Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ

Մարտ 23,2007 00:00

Թեկնածուներից ոմանք հանում են իրենց թեկնածությունը, իսկ ոմանք մտածում են՝ որքան ծախսել ընտրվելու համար

Թեկնածուները պակասում են

Ինչպես երեւում է, հայաստանյան քաղաքական ուժերը, որոնք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել, առայժմ չեն շտապում իրենց համամասնական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից պահանջվող փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ-ին: Փոխարենը քաղաքական ուժերի ներկայացրած համամասնական ցուցակներում են փոփոխություններ տեղի ունենում: Օրինակ՝ թվով երեք կուսակցությունների կողմից մինչեւ մարտի 3-ը ներկայացված համամասնական ցուցակներում թեկնածուների «կորուստներ» են գրանցվել: Այսպես, ՀԵԿ-ի 22 թեկնածուներից բաղկացած համամասնական ցուցակը երեկվա դրությամբ մեկ թեկնածուով պակասել է: Նախկինում ՀԵԿ-ի ցուցակի 14-րդ տեղը զբաղեցրած ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության առաջատար մասնագետ Գառնիկ Մոմջյանն է ետ վերցրել իր առաջադրման հայտը: Միացյալ ազատական ազգային կուսակցության համամասնական ցուցակից դուրս են եկել ցուցակի 5-րդ հորիզոնականում տեղ գտած Անուշ Ավանեսյանը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի խորհրդատու, եւ 12-րդ տեղում եղած Արմեն Մարտիրոսյանը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի բնապահպանական ծրագրերի համակարգող: Ընդ որում, երկուսն էլ համամասնական ցուցակում ներկայացված էին որպես ՄԱԱԿ անդամներ՝ այն դեպքում, երբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մեկ այլ աշխատակցի՝ Արամազդ Ղալամքարյանին աշխատանքից ազատել էին քաղաքական գործունեությամբ զբաղվելու պատճառաբանությամբ:

Երկու թեկնածուի կորուստ ունի նաեւ «Դաշինք» կուսակցությունը: Երեկ այս կուսակցության համամասնական ցուցակում 47-ի փոխարեն արդեն 45 թեկնածուներ էին մնացել: Նախկինում ցուցակի 42-րդ տեղում գտնվող կուսակցության անդամ եւ ոչ մի տեղ չաշխատող արթիկցի Լիլիթ Պետոյանը եւ «Դաշինքի» անդամ, անհատ ձեռներեց Էդուարդ Սարիբեկյանը վերջին 5 տարում Հայաստանում բնակության տեղեկանք չունենալու պատճառով դուրս են մնացել ՀՀ խորհրդարանում հայտնվելու պատեհ հնարավորությունից:

Երեկվա դրությամբ եղել են նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների կողմից թեկնածության հայտերը ետ վերցնելու փաստեր: Մասնավորապես իր թեկնածությունն է հանել Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքում ՕԵԿ-ի կողմից առաջադրված եւ նույն կուսակցության անդամ Սոնյա Գեւորգյանը, Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքում առաջադրված՝ ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանն ու Գեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքում՝ «Դաշինք» կուսակցության կողմից առաջադրված անկուսակցական թեկնածու Վիկտոր Հակոբյանը:

ԲՀԿ-ի ինադու

Եթե պատգամավորության իրենց թեկնածությունը դեռ չգրանցված որոշ անհատներ սեփական կամքով կամ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը չներկայացնելու պատճառով դուրս են գալիս ընտրապայքարից, ապա ոմանք արդեն վաղուց լրջորեն մտածում են՝ որքան գումար ներդնել ՀՀ խորհրդարանում հայտնվելու համար:

Օրինակ, Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքում առաջադրված երեք թեկնածուներից գոնե 2-ը՝ ԱԺ անկուսակցական պատգամավոր Մխիթար Վարագյանն ու «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Մուշեղ Պետոյանը, ըստ մեր աղբյուրների, մրցապայքարի մեջ են մտել՝ ով որքան ավելի կծախսի ընտրություններում հաղթելու համար: Որոշ տեղեկությունների համաձայն, ԲՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով առաջադրված իր թեկնածուներից յուրաքանչյուրի համար պատրաստ է ներդնել իր լուման՝ 200 հազար դոլար: ԲՀԿ թեկնածուն մի նեղ շրջանակում ասել է, թե ինքը պատրաստ է դրան գումարել եւս 300 հազար դոլար: Ըստ մեր աղբյուրների, ի պատասխան սրա՝ Մ. Վարագյանն էլ իր թիմակիցներին հավաստիացրել է, որ եթե իր մրցակից Մ. Պետոյանը ծախսի կես միլիոն դոլար, ապա ինքը դրան կհակադրի 1,5 միլիոնը եւ կընտրվի: Կարծում ենք՝ հասկանալի է, որ այս գումարների մի զգալի մասը թեկնածուները ծախսելու են նաեւ ձայներ գնելու նպատակով: Դրա մասին են վկայում նաեւ այն տեղեկությունները, թե այս ընտրատարածքում մեկ ձայնի դիմաց խոստացված գումարի չափը հասնում է 20-25 հազար դրամի: Հիշեցնենք, որ օրենքով սահմանված կարգով թեկնածուի նախընտրական հիմնադրամը պետք է կազմի մինչեւ 5 մլն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել