազանց սովորող երեխաները, մի մասն էլ ուղղել սպորտի եւ մշակույթի զարգացմանը»:

Նկատենք, որ 5-6 տարի է՝ լոտոների բիզնեսը Հայաստանում կա, ուստի «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ է կուսակցությունը նոր միայն վիճակախաղերի դեմ ընդվզում եւ արդյոք այս ակցիան նախընտրական չէ՞, ՀԵԿ նախագահ Սարգիս Ասատրյանը պատասխանեց. «Չորս տարի է նախընտրական ժամանակում ենք գտնվում, իսկ ընտրություններից առաջ կուսակցությունը պետք է իր ընտրողներին ասի, թե խորհրդարանում ինչ է անելու: Երկու տարի առաջ ես եմ նախաձեռնել, որ մասնավոր վիճակախաղերի լիցենզիան դարձնեն 100 հազար դրամ, որեւէ մեկը չի կարող վիճել, հարցրեք ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանին, ես եմ այդ ալիքը բարձրացրել: Այն ժամանակ էի ուզում, որ պետական դարձնեն, բայց մեծ պրոբլեմների առաջ կանգնեցինք»: Ս. Ասատրյանը վստահեցրեց, որ մինչեւ ԱԺ նոր ընտրությունները՝ լոտոները պետականացնելու համար ստորագրահավաք են կազմակերպելու, այնուհետեւ դիմելու են ՀՀ նախագահին, որպեսզի նա էլ իր հերթին դիմի կառավարությանը՝ «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու համար:

Երիտասարդները գտնում էին, որ պետք է փոփոխվի նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը եւ լոտոների խաղարկության հեռարձակումը միայն Հանրային հեռուստաընկերության մենաշնորհը լինի:

ՀԵԿ-ի նախաձեռնած ակցիան սակավամարդ էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել