Գիտության ոլորտի բարեփոխումներ անվան տակ ԳԱԱ-ն ինստիտուտներ է միավորում եւ տնօրեն նշանակում «յուրայիններին»:
ՀՀ ԳԱԱ նախագահության նիստի երեկվա օրակարգում մի քանի հարց կար, այդ թվում՝ նորաստեղծ գիտական կենտրոնների տնօրենների ընտրությունները: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը արգելում էր լրագրողների մուտքը դահլիճ: Նիստի ավարտից հետո էլ նա չէր թույլատրում լուսանկարել, հայտարարելով՝ «մասնավոր անձին իրավունք չունեք նկարել»: Իսկ ես լուսանկարում էի ոչ թե մասնավոր անձին, այլ ԳԱԱ նախագահին, այն էլ՝ ոչ թե թաքուն, այլ նիստի մասնակիցների ներկայությամբ: Այլ հարց է, որ Ռ. Մարտիրոսյանը չէր ցանկանում, որպեսզի լրագրողներն ականատես լինեին, թե ինչպես է ակադեմիկոս, միկրոբիոլոգ Էվրիկ Աֆրիկյանը անասնաբուժական գիտությունների թեկնածու Վիգեն Գոգինյանին փորձում դարձնել Միկրոբիոլոգիայի եւ մանրէների ավանդադրման գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն, երբ կոլեկտիվի համակրանքը կենսաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Հրաչյա Հովհաննիսյանի կողմն է: Կամ ԳԱԱ նախագահը, հավանաբար, չէր ուզում տեսնենք, թե ինչպես են ոմանք բոյկոտում ընտրությունները եւ իրենց թեկնածությունները հանում, որովհետեւ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի պաշտոնի հավակնորդների թվում էր վարչապետի սանիկ, ՀՀԿ-ական պատգամավոր, քիմիական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արարատ Մալխասյանը: Վերջինս ասաց, որ եթե գիտական վաստակ չունենար, չէր անցնի՝ նույնիսկ վարչապետի միջնորդության պարագայում:
Ինձ հաջողվեց ներկա գտնվել ԳԱԱ կլոր սրահում ընթացող նախագահության նիստին, որ մանկխորհուրդ էր հիշեցնում: Ամենավերջում միայն ակադեմիկոսները նկատեցին «օտարիս» եւ հրմշտելով փորձեցին ազատվել իմ ներկայությունից: «Ֆոտոապարատդ կջարդեմ»,- դռների մոտ սպառնաց ներկաներից մեկը: Միկրոբիոլոգիայի ինստիտուտի նախկին տնօրեն, այժմ խորհրդական Է. Աֆրիկյանը դասղեկի նման գովաբանում էր իր հովանավորյալ անփորձ Վ. Գոգինյանին, փորձելով հիմնավորել նրա՝ Միկրոբիոլոգիայի եւ մանրէների ավանդադրման գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի ամենաարժանի թեկնածու լինելը: Նշենք, որ վերջինս 36 տարեկան է, 2 տարի առաջ պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Թեյի սնկերի ազդեցությունը հավերի ձվադրության վրա» թեմայով: Վ. Գոգինյանը նախագահության առաջ ելույթ ունեցավ ռուսերեն, այն դեպքում, երբ ՀՀ օրենքով ՊՈԱԿ տնօրենի աշխատանքային լեզուն հայերենն է:
Միկրոբիոլոգիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Հրաչյա Հովհաննիսյանը համոզված է, որ Է. Աֆրիկյանը ուզում է անցկացնել իր դրածոյին, «որպեսզի ինքը ղեկավարի ոչ միայն ավանդադրման կենտրոնը, այլեւ Միկրոբիոլոգիայի ինստիտուտը, որը ժամանակին նրա ձեռքով է ավերվել»: Հ. Հովհաննիսյանը նախագահության նիստում շեշտեց, որ ինքը պաշտոնամոլությամբ չի տառապում, այժմ Բժշկական համալսարանի պրոֆեսոր է եւ ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան ԳԱԱ փոխնախագահը. «Այնպես որ, դառնալով տնօրեն, ես տուժում եմ: Իմ ընտանիքը դեմ է իմ որոշմանը: Ուղղակի կոլեկտիվը, ելնելով ինստիտուտի ծանր վիճակից, ցանկացել է ինձ տնօրենի պաշտոնում տեսնել»: Նա առաջարկեց, որ նախագահությունը մինչեւ Է. Աֆրիկյանի թեկնածուին տնօրեն դարձնելը՝ այցելի ինստիտուտ, տեսնի ինչ վիճակ է այնտեղ տիրում: «Եթե այդ թեկնածուին եք ընտրում, ուրեմն ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է ընկնում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ԳԱԱ նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանը այցելում էր ԳԱԱ բոլոր ստորաբաժանումները, ներկայացնում իր ծրագիրը, իսկ Ռ. Մարտիրոսյանը մեկ տարի է՝ դարձել է նախագահ ու այդպես էլ չի հավաքել կոլեկտիվներին ու չի ծանոթացրել իր ծրագրերին: «Ռադիկ Մարտիրոսյանն իր ակադեմիական աշխատաոճը չի փոխել: Երբ ռեկտոր ես, նստած՝ քո տաքուկ կաբինետում, կարող ես իմանալ՝ շենքը տա՞ք է, թե՞ ցուրտ: Ակադեմիայի նախագահը չի կարող տեղում նստած իմանալ, թե ինչ վիճակում են ԳԱԱ բոլոր ստորաբաժանումները, որոնք սփռված են ոչ միայն Երեւանում, այլեւ հանրապետությունով մեկ»,- կարծում է նա:
Ինչպես եւ սպասվում էր, Միկրոբիոլոգիայի եւ մանրէների ավանդադրման գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն դարձավ Վիգեն Գոգինյանը, Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն՝ Գագիկ Սարկիսովը, իսկ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն՝ Արարատ Մալխասյանը: