Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ՝ ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ

Մարտ 22,2007 00:00

Օրերս Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը ֆրանսիական «Ակադեմիական դափնու ասպետ» շքանշանով պարգեւատրեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանին, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին եւ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսոր Արամ Բարլեզիզյանին:

Ֆրանսիայի կառավարության այս շքանշանը տրվում է 1808 թվականից, դրանով պարգեւատրվում են երկրի ազգային կրթությանը, մշակույթի զարգացմանը եւ տարածմանը նպաստող մարդիկ, ինչպես նաեւ օտարերկրացիներ եւ արտերկրում բնակվող ֆրանսիացիներ: Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանի շփումները ֆրանսիական մշակույթի եւ մենեջմենթի հետ՝ սկսվում է 1996 թվականից, երբ նա ընդունվում է աշխատանքի «ԱԿԲԱ» բանկում: Այնուհետեւ 1999թ. Ֆրանսիայում Մոնպելյեի ագրոնոմիական ազգային բարձրագույն դպրոցը եւ 2001-ին Մոնպելյեի 2 համալսարանի «Ձեռնարկությունների կառավարման ինստիտուտը» ավարտելուց հետո, 2002-ից Նավոյանն աշխատում է Ֆրանսիական համալսարանում եւ իր աշխատանքով նպաստում է հայկական եւ ֆրանսիական բարձրագույն կրթության չափորոշիչների համադրմանը, ֆրանսիական կրթական փորձառության՝ հայաստանյան պայմաններին հարմարեցմանը: Նա ներգրավված է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Եռաստիճան համակարգի եւ Որակի գնահատման եւ ապահովման համակարգի ներդրման հանձնաժողովներում, ՏԱՍԻՍ ծրագրում՝ որպես փորձագետ: Նա Քաղաքագիտական հետազոտությունների եւ ուսուցման հայկական կենտրոն հ/կ-ում ղեկավարել է նաեւ Բաց հասարակության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի կողմից ֆինանսավորված «Կրթական քաղաքականությունը եւ Lifelong Learning-ը Հայաստանում. ռազմավարության հիմնադրույթների եւ շարունակական քննարկումների ձեւակերպում», ինչպես նաեւ «Եվրասիա» հիմնադրամի հովանավորած «Հարավային Կովկասի երկրների օրենսդրությունների ներդաշնակության եւ ինտեգրման մակարդակի գնահատումը եվրոպական տարածաշրջանի բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման Լիսաբոնի 1997թ. կոնվենցիային» ծրագրերը: Արայիկ Նավոյանը «Ֆրանսիայի գիտակրթական ծրագրերի շրջանավարտների հայկական ասոցիացիայի» հիմնադիր նախագահն է:

Իր գիտելիքներն ու հարուստ փորձը Արայիկ Նավոյանը ծառայեցնում է հանրապետության կրթական համակարգին: Դրա վկայությունն է, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը հանրապետության առաջատար բուհերից է:

Թեեւ համալսարանը իր շրջանավարտներին շնորհում է միաժամանակ ֆրանսիական եւ հայկական պետական դիպլոմներ, ընդունելությունը առաջին կուրս՝ կատարվում է առանց ֆրանսերենի պարտադիր իմացության: Դիմորդները ընդունելության ժամանակ հանձնում են երեք օտար լեզուներից՝ ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, որեւէ մեկը: Սակայն առաջին երկու տարիներին ուսանողները ինտենսիվորեն սովորում են ֆրանսերեն լեզուն եւ երրորդ կուրսից դասավանդվող առարկաների 50%-ը անցնում այդ լեզվով: Ուսանողները պարտադիր ուսումնառում են անգլերեն եւ ռուսերեն, իսկ ցանկացողները՝ նաեւ ֆակուլտատիվ գերմաներեն: Համալսարանը կարեւորում է ուսանողների կապը մասնագիտական միջավայրի հետ: Տարբեր ձեռնարկություններից, դատաիրավական համակարգից լավագույն մասնագետները ներգրավվում են բուհական աշխատանքում, ուսանողների պրակտիկան կազմակերպվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում եւ արտերկրում: Այս պահին Ֆրանսիայում իր պրակտիկան է անցկացնում համալսարանի 48 ուսանող: Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների մոտ 80%-ը աշխատում է եւ այն էլ՝ մասնագիտությամբ:

Licence/Բակալավրիատում բարձրագույն կրթություն ունեցողների ինտեգրումը կատարվում է առանձին հանձնաժողովի կողմից, հաշվի առնելով ուսանողի նախորդ կրթությունը, աշխատանքային փորձը եւ ֆրանսերենի իմացությունը:

Նրանց համար, ովքեր չեն տիրապետում հայերեն կամ ֆրանսերեն լեզուներին, ուսումնառությունը համալսարանի մագիստրատուրայում կազմակերպվում է երեք տարում:

Առանձնակի հնարավորություն է ընձեռվում նաեւ Ձեռներեցության, փոքր ու միջին կազմակերպությունների կառավարում մագիստրատուրայում սովորելու, որտեղ ուսումնառությունը տեւում է մեկ տարի: Այստեղ ուսանողները ընդունվում են հստակ նախագծի առկայության դեպքում միայն՝ տարբեր ոլորտների վերաբերող: Այս տարի կան ուսանողներ, ովքեր աշխատում են առողջապահության, առեւտրային գործունեության, արտադրության, բիզնես-խորհրդատվության, տպագիր մամուլի, կրթական եւ այլ ոլորտներում:

Այն դեպքում, երբ նախագիծը առաջարկվում է կազմակերպության կողմից, վերջինս վճարում է ուսման վարձի առնվազն կեսը, ինչպես, օրինակ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի, «Կոտայք» գարեջրի գործարանի, Արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության, «Սթար» սուպերմարքեթի, «Արտալան» ՓԲԸ դեպքում է:

Այս մագիստրատուրան կարող է իրականացվել նախապատրաստական փուլով, եթե դիմորդները չեն տիրապետում ֆրանսերեն լեզվին կամ չունեն կառավարման, առեւտրի կամ տնտեսագիտության գծով բարձրագույն կրթություն: Օրինակ, SPFA եւ CASA կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում նախատեսվում է, որ նրանց ֆրանսախոս աշխատակիցները, ովքեր հիմնականում ունեն բանասիրության գծով բարձրագույն կրթություն, կանցնեն նախապատրաստական փուլը եւ այնուհետեւ կշարունակեն կրթությունը մագիստրատուրայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել