Թումանյան 19 եւ Մոսկովյան 31 հասցեների շենքերը տանիք չունեն
Փետրվարի 22-ին Թումանյան 19 հասցեում գտնվող շենքի կտուրն ամբողջությամբ այրվել էր: Քաղաքապետարանից եւ «Կենտրոն» համատիրությունից բնակիչներին մխիթարել էին, որ շատ «չնեղվեն»՝ շուտով միջոցներ կձեռնարկեն ու այրված տանիքը կվերանորոգեն: Դեպքից անցել է մեկ ամիս, սակայն մինչ օրս ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ Կենտրոնի թաղապետարանը եւ ո՛չ էլ համատիրությունը մատը մատին չեն տվել: Բնակիչները սթրեսի մեջ են, որովհետեւ անձրեւային այս սեզոնին ստիպված են տանն անձրեւանոցով ման գալ, գույքն էլ ցելոֆանապատել: Շենքի վերջին հարկի բնակիչներից մեկը՝ Գառնիկ Մուղչյանը, իր ընտանիքով հեռացել է տնից. «Այդ խոնավ պայմաններում հնարավոր չէ ապրել, կինս ու աղջիկս գնացել են տատիկի տուն: Տանն անտանելի ցուրտ է, խոնավ ու նամշահոտն էլ խեղդում է»:
Բնակիչների բողոքներին ի պատասխան՝ Կենտրոն թաղապետարանից հորդորել են որոշ ժամանակ համբերել: «Բայց ո՞նց դիմանանք, առաստաղը քանդվում է մեր գլխին, մանրահատակը թռել է, իրենք նման բնակարանում կապրեի՞ն»,- երեկ «Առավոտին» դժգոհեց Գառնիկ Մուղչյանը:
Խնդրի առնչությամբ երեկ Կենտրոնի թաղապետարանից մեզ էլ վստահեցրին, որ իրենք այդ հարցով զբաղվում են, իսկ թե այս մեկ ամսվա ընթացքում ինչո՞ւ իրենց համայնքի բնակիչներին օգնության ձեռք չեն մեկնել՝ դժվարացան պատասխանել:
Անձրեւային եղանակի պատճառով փլուզվելու վտանգի տակ են նաեւ Կենտրոն համայնքի մեկ այլ հասցեի՝ Մոսկովյան փողոցի 31 շենքի 9-րդ մուտքի բնակարանները: Բնակիչներն «Առավոտին» բողոքեցին, որ արդեն երրորդ տարին է, ինչ անձրեւաջրերը լցվում են իրենց տները. «Տանը տեղ չի մնում, որ թասերը շարենք: Ստիպված տան կահավորանքն ենք փոխում, այդ խոնավ պայմաններում չենք կարողանում քնել»: Անձրեւաջրերի՝ բնակարաններ ներթափանցելու պատճառն այն է, որ վերջին՝ 6-րդ հարկի բնակիչն իր տունը վերանորոգելու համար քանդել է նաեւ շենքի ընդհանուր տանիքն ու այդպես քանդած 3 տարի թողել: Ներկայումս այդ վերանորոգումից տուժած շենքի վերին հարկերի բնակիչները, ինչքան տաշտ ու դույլ ունեն՝ շարել են տներում եւ մուտքերում՝ կտուրից հոսող ջրի դեմն առնելու համար:
Շենքի տանիքը քանդած բնակիչը հանրապետությունում չէ: Նրա բարեկամ-հարազատներն էլ չեն ուզում պատասխանատվությունն իրենց վրա վերցնել եւ բողոքող բնակիչներին հորդորում են սպասել՝ ասելով, որ «տանտերը կգա, այդ հարցերը կլուծի»:
Այս շենքի տանիքի հետ կապված էլ Կենտրոն թաղապետարանի կոմունալ բաժնի պետ Գալուստ Սարգսյանը խոստացավ խնդրով զբաղվել: