Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՍԱ ՀՊԱՐՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է»

Մարտ 23,2007 00:00

\"\"Այսպես բնութագրեց Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը ԲՀԿ խորհրդի անդամ Վարդան Բոստանջյանը

«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը՝ ԲՀԿ-ի համամասնական ցուցակում իններորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Բոստանջյանը, կուսակցությունների անձնագրեր հավաքելու մասին հարցին պատասխանելով՝ հայտարարեց. «Բարգավաճ Հայաստանը» անձնագիր հավաքելու որեւէ խնդիր չունի, փաստորեն, մեծ անդամակցություն ունի եւ վճռական են բոլորը, եւ որեւէ չընդունված մեթոդ չի կիրառվել շարքերը համալրելու եւ համախոհների առումով: Մարդիկ իրենք են դիմել. սա ե՛ւ հպարտ կուսակցություն է, ե՛ւ պատվախնդիր կուսակցություն է ու հակված չէ, որ իր ձայները արհեստածին լինեն»: Հարցին՝ իսկ ինչո՞վ է հպարտ այդ կուսակցությունը, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Հենց մեզանով, համամասնական ցուցակով»: «Առավոտի» հարցը հետեւյալն էր՝ ժամանակին Գագիկ Ծառուկյանը խորհրդարան մտնելով անմիջապես հայտարարեց, որ դա իր տեղը չի եւ ինքը չի գալու կոճակ սեղմելու: Սակայն դրանից արդեն չորս տարի անց նա ձգտում է խորհրդարան՝ իր կուսակցությամբ, հիմա հասկացավ, որ սա իր տե՞ղն է: Վարդան Բոստանջյանն ասաց. «Երեւի մենք չենք կարողացել ամբողջ ընդգրկմամբ իմաստավորել այս խոսքերը»: Իր կողմից բացատրեց. «Ըստ էության, ինքը որեւէ հավակնություն չունի իշխանական բարձր դիրք գրավելու կամ գործադիրում, կամ օրենսդիրում, կամ որեւէ մեկ այլ տեղ, բայց հայ քաղաքացի է, որը իր վարքագծով, իր գործունեությամբ հակված է, որ մեր երկիրը լինի լավ, այլ խոսքերով, ինչպես ինքն է անունը դրել՝ բարգավաճ: Հիմա այդ բարգավաճության համար, այո, հնարավորություններ ունեցող մարդը ի զորու է հավաքագրել այնպիսի մարդկանց, այդ թվում՝ մեզ, որոնք իսկապես մեծապես կծառայեն այդ նպատակի իրագործմանը»: Նկատեցինք, որ շատ են հայտնի անունները, որոնք հայտարարել են ժամանակին, որ չեն ուզում այս կամ այն բարձր պաշտոնը, բայց հետո, պարզվել է՝ ուզում են: Ի պատասխան մեր այս ռեպլիկի, պարոն Բոստանջյանը պատասխանեց. «Եթե հանկարծ այդպես պատահի էլ, ես դրանում ոչ մի ողբերգություն չեմ տեսնում»:

Լրագրողներին էլ խորհուրդ տվեց «սիրով տրամադրվել» բոլորի նկատմամբ: «Առավոտը» հետաքրքրվեց՝ իսկ ԲՀԿ-ն սիրո՞վ է տրամադրված Հանրապետականի նկատմամբ, որովհետեւ ակնհայտ է, որ լուրջ ներքին կռիվ կա այս երկուսի միջեւ: Վարդան Բոստանջյանի մեկնաբանությունը սա էր. «Որպես Հայաստանի քաղաքացի ես ինչպե՞ս կարող եմ սիրով տրամադրված չլինել այն ուժի նկատմամբ, որը որոշակի ժամանակահատված իրականացրել է բազմաթիվ ծրագրեր»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք կուսակցության անդամների հայտարարված 370 հազարն էլ ձայն են տալու ԲՀԿ-ին եւ ում կամ ինչի հետեւից են գնում այդ մարդիկ: Վարդան Բոստանջյանի կարծիքով. «Որքան էլ մենք ազատական գաղափարախոսությունը տեղադրենք մեր իրականության մեջ եւ ուզենանք ձեռնամուխ լինել դրանց արմատավորմանը, այդուհանդերձ, լիդեր, առաջնորդ հասկացությունը հասարակության միջից չի կորել. այս պահին, այո, եթե սոցիալական բարդ խնդիրներ կան, որոնց լուծմամբ բավարարված չէ հասարակությունը, բնակչությունը, իրենք մտովի կարող են փնտրել այն առաջնորդին, որը իր գործունեությամբ արդեն իսկ ցույց է տալիս, որ ինքը կբարելավի այդ ամենը»:

«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է իրեն զգում Վարդան Բոստանջյանը, երբ Վիկտոր Դալլաքյանն այս պահին իր կողքին չէ, քանի որ նախորդ խորհրդարանից իրենք հայտնի են որպես օրենսդիր աշխատանքով զբաղվող իդեալական զույգ, Վարդան Բոստանջյանը ասաց՝ քանի որ իրենք իդեալական զույգ էին, ուրեմն չեն դադարել իրար սիրելուց, իսկ Վ. Դալլաքյանը ԲՀԿ-ում չէ, քանի որ, ըստ Վարդան Բոստանջյանի, հենց Դալլաքյանը դա չի ուզել:

Ասուլիսի ժամանակ պարոն Բոստանջյանը վստահություն էր հայտնել, որ մարդիկ կընտրեն ԲՀԿ-ին, մենք էլ հետաքրքրվեցինք՝ արդյոք դա չի՞ նշանակում, որ այդպիսով կընտրեն Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ հայտնի է, որ այս կուսակցությունը վերջինիս քաղաքական հենարանն է: Պատասխանեց, որ իրեն նման բան հայտնի չէ: Ձեռքի հետ էլ անուղղակիորեն գովեց Ռոբերտ Քոչարյանին. «Մենք տեսել ենք մութ ժամանակներ, ցուրտ ժամանակներ, ես խոշոր բաներ չեմ պատկերացնում ու հիմա չեմ տեսնում այդ բաները, հիմա ես տեսնում եմ, որ մեր հանրապետությունը վառելիք էր ստանում դրսից, բայց հիմա տեսնում եմ, որ մեր անկախությունը այդ կտրվածքով ուզում է փոփոխվել»: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, իսկ վատ բաների, թերությունների համար Ռոբերտ Քոչարյանը պատասխանատո՞ւ է: Վարդան Բոստանջյանը պատասխանեց, որ Հայաստանն ունի Սահմանադրություն, եւ նախագահը պետք է պաշտպանի այդ Սահմանադրությունը: «Եվ այնքանով, որքանով այդ Սահմանադրության դրույթները չեն կենսագործվում, այդքանով էլ նախագահը կարող է պատասխանատվություն կրել եւ կրում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել