Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարի տունը՝ արգելանքի տակ

Մարտ 22,2007 00:00

\"\"«Մոլոկանների խմբի» բարի համբավը վտանգված է

Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը օրեր առաջ քննում էր Մարինա Պողոսյանի հայցն ընդդեմ շինարար Սամվել Մարտիրոսյանի: Հայցվորը դատարանին դիմելով տեղեկացրել էր, որ Աղբյուր Սերոբի 11/3 հասցեում գտնվող իր ավտոտնակը վերանորոգվել է պատասխանողի՝ շինարարի կողմից: «Մարտիրոսյանը զննելով ավտոտնակը՝ հայտնեց, որ առկա խոնավությունն առաստաղից ու պատերի վերին հատվածից է, որն ինքը կարող է վերացնել եւ ինձնից ստացավ 1500 ԱՄՆ դոլար»,- հայցադիմումում նշել էր Մ. Պողոսյանը: Ըստ վերջինիս, ավտոտնակի վերանորոգումից հետո խոնավությունը չվերացավ, որի հետեւանքով ինքը կրել է զգալի վնաս: Նա պատասխանողից պահանջում էր «իր կողմից վճարված» 1500 դոլար գումարը:

«Առավոտի» տեղեկություններով, դատաքննության փուլում արգելանք էր դրվել անգամ շինարարի՝ 15 թաղամասում գտնվող Շիրազի 12/3 տան ու դրամական միջոցների վրա:

Նույն դատարանում հակընդդեմ հայցով հանդես եկավ Սամվել Մարտիրոսյանը: Նա տեղեկացրեց, որ իր ընկերների՝ Միշա Կուդաշինի եւ Սերգեյ Սահակյանի հետ միասին տարիներ շարունակ իրականացնում են շինարարական աշխատանքներ: Այս խումբը հայտնի է «մոլոկանների խումբ» անունով, քանի որ համալրված է հիմնականում նրանցով: Ս. Մարտիրոսյանը «Առավոտին» ասաց, որ իրենք ծանոթ չեն եղել Մարինա Պողոսյանին: Նրա ամուսնու՝ Մարտին Հարությունյանի ավտոտնակում աշխատանքներ կատարելու խնդրանքով իրենց դիմել է ծանոթը՝ Ֆյոդոր Իվանիչը: Բանավոր պայմանավորվածությունը տեղի է ունեցել հայցվորի ամուսնու հետ, որը 800 դոլար գումար է տրամադրել իրենց՝ շինանյութերի ձեռքբերման համար, 700 դոլար էլ՝ երեքի կատարած աշխատանքի դիմաց: Ս. Մարտիրոսյանն ասաց նաեւ, որ ավտոտնակից բացի, շինարարներով վերանորոգել են նրանց բնակարանի մի հատվածը, ինչպես նաեւ՝ Հարությունյանի ծնողների գերեզմանները:

Ավտոտնակի արտաքին եւ ներքին վերանորոգման աշխատանքները կատարելուց հետո Մարտիրոսյանը բանալիները հանձնել է Մարտին Հարությունյանին: Հետագայում իրենց զանգել է Հարությունյանը ու հայտնել խոնավության առկայության մասին: Լինելով տեղում, հայցվորի ամուսնու ներկայությամբ պարզում են, որ խոնավությունը վերին հարկում գտնվող ավտոտնակից է, վերեւից հոսող ջրերից:

Սակայն, ըստ շինարարի, դրանից հետո սկսվում են սպառնալիքներ Հարությունյանի անչափահաս որդու եւ նրա ընկերների կողմից: Անհասկանալի հանգամանքներում, առանց փաստաթղթեր ցույց տալու, Մարտիրոսյանին տանում են Աջափնյակի ոստիկանության բաժին, ներկայացնում «քննչականի» պետին՝ ոմն Կոստյայի: Սա այն դեպքում, երբ շինարարների գործը դեռ դատարանում էր:

Մեկ այլ տեղեկությամբ էլ՝ շինարարին կանչում են Հարությունյանի տուն, փակում դռները եւ ստանում պահանջվող ստացականը: «Ստիպված, որպեսզի անշառ պրծնեմ, գրեցի ստացականը»,- ասում է պատասխանողը:

Դատարանը չլսելով որեւէ վկայի, միջնորդին, բավարարել է հայցը: Այն է՝ 1500 դոլարին համարժեք դրամական գումարը՝ այդ օրվա ՀՀ ԿԲ սահմանած կուրսով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել